ՀարցուԳԻՏԱփորձ

Գենը «հայու» լինո՞ւմ է․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Մեզ մոտ հայու գենը, կարծես թե, մնացել է խոտի դեզի վրա՝ Հարդագողի ճամփեքին։
Այն չի ինովացվել»։

Գենին ազգային պատկանելիություն վերագրելը մի տեսակ վեհ, գուցե նաև ազնվացնող մղում է։ Համախմբող, ազգապահպան առաքելությամբ այս ձգտումը, սակայն, կարծես անհիմն է։

«Մենք չունենք հայկական գեներ, կամ հայու գեն, նման բան գոյություն չունի, մենք բոլորս միևնույն տեսակն ենք՝ Հոմո սափիենս»։

Բարև։ «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն այսօր պարզելու է՝ գենը հայու լինո՞ւմ է։

***

Գենը՝ ժառանգակիրը, ժառանգականության տարրական միավոր է, ԴՆԹ-ի մի հատված։ Այն փոխանցվում է սերունդներին՝ նրանց տալով որոշակի հատկանիշներ։ Կենսաբանները գենի մասին երկար, հիմնավորված, փաստարկված գիտելիք կարող են տալ, պատմել՝ ինչ է կարող և ինչ չի կարող անել այն։ Բայց գենի «ուսերին» հսկայական պատասխանատվություն է դրվում՝ կատարել ազգապահպան գործառույթ, շոյել ազգային ինքնասիրությունը, մեզ բոլորից լավը դարձնել։

Արդյո՞ք գենը կարող է լուծել այս խնդիրները, իմ և ձեր, ձեր և Շառլ Ազնավուրի, Ազնավուրի և Քիմ Քարդաշյանի, Քարդաշյանի և Արտեմ Փաթափությանի գենը նո՞ւյն է, գենը «յան»-ով ավարտվող ազգանուն, ազգային ինքնություն ունի։ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Նման բան գոյություն չունի։ Մենք բոլորս միևնույն տեսակն ենք՝ Հոմո սափիենս, մարդը նույն տեսակն է, և ունի նույն գեների կազմը ինչ ցանկացած ռասայի, ցանկացած էթնոսի անհատներ։ Մեր գենային կազմով մենք բացարձակ չենք տարբերվում»։

Դավիթ Բաբիկյանին հանդիպում եմ Բժշկական գենետիկայի և առողջության ազգային կենտրոնում։ Բժիշկ-գենետիկը կենտրոնի տնօրենի առաջին տեղակալն է, գենոմային բժշկության ծառայության ղեկավարը, Բժշկական համալսարանի դոցենտ, գենին լավ ճանաչող մարդ։ Բայց «հայու» գենի հետ շփվելու առիթ չի ունեցել։ Որովհետև բժշկության մեջ այդպիսի հասկացություն չկա։ Ասում է՝ եթե մարդը հասարակության լայն շերտերի կողմից ընդունված «ազգային մտածողությանը» հակասող գործողություն է արել, ապա գենին այդ մութ պատմությանը խառնել պետք չէ․

«Եթե մենք տարբերակենք բնավորություն և վարքագիծ, խառնվածք կոչվածները, բնավորությունը և վարքագիծը ձևավորվում է անահատի կյանքի ընթացքում և սոցիալական առանձնահատկություններ են, իսկ խառնվածքը որոշ դեպքերում ունի, այսպես կոչված, ժառանգական հիմքեր։ Այսինքն՝ կան որոշակի ասոցիացիաներ, որոնք բնորոշ են ակտիվ խառնվածքի հետ և հակառակը՝ ավելի պասիվ բնութագրի հետ և մենք կարող ենք այդ տեսանկյունից գնալ ախտաբանական առանձնահատկություններին»։

Բայց ի՞նչ հեռավորության վրա է աշխատում գենը։ Մենք միայն մեր ծնողների՞, տատիկ-պապիկների՞, ընտանեկան շառավիղի՞ մազերի, աչքերի, մաշկի գույնը, խառնվածքը, որոշակի գործողություններ կատարելու հակումը կարող ենք ժառանգել, թե՞ բոլորս նույն աղբյուրից ենք և ինչ-որ հատկանիշներ բնորոշ են բոլորիս գենին։

«Եկեք հիշենք, որ մենք մեր գեները ժառանգում ենք մեր 2 տատիկներից և 2 պապիկներից։ Մենք ասում ենք՝ հայեր․ ցանկացած ազգություն հավաքական հասկացողություն է, որը բնորոշում է ավելի պատմական արժեք, ոչ թե գենետիկական։ Բայց, այնուամենայնիվ, մենք պետք է հասկանանք, որ որքան մեր նախնիները միևնույն տարածաշրջանից, փոքր արեալից ծագող մարդիկ են եղել, բնականաբար նրանց մոտ ավելի մեծ է մոտ ազգակցականության առկայությունը։

