Սփյուռքի ձայնը

Հայ ազգագրական երգը՝ կանադական բեմերում․ «Սփյուռքի ձայնը»

Երգչուհի Անահիտ Կուտսուզյանը 90-ականներին Հայաստանից տեղափոխվեց Կանադա։ Հայաստանում նա արդեն ճանաչում ուներ,  երգում էր սիրված խմբերից մեկում՝ «Ակունք» ազգագարական համույթում։ Կանադական մշակութային միջավայրը, հայկական շրջանակը երգչուհուն երգարվեստից չհեռանալու հնարավորություններ տվեցին։ Օտար երկիր, մշակույթ ու ընդունելություն։

«Ես հավատում և չեմ հավատում ճակատագրին, սակայն Կանադա տեղափոխությունն իմ կամքին ու իմ ապագայի մասին պատկերացումներին հակառակ էր:1994 թվականին ծանոթացա Հակոբ Կուտսուզյանի հետ, որը հետագայում պետք է դառնար իմ ամուսինը: Նա կանադական կառավարական ռադիոհեռուստատեսության պրոդյուսեր ու ռեժիսոր էր և առաջին անգամ եկել էր Հայաստան՝ մշակույթի մասին հաղորդումներ պատրաստելու: Եվ եգիպտահայ ամուսնուս շնորհիվ ես հայտնվեցի Կանադայում»,- նշում է Անահիտ Կուտսուզյանը:

Անահիտը հիշում է, որ այդ տարիներին նրան թե՛ Հայաստանում, թե՛ նաև Կանադայում, շատերն էին ասում դժվարությունների մասին:

«Իմ սփյուռքահայ գործընկերներից շատերն անգամ խորհուրդ էին տալիս թողնել երգն ու երաժշտությունը, քանի որ դրանցով զբաղվելու ո՛չ ժամանակ, ո՛չ էլ հնարավորություն էի ունենալու»,- ասում է երգչուհին: Անահիտ Կուտսուզյանը նաև երգերի հեղիանակ է:

«Քանի որ օտար երկրներոմ երիտասարդները տարբեր կախվածություններ ու անհարթություններ են ունենում, իսկ երգն ու երաժշտությունն ունի գիտակցությանը հասնելու հնարավորություն, ես գրեցի մի երգ, որը կյանքը գնահատելու ու սիրելու մասին է: Տարօրինակ է, որ հատկապես քիչ խնդիրներ ունեցող երկրներում են նման խնդիրների բախվում: «Տոնիր կյանքը». այսպես է կոչվում երգը, որն այսօր հնչում է կանադական ակումբներում, երաժշտական սրահներում», — ավելացնում է Անահիտ Կուտսուզյանը, որը թեև երբևէ չի ձգտել դուրս գալ կանադական շուկա:

Մեր հայրենակցուհին նաև բարեգործությամբ է զբաղվում, ինչը նրան ավելի հաճախ է բերում հայրենիք։

«Ես ունեմ իմ ստուդիան, դասավանդում եմ նաև կոնսերվատորիայում: Հենց այնտեղ էլ հաճախ խոսում եմ մեր երկրի, մեր դժվարությունների մասին: Օգնում ենք մանկատներին, վերջին պատերազմից հետո՝ նաև մեր զինվորներին:

Պատերազմից հետո ծնվեց նաև մի երգ, կոչվում է «Դրոշ եռագույն», որի խոսքերը սփյուռքահայ Հարություն Հացունունն են: Տեսահոլովակում նորից երեխաներն են, իսկ երգը պատմում է մեր պատմության ու դժվարությունների մասին: Երաժշտության հեղինակը ես եմ»,- ասում է Անահիտ Կուտսուզյանը:

Back to top button