Մտքի ուժը

Գիտական կյանքն Արցախում շրջափակումից առաջ, ընթացքում ու հետո․ «Մտքի ուժը»

Աստղադիտակ, ժամանակակից սարք–սարքավորումներ, նորաբաց լաբորատորիա․ Արցախի գիտական կենտրոնում մոտ երկու տարի առաջ բացված աստղագիտության լաբորատորիայի մասին հիշողությունները շատ են, համագործակցության պատմությունները՝ նույնպես։

Աստղադիտակը վերականգնեցին, բայց այդպես էլ չհասցրեցին տեսնել Ստեփանակերտի աստղազարդ երկինքը։ Աննա Գասպարյանը լաբորատորիայի պատասխանատուն է, երիտասարդ գիտնական։ Աննայի հիշողությունները Արցախի գիտական կյանքի մասին շատ են.

 «2021թ.-ին մեր գիտական կենտրոնի տնօրենի առաջարկով դարձա նորաբաց աստղագիտական լաբորատորիայի գիտաշխատող ու պատասխանատու։ Այդ ժամանակահատվածից էլ մեր համագործակցությունը սկսվեց Բյուրականի աստղադիտարանի հետ։ Սկզբում ամառային դպրոցներ էինք կազմակերպում, սահմանամերձ գյուղերում դասախոսություններ էին ունենում աստղադիտարանի աշխատողները։ Ամառային դպրոց նաև ուսանողների համար կազմակերպեցինք։ Արցախում ունեինք աստղադիտակ, որը չէր աշխատում, վերանորոգեցինք, բայց չհասցրեցինք անգամ մեկ դիտում կատարել»։

Երիտասարդ գիտնականների կյանքը Արցախում մի քանի փուլերի է բաժանվում ՝ մինչ պատերազմը, պատերազմից հետո, շրջափակում ու բռնի տեղահանում։ Մինչ շրջափակումը սերտ համագործակցում էին Բյուրականի աստղադիտարանի հետ։ Սեպտեմբերի 19-ից հետո անգամ չհասցրեց լաբորատորիային հրաժեշտ տալ ։ Շրջափակման ընթացքում աշխատում էին ԱՀ հայտարարված թեմատիկ ծրագրերի իրականացման մրցույթին հետևյալ թեյամով՝ Տիեզերական գերհզոր աղբյուրների՝ բլազարների բազմալիքային ուսումնասիրություններ, որը մշակման փուլում էր, բայց կիսատ մնաց։

«Շրջափակումից հետո հատուկ ոչնչով չէինք զբաղվում։ Նախ տեղաշարժվել չէինք կարողանում։ Երբ դեպքը սկսվեց, մայրս, տատիկս, փոքր եղբայրս գյուղում էին։ Գնացի նրանց մոտ, իսկ գալուց չկարողացա հրաժեշտ տալ արդեն լաբորատորիային։ Ամեն ինչ այնտեղ մնաց։ Լաբորատորիայում կար գույք, գրքեր, ունեինք փոքր ասղադիտակներ, որոնք նվիրելու էինք այն դպրոցներին, որոնք հետաքրքրված էին աստղագիտությամբ»։

Աննա Գասպարյանը բռնի տեղահանված այն եզակի գիտնականներից է, որ միանգամից անցավ աշխատանքի Բյուրականի աստղադիտարանում։ Այս դեպքում նրան օգնեց Բյուրականի աստղադիտարանի ու Արցախի գիտական կենտրոնների համագործակցությունը։ Այսօր արդեն Աննան կարող է նաև  համեմատել Արցախի ու Հայաստանի գիտական կյանքի տարբերությունները․

Աննայի համար աշխատանքային առաջին օրերը Բյուրականի աստղադիտարանում տարբերվում էին արցախյան գիտական կյանքից։ Աննա Գասպարյանը Բյուրականի աստղադիտարանում ներգրավված է մի թիմում, որտեղ աշխատում է նաև երիտասարդ գիտնական Վարդուհի Մկրտչյանը։

Գիտությամբ զբաղվելու համար կոնկրետ բնավորության գծեր են պետք՝ ասում է  արցախցի երիտասարդ գիտնականը։ Նշում է՝ այս դեպքում արդյունքներն ակնհայտ կլինեն։

Երկար ժամանակ է պահանջվում հետազոտությունների համար։ Ու գուցե նաև սա է պատճառը, որ գերիշխող է այն կարծիքը, թե գիտութունը Հայաստանում կամ չի զարգանում, կամ դանդաղ է  զարգանում։ Վարդուհի Մկրտչյանը սրա հետ համամիտ չէ։ Գիտությունն այն վայրն է, որտեղ մտնողը դժվար է դուրս գալիս։ Աննա Գասպարյանն էլ բացառություն չէ։ Արցախում գիտությամբ զբաղվել այս պահին չի կարող, բայց այստեղ կշարունակի։

Back to top button