Հարաբերական ասած «մոտ ազգակցականության», որովհետև մեզ մոտ ազգակցական ամուսնությունը, բարեբախտաբար, տարածված չէ։ Բայց այս դեպքում մենք կարող ենք ասել՝ որքան մեր նախնիները ծագում են, սերում են միևնույն տարածքից, բնակավայրից, այնքան ավելի հավանական է, որ նրանց նախնիները ևս եղել են միևնույն տարածաշրջանում և կարող են լինել հեռավոր ազգականներ»։

2017-ի տարեմուտին երևանյան ֆոտոստուդիաներից մեկը ֆեյսբուքյան իր էջից առաջին անգամ լուսանկար հեռացրեց։ Լուսանկարում հայկական տարազով ընտանիք էր։ Տղամարդը՝ սևամորթ։ Հայուհին ֆեյսբուքյան անարգանքի սյունին գամվեց՝ վերջինիս հետ ամուսնանալով «հայու գենը պղծելու» համար և անեծքներից խուսափելով խնդրեց հեռացնել լուսանկարը։ Դժվար է ասել՝ հասարակության գենային գիտելիքներն էին ստիպել նման արձագանք տալ, թե խնդիրն այլ էր, բայց, բժիշկ-գենետիկն ասում է՝ գենոֆոնդի փոփոխությունը երկարաժամկետ հեռանկարում այսպես է տեղի ունենում։

«Որքանով ենք մենք՝ հայերս մեկս մյուսին մոտ առանձնահատկություններով․ բնականաբար, դրանք կարող են իրարից խիստ տարբերվել, որովհետև էթնոսը, որպես այդպիսին, հսկայական մեծ աշխարհագրական արեալ է ժամանակին զբաղեցրել և 100 տարի անց էլ լինելով սփռված և այսօր արդեն գենոֆոնդի կտրուկ փոփոխություններ ունենալ, բնականաբար այս պարագայում դրսևորում է այսպես կոչված գենետիկական տարբերակում»։

«Հայու գեն»-ը առօրյա խոսքում վաղուց դուրս է եկել իր բուն կենսաբանական կարգավիճակից և դարձել սոցիալական, պատմական, աշխարհաքաղաքական կատեգորիա։ Գենին տրվել են կոնկրետ հատկանիշներ, ասվել՝ եթե սրանցից չունես՝ «հայու» լինել չես կարող։ Բայց ազգապահպան առաքելությունից զատ գենին յուրաքանչյուր հայի էգոն մեկ այլ հայի հաջողությամբ շոյելու լիազորությունն է տրվել։

«Մենք ուրախանում ենք, երբ լսում ենք աշխարհում հայտնի ինչ-որ հայի մասին։ Այդ ներքին ինքնասեփականաշնորհելու պրոցեսը մեկ այլ մարդու, թեկուզ և հայ մարդու ինչ-որ մի նվաճում, սա շատ տգեղ և գռեհկության բան ունի իր մեջ։ Ասենք՝ ինքը երբեք չի լսել Նոբելյան մրցանակակի Փաթափությանի մասին, բայց հենց լսում է, միանգամից իր մոտ էդ քիմիան սկսում է աշխատել։ Բայց էդ քիմիայի մեջ ես մի փոքր գռեհկություն եմ տեսնում, որովհետև դա այլ մարդու, թեկուզ հայի, բայց այլ մարդու անցած ճանապարհն է, և դու կարծես վերցնում ես ու ինքդ քո համար օգտագործում ես էն նվաճումը, որ ինքը հասել է ու մի քիչ շատ ես էլի օգտագործում քո գենի վեհացման համար»։

Պատմաբան Զոհրապ Գևորգյանը վեհության դեմ ոչինչ չունի։ Բայց, ասում է՝ այն ողբերգության հասցնելու պոտենցիալ ունենալու չափ վտանգավոր է, եթե դատարկ է և սխալ թիրախավորմամբ․

«Երբ դու մարդուն անընդհատ վեհացնում ես, ասում ես՝ դու առաջին քրիստոնյան ես, նա մի տեսակ իր մոտիվացիան էլ է կորցնում իրապես քրիստոնեական կյանք վարելու։ Մարդկանց թվում է, որ իրենք քանի որ առաջինն են քրիստոնեություն ընդունել (տաղտուկ բան եմ, չէ՞, ասում), քանի որ իրեն անընդհատ ասել են, որ դու առաջինն ես, էդ առաջինի բովանդակությունն էլ, ըստ էության, չի ընկալվել»։

