Վերնատուն

Անկախության գաղափարը՝ մեկ շենքի օրինակով․ «Վերնատուն»

Ճարտարապետներ, «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի հիմնադիրներ Մերուժան Մինասյանն ու Նարբեհ Բեդրոսյանն ասում են, որ անկախությունը մենք մինչև օրս չենք ընկալել և չենք ընկալում, դա տեսանելի է ամենուր, օրինակ՝ թե ինչպես են հարևանները միմյանց հետ հարաբերվում։

«Ստորակետ» արվեստանոցը Երևանում Futuris Architects կազմակերպության ճարտարապետական միջազգային կոնֆերանսի շրջանակներում ներկայացրել է ճարտարապետության անցյալը, ներկան և ապագան՝ անձնական և արվեստանոցային փորձառությունից ելնելով։ Արվեստանոցի «Ստորակետ» անվանումը հենց այդ փորձառության մասին է, որը ենթադրում է շարունակություն։

«Մենք ծնվել ենք Իրանում հեղափոխությունից առաջ, մեծացել ենք այնտեղ հեղափոխությունից հետո, դրանք երկու իրար հակասող միջավայրեր էին, երբ տանը ուրիշ կարգեր են, դրսում՝ այլ։ Հայաստանի անկախությունից հետո մենք տեղափոխվեցինք Հայաստան, և այդ երկակի իրականությունն այստեղ նույնպես կար ու շարունակվում էր, մարդիկ միշտ խոսում էին խորհրդային իրականության մասին», – ասում է Մերուժան Մինասյանը։

«Շենքը մենք տեսնում ենք որպես կրթելու միջոց։ Շենքը կարող է լինել էներգիա խնայող, էներգիա արտադրող և կարող է լինել անկախ։ Անկախ շենքը կարող է խթան հանդիսանալ՝ անկախ հասարակություն դաստիարակելու համար։ Որովհետև, երբ դու խնայողաբար ես ապրում, դու կարող ես ձեռք բերել անկախություն։ Մեր տեսլականն այն է, որ օրերից մի օր ունենանք շենքեր, որոնք ոչ մի ցանցի կպած չեն և ինքնաբավ են»,- ասում է Մերուժան Մինասյանը:

Նարբեհ Բեդրոսյանն ասում է, որ այս առաջարկը նոր չէ, եվրոպական շատ երկրներ այդ խնդիրները լուծելով` նոր տնտեսություն են ստեղծում ու խթանում են նոր տնտեսության վերելքը։

«Անկախությունը սկսվում է, երբ ռեսուրսներիդ մեջ անկախ ես։ Մեր երկրում թիվ մեկ խնդիրը դա է։ Մենք մեկ շենքով ուզեցինք ստեղծել համայնք, որը այդ արժեքների կրողը կլինի և հետագայում լայն տարածում կունենա։ Ու այդ մտածողությունը կբերի տարբեր ոլորտներում անկախ մտածողություն ունենալու և ինքնուրույն լինելու գաղափարին․ երկիրը պաշտպանելուց մինչև այլ ոլորտներ», – ասում է Նարբեհ Բեդրոսյանը։

«Մենք շենքում փորձել ենք մտցնել անկախ լինելու գաղափարը, միտքը մերը չէ, բայց մենք փորձել ենք այն կիրառելի դարձնել Հայաստանում։ Շենքին նայել ոչ միայն էսթետիկայի, այլ նաև բովանդակության տեսանկյունից»։

Քաղաքաշինական միջավայրի սխալները շտկելու համար կամք է պետք և կարգապահություն։ Կարգապահությունը փոքր քայլերով դեպի հարատևություն գնալու մասին է։ Նրանք նշում են, որ քաղաքային պլանավորումը բազմավեկտորային ոլորտ է, որը կապվում է տնտեսության, մշակույթի, քաղաքականության հետ, ճարտարապետությունը միայն թղթի վրա գծելով չէ։ Ասում են` քաղաքային պլանավորումը երկարաժամկետ պետք է լինի․ քսան, հիսուն, հարյուր, տարով, այն ազգային գաղափարախոսության նման մի բան է, երբ յուրաքանչյուրը տարբեր մեկնաբանություն է անում:

Back to top button