Հաջողության նոտա

Հաջողության հասնելու համար պետք է երազել. Արմեն Ամիրյանի «Հաջողության նոտան»

Դեռ պատանի էր, բայց արդեն հայտնվել էր հեռուստատեսության և ռադիոյի մոգական աշխարհում: Թեպետ ուզում էր դերասան դառնալ, ծնողների հորդորով ընդունվեց Պոլիտեխնիկական ինստիտուտ, բայց չգնաց դասի ու ուսման հաջորդ փուլն արդեն Երևանի մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի կինոռեժիսուրայի բաժնում էր:

Հանրային Ռադիոյի նախկին տնօրեն, Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանն ասում է՝ մարդիկ միշտ սովորելու կարիք ունեն։ Նա միշտ սովորում է գործընկերներից, մարդկանցից ու նույնիսկ իր թոռներից, վստահ է՝ այն մարդը, որը դադարում է սովորել, գոյություն չունի:

Նա աշխատել է և՛ խորհրդային տարիների մեդիայում, և՛ եղել է հեռուստատեսային մտածողության հեղափոխության ջատագովներից: Երջանիկ է, որ եղել է հենց այդ տարիների հեռուստատեսությունում, աշխատել պրոֆեսիոնալների հետ, ձեռք բերել փորձառություն ու շարժվել առաջ:

Կարծում է, որ հաջողության հասնելու համար պետք է հստակ գծագրել երազանքը, այդ երազանքի մեջ ծրագրերն ու գաղափարները տեսնել, իսկ խոչընդոտները փորձառություն են, առանց որոնց անհետաքրքիր կլինի:

Ասում է՝ «մոռացեք մարդկանց, որոնք վիրավորել են ձեզ, որովհետև նրանք կխանգարեն ձեր առաջընթացին»։

Առաջնորդվում է «պետք է ապրել ոչ թե անցյալով, այլ ապագայով» սկզբունքով: Նա միշտ կարողանում է զգալ ժամանակն ու ժամանակի շունչը։

Այսօր ստեղծագործական ներուժն օգտագործում է գրքեր գրելով, թեպետ ասում է, որ դրանք զուտ կինոպատումներ են: Կարևոր է համարում մշակույթի կապիտալիզացիան, վստահ է՝ այդկերպ մեր մշակույթը ճանաչելի կդառնա աշխարհում:

Back to top button