Կրթության վրա դրված բեռը մի փոքր էլ ծանրացնելով ասենք՝ խնդիրը, ի թիվս մի շարք այլ հանգամանքների, առաջանում է պատմության դասագրքերից, որում հայը՝ հայու գենի կրողը, վեհացվում է, հաջորդ էջում հայտնվում լծի տակ, հետո էլի վեհացվում և շղթան կրկնվում է մի քանի էջը մեկ պարբերականությամբ։ Արդյունքում մարդը չի հասկանում՝ ինչպիսինն է ինքը, ընտրում է դուրեկան որակները ու դրանք չկիսողներին «մեկուսացնում» իրենից․

«Ես հայու գենին չեմ ուզում նայել քաղքենիի դիտանկյունից։ Դա էլ մի ծայրահեղություն է, որը որ ապրում է բարձրահարկ շենքում ու իր համար բավական է պատկերացնել, որ ինքը քաղաքացի է, ու այդ հայու գենի տակ հասկանում է հետամնացություն։ Ես էս դիտանկյունից միշտ խուսափել եմ, միևնույն ժամանակ խուսափել եմ մեկ այլ դիտանկյունից, որը, որ կարծում եմ, մինչև հիմա դեռ ապրում է Տիգրան Մեծի գահակալումից մի 5 օր հետո, մի 2050 տարի դեռևս չի անցել ու մարդկանց թվում է, թե հենց երեկ Տիգրան Մեծը հաղթական ճակատամարտ տվեց հռոմեական բանակին»։

Այժմ՝ խնդիրների մասին։ Երբ բաց ենք թողնում գենի մասին ճշգրիտ ինֆորմացիա տված բժշկական հաջողված գիտափորձերը և պատմությունն ուսումնասիրողների՝ սեփական անցյալ-ներկային ռացիոնալ նայելու հորդորները ունենում ենք մի իրավիճակ, որում առանց այն էլ փոքրաթիվ ժողովուրդը իրեն սնում է հաշված մարդկանց հաջողություններով՝ համարելով, թե դրանով արդեն ինքը լավն է, իր գենը՝ գոյություն ունենալու արժանի․

«Եթե դու փոքրաթիվ ես, հետևաբար ամեն մի թիվը, ամեն մեկը պետք է դառնա բազմատեսանկյուն, ավելի ուժեղ, բազմակողմանի։ Բայց միևնույն ժամանակ նաև այդ ցինիկ ինդիվիդուալիզմի մեջ էլ չընկնի։ Մեզ մոտ մի տեսակ էդ անհատ ու համայնք հարաբերակցությունը խզված է։ Մեղմ ասած խզված է։ Շատ նորմալ է, երբ մարդիկ ուրախանում են, երբ իրենց ազգի ներկայացուցիչները հաջողություն են ունենում, խնդիրն այն է, որ նկատելի է՝ չափից շատ ենք դրան նշանակություն տալիս մեր անհատական հոգեբանությունը կառուցելու տեսանկյունից»։

Կարճ ասած՝ հայու գենը ֆետիշացնելու կարիք չկա։ Պարզապես պետք է անհատական զարգացում ունենալ՝ սեփական ինքնաբավությունը հիմնավորելու և համայնքն ավելի պինդ դարձնելու համար։

«Օրինակ՝ դասի ժամանակ խմբային աշխատանք ես անում, դու ակնհայտ տեսնում ես՝ ինչպես է մարդը իր սուբյեկտիվը դնում, համադրում մեկ ուրիշի սուբյեկտիվի հետ ու օբյեկտիվի ընկալում է ստացվում։ Դա առաջին քայլն է դասարանում, որի մասին մեր ուսուցիչները մոռանում են ու չեն համարում կարևոր բան։ Առաջին քայլն է, որով դու փորձում ես հասարակության մեջ ապրելու մշակույթ, համակեցություն ձևավորել»։

Բժշկի համար գենը հետազոտության առարկա է, պատմաբանի համար՝ «հայու գենը»՝ հասարակությանը ճանաչելու, պատմական այս կամ այն երևույթի պատճառները հասկանալու մեխանիզմ։

Հասարակության համար այն «ուրիշն արդեն հաջողել է և ես արդեն ավելի լավն եմ» մտածողությամբ անգործության մատնվելու, ինքնասիրությունը շոյելու, իրենից տարբերին մեղադրելու և/կամ ինքնակատարելագործման մոտիվացիա ստանալու գործիք է։

Հայու գենը հայոց լեզուն է, հայերեն ու հայեցի մտածողությունը, ազգապահպանությունը, ազգասիրությունը, հայկական մշակույթի կրող լինելը։ Ցանկը շարունակելի է ու փոփոխական՝ կախված ճաշակից, մարդուց ու ժամանակից։

Բայց փաստ է՝ առօրյա խոսքում տեղ գտած այս արտահայտությունը լուրջ հարցուփորձերի ու գիտափորձերի առիթ է, ինչպես այլ շատ երևույթներ, որոնց գիտական հիմքը պարզելու համար մենք կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ։

Back to top button