Մտքի ուժը

Ինչպե՞ս և ինչո՞ւ թվայնացնել գյուղոլորտը․ «Մտքի ուժը»

Ստուգել հողի խոնավությունը, կառավարել գյուղաշխատանքները հեռախոսի միջոցով․ աշխարհում ընդունված պրակտիկան Հայաստանում լայն տարածում չի գտնում։

Հայկական արտադրության խոնավաչափեր կլինեն։ Սարքերը կօգնեն ոչ միայն խնայել ջուրը, կստուգեն հողի խոնավությունը, այլև գուցե ոռոգման համակարգում կառավարման որակի փոփոխություն մտցնեն։

Հայ երիտասարդները մոտ մեկ տարի է՝ խոնավաչափ ստեղծելու գործով են զբաղված։ Եվ ահա, արտադրությունից մինչև ծրագրային լուծում ու ապահովում, հայկական է։ Հասկանալ հողի խոնավությունը, ոռոգել հողը, իսկ երբ հողն էլ ջրի կարիք չունի, ավտոմատ անջատվում է. բջջային հավելվածն այսպես է գործում։ Հարություն Բոյաջյանը գաղափարի հեղինակներից է․

«Մեզ մոտ եկել էր հաճախորդ, որն այգու ոռոգման համար ավտոմատ կառավարման համակարգ էր ուզում։ Մենք դա չունեինք, բայց ես այդ պահին մտածեցի, որ պետք է այնպես անենք, որ հաճախորդը գոհ մնա»։

Ժամանակակից բոլոր տնտեսությունները թվանյացում են պահանջում։ Գյուղական տարածքների թվայնացումն անհրաժեշտություն է։ ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Գևորգ Հարությունյանն իր գիտական խմբով որոշել է հասկանալ՝ որոնք են գյուղատնտեսության ու գյուղական տարածքների թվայնացման ժամանակակից լուծումները, կան դրա՞նք, թե՞ ոչ։      

Ինչպե՞ս ներդնել նորագույն տեխնոլոգիաներ մի ոլորտում, եթե անգամ միլիարդավոր գումարների ներդրման դեպքում անկում է գրանցվում։ Գևորգն ասում է, որ թվային տեխնոլոգիաների ներդրումը ֆինանսական ահռելի լուծումներ է պահանջում։ Բայց գոնե եղած ռեսուրսը պետք է ճիշտ օգտագործել։

Էստոնիան 90-ականներին առաջին երկրներից էր, որ ընտրեց տնտեսության թվայնացումը։ Այժմ այս երկրում բոլոր գործընթացները թվայնացված են։ Դրանք կյանքն ավելի արագ, արդյունավետ, նաև վերահսկելի են դարձնում։   

Գյուղատնտեսութունը Հայաստանում ամենառիսկային ոլորտն է, այս դեպքում կարևոր չէ ավանդական, թե ինտենիսվ եղանակով են իրականացվում աշխատանքները։ Ցանկացած դեպքում հողը լաբորատոր հետազոտության տանելը պարտադիր է՝ ասում  է գիտական խմբի անդամ Մերի Մուրադյանը։

Թվային տնտեսության հիմնական ու միակ սահմանում չկա՝ ասում է Գևորգ Հարությունյանը։ Բայց և նշում է՝ համացանցը ինֆորմացիա է տալիս, այն ամենակարևորն է այժմ ամբողջ աշխարհում։ 

Գիտական այս խմբում կգնահատեն գյուղտարածքներում թվային մակարդակը։ Հայաստանում, ի դեպ, նման գնահատման մեխանիզմներ չկան՝ արձանագրում են գիտնականները։ Նշում են, որ միջազգային կառույցներում Հայաստանի մասին տվյալներ չկան։ Մեխանիզմի մշակումն այս գիտական խմբում են անում։

Ընդհանրապես հիմնական խնդիրը տեղեկատվության պակասն է՝ ասում են։ Իրենց գիտական հետազոտության հիմնական արդյունքը գյուղոլորտի թվայնացման մասին տեղեկատվություն ստանալն է։ Արված հարցումների մոտ 5%-ն է, որ թվային տեխնոլոգիաները ներդնում են գյուղոլորտում։ Հիմնական ոլորտը այգեգործությունն է՝ ինտենսիվ այգիների հիմնումը։ Բացի այդ, քիչ, բայց նաև ոռոգման կաթիլային կամ անձրևացման եղանակներ են ներդրվում։ Կարկտապաշտպան ցանցեր ու խոնավաչափեր, նույնպես ներդրել են։

Back to top button