Վերնատուն

Արվեստը սահմանին. ապրեցնելով գյուղը, տարածքը, տունը․ «Վերնատուն»

Սահմանամերձ Վերիշեն գյուղի մշակույթի տունը 35 տարի անց կրկին վերաբացվեց՝ «Կենսարար մուտքեր. բնակեցման հյուսվածքները Խնձորեսկից Տեղ ու Վերիշեն» ցուցադրությամբ։ Հին ու ժամանակակից գորգերի ու կարպետների համադրություն, խառը տեխնիկայով արված ստեղծագործություններ, լուսանկարչություն, ճարտարապետական հետազոտություններ։

Նախագծի հեղինակ և ցուցահանդեսի համադրող Նաիրի Խաչատուրյանը ժամանակակից ստեղծագործությունները համադրել է պետական հաստատությունների ու մասնավոր հավաքածուների արխիվային նյութերի հետ։

«Աշխարհաքաղաքական փխրուն իրադրության պայմաններում տեսողական արվեստի ու ճարտարապետության բնագավառի ներկայացուցիչները հանգրվանեցին Հայաստանի հարավային խաչմերուկում՝ ստեղծագործության համատեքստին մերձենալու և քննարկելու այն զգայուն հարցը, թե ինչպես ենք մենք բնակեցնում վայրը, տարածքը, տունը»,– ասում է համադրողը։

Վերիշեն համայնքի և Գորիս քաղաքի հարակից գյուղերի գորգագործ կանայք վեց ամսվա ընթացքում հյուսել են արվեստագետ Դավիթ Քոչունցի «Համարձակ Խնձորեսկ» ժամանակակից գորգերի և կարպետների հավաքածուն։ 9 նմուշից կազմված հավաքածուն արվեստագետի հայրենի գյուղի՝ Հին Խնձորեսկի գորգագործության ավանդույթների ժամանակակից մեկնաբանությունն է։

«Որպես նկարիչ գորգերի դիզայն անելու առաջին փորձառությունս էր։ Գորգը կոմունիկացիայի ամենալավ միջոցն է․ բրդից մինչև թելի ներկում, գորգագործություն։ Ինձ համար կարևոր էր աշխատել արվեստանոցից ու երևանյան ցուցասրահներից դուրս և զարգացնել այն մոտեցումը, որ «արվեստը պետք է դուրս հանել տաճարից և տալ հասարակությանը», ես ուզում էի, որ գորգերի միջոցով հենց դա լիներ», – ասում է Դավիթ Քոչունցը։

Փիրուզա Խալափյանը «4plus» վավերագրական լուսանկարչական կենտրոնի անդամ է։ 2021 թվականին, պատերազմից հետո Սյունիքում իրականացնում էր կենտրոնի հետպատերազմական մի նախագիծ։

«Ես որոշեցի նկարել Սյունիքի այն հատվածները, որոնք ամենամոտն են նոր սահմաններին։ Սյունիքը վարակեց ինձ, և նախագիծն ինձ համար շարունակվեց, դարձավ կախվածություն։ Դա օգնում էր ինձ հասկանալ, թե ինչ է կատարվում։ Ապրելով Երևանում՝ ինչքան հաճախ ենք մենք մտածում սահմանի մասին, ով է կանգնած սահմանին և ով է ապրում սահմանի վրա։ Իրականում մենք այդ մասին տեղեկություն չունենք։ Այս նախագծի ամբողջ գաղափարը տարածքների բնակեցումն է՝ գյուղի տեղի, տան։ Ի՞նչ է այն նշանակում, և ի՞նչ ենք մենք մեր կողմից տանում այնտեղ», – ասում է Փիրուզա Խալափյանը։

Ցուցադրության արդյունքում հրատարակվել է ցուցադրությունը ներկայացնող երկլեզու գիրք։ Ցուցադրությունը սահմանամերձ Վերիշեն գյուղի մշակույթի տանը կշարունակվի մինչև օգոստոսի 3–ը։

Back to top button