Վերնատուն

Ֆրանսիայի նախկին դեսպանի վեպը` Կոմիտասի մասին․ «Վերնատուն»

Լույս է տեսել Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Կյունիի Կոմիտասի կենսագրությանը նվիրված «Մահ գոյություն չունի» վեպի հայերեն թարգմանությունը։

Թարգմանության հեղինակ Արմեն Բաղդասարյանը խոսում է գրքի առանձնահատկությունների, Կոմիտասի կերպարի մեր ընկալումների մասին։ Ըստ նրա, Կոմիտասի մասին գեղարվեստական անդրադարձները մեզանում քիչ են և այն, ինչ ունենք, գուցե խոսում է մարդկանց սրտի հետ, բայց ոչ մտքի, ինչը կարևոր է։

«Պատմական վավերագրության գեղարվեստական ներկայացման առաջին ստեղծագործությունն է սա՝ գրված օտար հեղինակի կողմից, որն ունի առողջ աչք, առողջ հեռավորություն է պահում նյութի նկատմամբ և որ կարևոր է՝ ազդված չէ այն կարծրատիպերից, որը մեր հասարակության մեջ առկա է, երբ Կոմիտասին դնում են պատվանդանին ու մեծարում, որպես մոնումենտ։ Կյունին Կոմիտասին ներկայացնում է իր մարդկային կողմերով՝ արժևորելով նաև իր ստեղծագործական ժառանգությունը»,- ասում է Արմեն Բաղդասարյանը։

Այս գիրքը Կյունիի առաջին գեղարվեստական երկը չէ, նա մի շարք ստեղծագործությունների հեղինակ է, այդ թվում՝ Հայաստանի մասին, որը տպագրվել է իր գրական կեղծանունով։

Արմեն Բաղդասարյանն ասում է, որ այս վեպը նախևառաջ քաղաքակրթական նշանակություն ունի, քանի որ ֆրանսախոս ընթերցողին Կոմիտասի միջոցով ներկայացնում է հայկական քաղաքակրթությունը։

Գիրքը Հայաստանը չճանաչող ֆրանսիացու համար քաղաքակրթական էքսկուրս է։ Անրի Կյունիի «Մահ գոյություն չունի» գրքի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին, ժամը 16։00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։

Back to top button