Վերնատուն

Ներսես Շնորհալին՝ քրիստոնյա աշխարհը միավորող․ «Վերնատուն»

2023 թվականին լրանում է միջնադարի նշանավոր մտածող, բանաստեղծ, աստվածաբան ու շարականագիր Ներսես Շնորհալու մահվան 850-ամյակը, որն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» օրացույցում։

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը «Մատենագիրք Հայոց» մատենաշարի շրջանակներում առաջին անգամ հրատարակել է Շնորհալու ժառանգության ամբողջական հրատարակությունը, որը հոբելյանական տարվա կարևոր իրադարձություններից է։

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի խորհրդական, «Մատենագիրք Հայոց» մատենաշարի համակարգող, Ներսես Շնորհալու ժառանգությունը ամփոփող հատորների կազմող և խմբագիր, գրականագետ, բնագրագետ Գուրգեն Գասպարյանն ասում է, որ Շնորհալին հայ միջնադարյան հեղինակներից ամենաշատ հրատարակվածն ու ընթերցվածն է։

«Խորհրդային շրջանում Շնորհալու գործունեության մի զգալի մասը մնացել է ստվերում, հատկապես՝ Շնորհալին որպես կաթողիկոս, կրթական, եկեղեցական գործիչ, բանաստեղծ և երաժիշտ․ այս բոլոր ոլորտներում Շնորհալին ներկայացվել է մասնակիորեն, և մեր հասարակությունը նրան ճանաչում էր իր առավել հայտնի ստեղծագործություններով, աղոթքով, «Հավատով խոստովանիմ», հայտնի շարականներով, ժամերգության երգերով։

12–րդ դարում Շնորհալին հիմք դրեց մշակութային ու հոգևոր ամենակարևոր շրջանի․ Արծաթե դարը բեկումնային եղավ հայ ժողովրդի գիտակցության և ինքնության ձևավորման համար։

Խոսելով Շնորհալու արդիականության մասին՝ Գուրգեն Գասպարյանը նշում է․ «Շնորհալու արդիականությունը գուցե ինչ–որ չափով անտեսված էր, բայց Մատենադարանում կայացած միջազգային գիտաժողովը, այնուհետև Փարիզի կենտրոնակայանում կայացած գիտաժողովը ցույց տվեցին, որ Շնորհալին շատ արդիական է, որովհետև շատ ու շատ հարցեր, որ նա բարձրացրել էր 12–րդ դարում, աշխարհի քրիստոնյա եկեղեցիների համար առաջնային են, և Շնորհալու լուծումները շատ կարևորվում է նրանց կողմից»։

Գուրգեն Գասպարյանն ասում է, որ «Եկեղեցիների միավորման շարժումը» արդիական է ոչ միայն հայկական, այլ նաև համաշխարհային իրականության մեջ․ այդ շարժման հիմնադիրներից մեկը և գուցե ամենագլխավորը Ներսես Շնորհալին էր։

Նրա թղթերն՝ ուղղված Հռոմի պապին կամ Բյուզանդական կայսերը և նրա առաջարկած տեսական սկզբունքները մինչ օրս կենդանի են։

«Շնորհալին հասկացել է, որ քրիստոնյա աշխարհը պետք է միավորվի և ապագայի իր կանխատեսումով ճիշտ դուրս եկավ։ Ճիշտ է, միավորման նրա ջանքերը արդյունք չտվեցին, բայց մեր ժամանակներում էկումենիկ շարժումը մեծ թափ է ստացել, և աշխարհի քրիստոնյա ժողովուրդները ջանքեր են գործադրում միավորվելու, և այս շարժման մեջ Շնորհալու ժառանգությունը դառնում է առավել քան արդիական։ Հիմա Շնորհալու գործն ուսումնասիրում են հատկապես օտար գիտնականները, հոգևորականներն ու աստվածաբանները», – ասում է Գուրգեն Գասպարյանը։

Back to top button