Վերնատուն

«Եթեր»՝ մարդկային ունայնությունից վեր. «Վերնատուն»

Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում կբացվի Նարեկ Ավետիսյանի և Ֆրանսիայում արդեն երկար տարիներ բնակվող Աշոտ Աշոտի համատեղ ցուցահանդեսը, որին նրանք նախապատրաստվել են շուրջ երկու տարի։ «Եթեր» խորագրով նախագիծը ծնվել է երկու արվեստագետների փոխհարաբերությունների՝ ընկերության և համախոհության արդյունքում։

«Մենք լուռ կապի մեջ էինք իրար հետ։ Ոչ մի բան նախապես պայմանավորված չէր, ոչ մի ճիգ չենք գործադրել, սա բնական, ինքն իրեն ձևավորված պտուղ է։ Եթեր նշանակում է նաև տարածություն, որից բխում է նյութական աշխարհը և էն շերտը, որ բարձրանում է մարդկային ունայնությունից», – ասում է Աշոտ Աշոտը։

«Մենք երկու արվեստագետ ենք , որ դուրս ենք եկել տարբեր կետերից , բայց քայլում ենք նույն ուղղությամբ և մի պահ պիտի միանայինք»,- մեկնաբանում է արվեստագետը։ « Այս ցուցահանդեսի հիմքում համախոհության և էներգիաների փոխլրացման սկզբունքն է։ Էստեղ տեսողական, վիզուալ նյութը շատ կօգնի։ Եթե բառացի, խոսքով դժվար է գրավել մարդկանց արվեստը շատ լավ բանալի է»,- ասում է Նարեկ Ավետիսյանը։

Նարեկ Ավետիսյանը հայտնի է որպես վառ և կոնտրաստային գույնի արվեստագետ, այս ցուցահանդեսում, ասում է, գույները, եթե ամբողջովին չեն բացակայում, ապա չափազանց զուսպ են։ «Ինչ որ ասկետիկ բան կա, որն անշուշտ նաև արտաքին գործոններով է պայմանավորված։ Երբ քեզ շատ հնարավորություններից զրկում ես ու ավել սեղմ ես դառնում, գուցե ավելի նրբազգաց ես դառնում և գուցե ավելի ազդեցիկ ես արտահայտվում»,-  ասում է Նարեկ Ավետիսյանը։

«Յուրաքանչյուր գործողություն, ինչ արվում է, պետք է զուգորդվի հոգևոր ինքնագիտակցմանը։ Ինչու է դա պետք, որովհետև եթե մենք աղբյուրից կտրվենք, մենք կթուլանանք», – ասում է Աշոտ Աշոտը։

 Արվեստագետներ Աշոտ Աշոտի և Նարեկ Ավետիսյանի «Եթեր» խորագրով ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում կբացվի օգոստոսի 1–ին, ժամը 19․00– ին և կտևի մինչև օգոստոսի 10–ը։

Back to top button