Մտքի ուժը

Ինչպես էներգետիկան ամբողջությամբ կանաչ դարձնել․ հայ գիտնականների առաջարկը․ «Մտքի ուժը»

Ինչպե՞ս ու քանի՞ կայանով է անցնում հոսանքը մինչև սպառողին հասնելը․ ճանապպարհը երկար է, բարդ ու վտանգավոր։ Բայց եթե կայանները ուսումնական նպատակով են, հետն էլ՝ իրական, վտանգը չեզոքանում է։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Շնեյդեր էլեկտրիկ-Տաշիր-ՀԷՑ-ՀԱՊՀ» Գերազանցության կենտրոնի ղեկավար Միքայել Մարտիրոսյանն անգիր գիտի՝ ինչպես է հոսանքը արտադրվում ու սպառողին հասնում։

Միքայել Մարտիրոսյան

«Վերցնենք ատոմակայանը․ ունենք ռեակտորային արտադրամաս, որտեղ ջերմություն է ստացվում։ Հետո ունենք տուրբինային հատված, որտեղ շոգու միջոցով ստանում ենք մեխանիական շարժում, հետո գեներատոր, որը հոսանքի գծերով փոխանցվում է էլեկտրական ցանցին, վերջինը՝ համայնքներին, համայնքները՝ ավելի լոկալ ենթակայաններին, հետո՝ փոքր շինությունների հարևանությամբ դրված ենթակայաններին, հետո միայն սպառողին», -ասում է Մարտիրոսյանը։  

Հայաստանում այլընտրանքային էներգետիկան, հատկապես արևայինը, վերջին շրջանում զարգանում է շատ ակտիվ։ Սա պատահական չէ․ մասնագետներն ասում են, որ Հայաստանի աշխարհագրական դիրքն է բարենպաստ։

2020թ-ին ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովը մինչև 2050թ-ի ռազմավարությունում ամրագրեց երկու խնդիր՝ լուծել գլոբալ տաքացման խնդիրներն ու էներգետիկայի կայուն զարգացման հարցերը։

Հիմնական շեշտը արևային կայանների ներդրման վրա է դրված։ Հայաստանում՝ ավելի կոնկրետ Ազգային պոլիտեխնիկական համալսարանում, «պոլիտեխնիկի էներգետիկ լուծումներ» անվանմամբ թիմ ստեղծվեց։ Խումբը գիտական հետազոտություններ է անում էներգետիկ կայուն զարգացման ուղղություններով և առաջարկում է իր լուծումները։

Որպես առաջնային ծրագիր՝ Պոլիտեխնիկում կառուցում են արևային կայաններ։ Ծրագիրը նախատեսված է բուհի սեփական կարիքներն ապահովելու համար։

Ռոմիկ Ավոյան

Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսումնական գծով տնօրենի տեղակալ Ռոմիկ Ավոյանը պատմում է.

«Ցանկացանք, որ աշխատակիցները և ուսանողները իրականացնեն արևային վահանակների նախագծեր համալսարանի սեփական կարիքների համար։ Սա հնարավորություն կտա համալսարանին որոշակի գումար տնտեսել, գումարն էլ ուղղել կրթական գործընթացի բարելավմանը։ Կատարեցինք համալսարանի ամբողջ մասնաշենքի չափագրում, որոշվեց տարեկան էլեկտրական ծախսի արժեքը։ Հաշվարկների արդյունքում հասկացանք, որ 736 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան է պետք տեղադրել։ Առաջինը Բուլղարիայի կառավարության կողմից ֆինանսավորվող 30․6 կվտ հզորությամբ կայանն է, որի նախագծումից սկսած բոլոր աշխատանքներին մասնակցեցին թիմի անդամները։ Այն արդեն իսկ տեղադրված է, շահագործվում է։ Այժմ իրականացնում ենք 100 կՎտ հզորությամբ կայանի տեղադրում երկրորդ մասնաշենքում»։

Առաջիկա մեկ տարում նախատեսվում է ամբողջ համալսարանի էլեկտրաէներգիայի կարիքներն ապահովվել արևային վահանակներով՝ դառնալով տարածաշրջանում առաջին բուհը, որն իր ամբողջ կարիքները կփակի այլընտրանքային էներգետիկայով ու այդ կայանները կկառուցվեն բուհի ուսանողական և գիտական, մասնագիտական ներուժով։

