ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Պատասխանատվությունն իրար վրա գցելը փոխշահավետ է Երևանի ու Մոսկվայի համար․ փորձագետ

ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինն անդրադարձել է տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանում ԵՄ դիտորդների ներկայությանն ու 2020թ նոյեմբերի 9-ի հայտարարությանը հասնելու ռուսական կողմի դերակատարմանը վերաբերող հարցերին։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը չի օգտագործում։ Փորձագետները Գալուզինի այս անդրադարձի տողատակերում ռուսական մեղքերը Հայաստանի վրա բարդելու միտում են տեսնում։

Մոսկվան միշտ է շեշտել, որ չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, սակայն ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինի անդրադարձը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությանն ու հայ-ադրբեջանական հակամարտության հարցերը «3+3» հարթությունում կարգավորելու ձգտումների մասին նպատակ ունի պատասխանատվությունը դնել Հայաստնի վրա։ Վերլուծելով Գալուզինի հայտարարությունները` «Ռադիոլուրին» այսպիսի պարզաբանումներ է տվել քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը․

«Մոսկվան միշտ շեշտել է, որ չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը և պարբերաբար ասել է, որ խոսքը երկրների սուվերենության ներքո ճանապարհների ապաշրջափակման մասին է։ Այսինքնքն այս իմաստով, Գալուզինի արտահայտություններում նոր բան չկա։ Նոր է այն շեշտադրումը, որ Երևանը, ըստ նրա, սառեցրել է փոխվարչապետների մակարդակում աշխատանքը։ Կարծում եմ՝ այստեղ խորքային առումով խնդիրն ավելի բարդ է։ Իմ գնահատմամբ` Ռուսաստանը շահագրգռված չէ շարունակել այդ աշխատանքը, քանի որ տեսնում է դրա հեռանկարի բարդությունը»։

Բարդ է իրավիճակը, քանի որ Բաքուն պահանջում է միջանցքային տրամաբանությամբ ապաշրջափակում, և Թուրքիայի ու Ադրբեջանի ձգտումն է կապ ունենալ Հայաստանի միջոցով։ Այսինքն հաղորդակցություն առանց որևէ երրորդ կողմի վերահսկողության` հստակեցնում է վերլուծաբանը։

Նման պայմաններում, ըստ Բադալյանի, Ռուսաստանը ձգտում է ավելորդ պատասխանատվություն չստանձնել ճանապարհների ապաշրջափակման համար ու բավարարվել իրավիճակի ռազմավարական վերահսկողությամբ։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը NEWS.ru-ին տված հարցազրույցում հստակեցնում է, որ Մոսկվան չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը և կողմնակից է ոչ թե կոնկրետ երթուղու ստեղծմանը, այլ Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակմանը։ Գալուզինը շեշտում է, որ 2021-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը՝ երեք երկրների փոխվարչապետների նախագահությամբ, հենց այս ուղղությամբ էր աշխատում, և 2023-ի հունիսին հաջողվել էր որոշակի փոխհամաձայնության հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցում: Բայց այդ գործընթացը, ըստ ռուս դիվանագետի, կանգ է առել, բայց ոչ Ռուսաստանի մեղքով։

ՌԴ փոխարտգործնախարարը մեղադրանքի սլաքներն ուղղել է դեպի Արևմուտք և հայտարարել, որ արևմտյան երկրների ճնշման ներքո է Երևանը սառեցրել այդ եռակողմ համագործակցությունը։ Սակայն տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար, ըստ Գալուզինի, անհրաժեշտ է այդ ուղղությամբ վերսկսել աշխատանքները։

«Ռուսաստանը փորձում է իր քաղաքականության պատասխանատվությունը դնել Երևանի վրա, և այստեղ մենք ցավոք ունենք փոխադարձ իրավիճակ՝ Երևանն էլ իր քաղաքականության հետևանքների պատասխանատվությունն է փորձում դնել Ռուսաստանի վրա։ Այսօրվա աշխարհաքաղքական իրադրության պայմաններում սա երկուստեք բավարարող խաղ է, որ փորձում են շարունակել Մոսկվան ու Երևանը տակտիկական մակարդակում։ Տեսնում ենք, օրինակ, որ Ռուսաստանը առանց դիմադրության հրաժարվեց սահմանային կետերից։ Ներկայումս չունենալով շատ մեծ ռեսուրսներ առաջնային դերով խաղալու Կովկասում` Ռուսաստանը փորձում է տակտիկապես խաղալ, այսպես ասած՝ երկրորդ համարով, և բավարարվել ռազմավարական վերահսկողությամբ»,- ասում է Բադալյանը։

ՌԴ փոխարտգործնախարարը մտահոգիչ է համարել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը ու դրա թվաքանակի կրկնակի ավելացումը։ Գալուզինն այն որակել է ԵՄ հիբրիդային պատերազմի գործիք, քանի որ գաղտնիության տարր է նկատելի և հաշվետվողականության բացակայություն կա։ ԵՄ առաքելությանը նա հակառուսական քարոզչություն տարածելու մեղադրանք է ներկայացրել և առաքելությանը հակաադրբեջանական և հակաիրանական բնույթ վերագրել։

Քաղաքական փորձագետ Արմեն Վարդանյան․ «Իրենք խանդով են վերաբերվում ԵՄ դիտրորդների տեղակայմանը, իրենք խանդով են վերաբերվում Արևմուտքի դիրքերի ուժեղացմանը այս տարածաշրջանում, անընդհատ փորձում են տեղեկատվական արշավ ձեռնարկել ԵՄ առաքելության դեմ և, ամենավատը մեզ համար այն է, որ Իրանին են փորձում տրամադրել ԵՄ դիտորդների դեմ, և երբեմն դա ստացվում է իրենց մոտ։ Մենք գիտենք, որ Իրանի համար սա շատ զգայում թեմա է, իր հյուսիսային սահմաններին մոտ՝ Հայաստանում կարող է արևմտյան ռազմական ներկայություն լինել ժամանակի ընթացքում, և անընդհատ դիտորդների թեման բարձրացնում է»։

Հարավային Կովկասի բարգավաճման բանալին, ըստ Գալուզինի, «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակում հարցերի լուծում փնտրելն է, բանակցություններ վարելը և արտատարածաշրջանային ուժերի աշխարհաքաղաքական թելադրանքին հակազդելը։

«Ամբողջ նպատակն այն է, որ Արևմուտքին դուրս մղեն տարածաշրջանից և Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը այս տարածաշրջանի հարց լուծողները լինեն»։

Ի սկզբանե նախատեսվում էր, որ «3+3» ձևաչափով պետք է քննարկվեն տարածաշրջանային հարցերը` Ռուսաստաի, Թուրքիայի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի մասնակցությամբ։ Բայց Թբիլիսին հենց սկզբից հրաժարվեց այս հարթակի հետ համագործակցելուց։   

Back to top button