Մոռացված ֆիլմերի ստվերները

Սպարապետի միակ կինոդերը. «Ձնծաղիկներ և էդելվեյսներ». «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Կինոռեժիսոր Լևոն Գրիգորյանի «Ձնծաղիկներ և էդելվեյսներ»-ը կովկասյան ժողովուրդների՝ պատերազմի արհավիրքից խուսափելու մասին պատմող եզակի ֆիլմերից է։ Սակայն այդ փաստն, անգամ, ֆիլմը մոռացումից չփրկեց։

Լևոն Գրիգորյանի դեբյուտը կայացել է Սվերդլովսկի կինոստուդիայում, հետո նա աշխատել է «Մոսֆիլմում» որտեղ նկարահանել է «Սոլո» գեղարվեստական ֆիլմը։ Դրանից հետո տեղափոխվել է «Հայֆիլմ» և էկրանավորել Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» կինոնկարը։

Մասնագիտական փորձառություն նա ձեռք է բերել դեռևս ուսանողական տարիներից, երբ մասնակցում էր «Հայֆիլմ» կինոստուդիայում ստեղծվող «Արտակարգ հանձնարարություն», հետագայում «Բարև ես եմ» և «Եռանկյունի» ֆիլմերում։ Հայ կինոյի պատմության մեջ Լևոն Գրիգորյանը մեկն է այն քչերից, որոնք մանկական ֆիլմեր էին նկարահանում։ Նրա «Աստղային ամառ» ֆիլմը մանկապատանեկան թեմայով հետաքրքիր ֆիլմերից մեկն է։

Այդ ֆիլմի էկրան բարձրանալուց մի քանի տարի անց Լևոն Գրիգորյանն աշխատում էր իր «Ձնծաղիկներ և էդելվեյսներ» կինոնկարի էկրանավորման վրա։ Այսօր արդեն մոսկվայաբնակ կինոռեժիսորը, վերհիշելով ֆիլմի նկարահանումները, նշում է, որ այն Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Կովկասյան լեռներում տեղի ունեցած հոգեբանական մի մարտի մասին ինքնատիպ գործերից է, որը նկարահանվել է իրական փաստերի հիման վրա։ Լևոն Գրիգորյանի հետ օրեր առաջ հեռախոսային կապով զրուցել ենք ««Ձնծաղիկներ և էդելվեյսներ» ֆիլմի ստեղծման մասին:

Լևոն Գրիգորյան

««Ձնծաղիկներ և էդելվեյսներ» ֆիլմը  խորհրդային կինեմատոգրաֆի եզակի ֆիլմերից է, քանի որ այն նկարահանվել է Էլբրուսի բարձունքում՝ ձյան, սառույցների մեջ: Նշեմ նաև , որ տեսարանները նկարահանվում էին առանց կոմբինատորային նկարահանման ինչը բավականին դժվար էր»,-ասում է Լևոն Գրիգորյանը:

Նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո «Ձնծաղիկներ և էդելվեյսներ» ֆիլմի նկարահանումներն սկսվեցին Գառնիի ժայռերի մոտ և շարունակվեցին Էլբրուսի բարձունքում։

Օպերատոր, լուսանկարիչ Արա Շարբաթյանը «Հայֆիլմի» երիտասարդ աշխատակիցներից էր, երբ վերադասից առաջարկ ստացավ որպես սպասարկող մեխանիկ մասնակցել կինոէքսպեդիցիային։ Տարիներ անց նա խոստովանում է, որ իր առաջին գործուղման ամեն մի վայրկյանն ու րոպեն այսօր էլ հիշում է մեծ ոգևորությամբ ու կարոտով:

Արա Շարբաթյան

«1981 թվականի հունիսին մեկենցինք Էլբրուս: Բավականին հետաքրքիր և միևնույն ժամանակ պատասխանատու աշխատանք էր: Պատասխանատու էր նրանով, որ եթե հանկարծ բարձրանալիս նկարահանող տեխնիկան վնասվեր նկարահանումները կանգ էին առնելու, իսկ դա անթույլատրելի էր: Եվ հավատացեք, ամեն անգամ բարձրանալիս, ես այնքան իմ մասին չէի մտածում, որքան տեխնիկան անվնաս տեղ հասցնելու»,-պատմում է Արա Շարբաթյանը:

Այս ֆիլմը յուրօրինակ է նաև նրանով, որ նկարահանումներին իր մասնակցությունն ու դերակատարումն է ունեցել նորանկախ Հայաստանի վարչապետ, ռազմական և քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանը։

Իր քաղաքական գործունեությունը նա պիտի սկսեր այս ֆիլմի նկարահանումից մի քանի տարի անց, իսկ մինչև այդ՝ երիտասարդ տարիքում նա երազում էր գնալ Մոսկվա, ընդունվել կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի բաժին, ֆիլմեր նկարահանել։

Այդ երազանքին զուգահեռ նրա պատմվածքները տպագրվում էին «Գրական թերթում» որոշ ժամանակ անց էլ նա աշխատանքի ընդունվեց «Գարուն» ամսագրում։ Հենց այդ ժամանակ էլ Վազգեն Սարգսյանը «Ձնծաղիկներ և էդելվեյսներ» ֆիլմում ռեժիսորի օգնականի պարտականությունները կատարելու անսպասելի հրավեր ստացավ։

«Վազգեն Սարգսյանը բնությունից  օժտված էր կազմակերպչական տաղանդով: Ես դա նկատեցի մեր հանդիպման առաջին պահից: Նկարահանումների մեկնարկից որոշ ժամանակ անց բոլոր պատասխանատու հանձնարարությունները ես իրեն էի վստահում: Նա նաև ցանկանում էր ֆիլմում էպիզոդիկ դեր ունենալ: Ես հատուկ իր համար մի փոքրիկ տեսարան հնարեցի»,-նշում է Լևոն Գրիգորյանը:

Չորս ամիս տևած նկարահանումների ավարտից հետո՝ 1982 թվականի մարտի 20-ին Երևանում, իսկ օգոստոսին Մոսկվայում տեղի ունեցավ «Ձնծաղիկներ և էդելվեյսներ» ֆիլմի պրեմիերան, որից հետո կինոնկարը մեկ անգամ ցուցադրվեց կենտրոնական հեռուստատեսության եթերում և մոռացվեց։ Լևոն Գրիգորյանն ափսոսանքով նշում է, որ մասշտաբային ու բարդ նկարահանումներով ուղեկցվող ֆիլմն այդպես էլ պատշաճ չներկայացվեց հանդիսատեսին։

«Չնայած, որ ֆիլմը նկարահանվեց հայրենասիրական ոգով՝ հանրությունը ֆիլմի գոյության մասին այդպես էլ չիմացավ: Ես դա բացատրում եմ նրանով, որ այն ժամանակվա կինոմատոգրաֆիայի տնօրենը՝ Սամսոնովը բացասական վերաբերմունք ուներ իմ անձի հանդեպ և նա ամեն կերպ  խոչընդոտում էր կինոնկարի ցուցադրմանը: Ժամանակին ես այդ ամենը ցավոտ էի ընդունում , բայց տարիների ընթացքում իմ վերաբերմունքը փոխվեց»,-չթաքցնելով ափսոսանքը նշում է Լևոն Գրիգորյանը:

Աշխատանքային նկար «Ձնծաղիկներ և էդելվեյսներ» ֆիլմից

Կովկասի պաշտպանության մասին պատմող «Ձնծաղիկներ և էդելվեյսներ» ֆիլմը  նկարահանվեց մեծ ոգևորությամբ, սակայն չկարողացավ գտնել իր հանդիսատեսին։ Կինոնկարն այսօր էլ կդիտվի մեծ լարվածությամբ, սակայն ինչպես անցյալում, այսօր, այն չի ցուցադրվում։ Ինչո՞ւ… հարցի պատասխանը ֆիլմի ծննդից ավելի քան չորս տասնամյակ անց էլ հուզում է կինոռեժիսոր Լևոն Գրիգորյանին։

Back to top button