«Մենք ստանում ենք ավելի բարձր արդյունավետությամբ աշխատող արևային էլեկտրակայաններ՝ ներդնելով նորանոր տեխնոլոգիաները, մաքրման և հովացման համակարգեր։ Այդ նորանոր համակարգերի կիրառմամբ նպատակ ունենք դրանք բերել դեպի շուկա և այդպիսով գիտությունը դարձնել կիրառելի շուկայում։ Ուսանողները մասնակցում են էներգետիկական համակարգերի նախագծման աշխատանքներին»,– պատմում է Ավոյանը։

Համալսարանի գիտնականների նախագծած արևային կայանները տեղադրվում են տանիքներին։ Սա նշանակում է, որ ազատ տարածքներ չեն զբաղցենում՝ ասում է կենտրոնի ղեկավարը։ 

«Մենք չնշեցինք, որ դաշտային տարածքներն ենք օգտագործում։ Սա թույլ է տալիս մեզ օգտագործել արդեն իսկ առկա տարածքները։ Բնության վրա որևիցե ազդեցություն մենք չունենք։ 736 կՎտ հզորությամբ արևային կայանը, որը խնայում է տարեկան մոտ 1000 ՄՎտժ էներգիա, շատ մեծ արդյունք է մեզ համար՝ նաև էլեկտրաէներգիան խնայելու առումով»։  

Մոտ երկու տասնամյակ առաջ Հայաստանում նորից զարգանում էր այլընտրանքային էներգետիկան, այս անգամ թիրախում գետերն էին ու փոքր ՀէԿ-երը։

Բայց տարիները փաստեցին՝ գետերի մեծ մասում ջրերը պակասեցին, երբեմն՝ վերացան, բայց ստացվող հոսանքից ակնկալիքները գրեթե չարդարացան։

Ի՞նչ  է  լինելու այս դեպքում․ «Արևային էլեկտրակայանները մյուսների նկատմամբ առավելություն ունեն՝ նրանք կայուն են և չեն պահանջում շահագործման մեծ ծախսեր։ Նրանց հիմնական թերությունը մեկն է. ունեն 25 տարի արտադրողականություն։ Չօգտագործվող ֆոտովոլտային  վահանակների ֆոտովոլտային կիսահաղորդչային սիլիցիումի վերամշակում է կատարվում»։

Կենտրոնը ստեղծվեց էներգետիկ ոլորտի մասնագետներ պատրաստելու, վերապատրաստելու նպատակով։ ՀԷՑ-ն ու Պոլիտեխնիկը, քանի որ մասնավորում են աշխատում ոլորտի մասնագետների մեծ մասը, բուհում էլ կրթություն են ստանում էներգետիկ ոլորտի մասնագետները։ Էներգետիկայի ոլորտում սերնդափոխության հարցն ամենացավոտն է՝ արձանագրում է Միքայել Մարտիրոսյանը։

Էներգետիկան ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է։ Որքան այստեղ լուծումներն արագ ու հիմնավոր լինեն, այնքան երկիրն ավելի ամուր դիրքերում կլինի։

Ո՞րն է, ի վերջո, Հայաստանի էներգետիկ ապագան։ Միքայել Մարտիրոսյանն ընդգծում է՝ ամբողջ աշխարհում են քննարկվում՝ ատոմայի՞ն, թե այլընտրանքային էներգետիկան պետք է զարգանա։ Փո՞քր մոդուլ թե՞ մեծ․ այս հարցը նույնպես ակտիվ քննարկումների փուլում է, Հայաստանի դեպքում մինչև տարեվերջ դեռ ժամանակ կա։ Բայց գիտնականն արձանագրում է․

«Միգուցե փոքր մոդուլները մեզ ավելի ձեռնտու են՝ հաշվի առնելով մեր երկրի էներգետիկ ծախսը, բայց փոքր մոդուլն ավելի թանկ է՝ միավոր էլեկտրաէներգիայի համար շատ ենք վճարելու։ Բացի այդ, աշխարհում շահագործվող նման կայան չկա»։

Back to top button