ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

ՎԶԵԲ-ի ֆինանսավորումն այս տարի աննախադեպ կլինի․ տարեկան ժողովը շարունակվում է

Երևանում այսօր իր աշխատանքներն է շարունակել վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի  33-րդ տարեկան ժողովը և բիզնես ֆորումը։ Դրա շրջանակում  տեղի է ունեցել  «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքի վրա հիմնված տնտեսություն» խորագրով ներդրումային քննարկումը։ 

ՎԶԵԲ-ը ՀՀ-ում խոշոր ներդրողներից է, մասնակցել է 200-ից ավելի ծրագրերի ֆինանսավորմանը՝ ասել է հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախորդ տարիներին կառույցը Հայաստանում կատարել է ավելի քան երկու միլիարդ եվրոյի ներդրում, որից 80%-ը՝ մասնավոր հատվածում։ Բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոն հայտարարել է, որ ՎԶԵԲ-ը  ներդրումների աննախադեպ ծավալ է նախատեսում  նաև 2024 թվականի համար՝  մինչև 500 միլիոն եվրո։

Հայաստանը փորձում է տեղորոշվել աշխարհի տնտեսական քարտեզի վրա՝ հիմնովին նոր, գիտելիքահեն միջավայրի ձևավորման  միջոցով՝ ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի շրջանակում տեղի ունեցող «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքի վրա հիմնված տնտեսություն» խորագրով քննարկման ժամանակ արձանագրում է Հայաստանի Հանրապետության նախագահը:

«Լինելով արևմուտքի, արևելքի, հյուսիսի և հարավի երկրները կապող եզակի դիրք ունեցող ռազմավարական տարածաշրջանում, մենք նաև կարևորում ենք տարածաշրջաում երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը, որի կարևոր նախապայմաններից են տարածաշրջանում հակամարտությունների հաղթահարումն ու հանգուցալուծումը։ Այս համատեքստում կարևորում ենք նաև Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը։ Նաև գտնում ենք, որ խոշոր ենթակառուցավծաքային ծրագրերը Հարավային Կովկասի տարածաշրջանում կարող են լուրջ համախմբող ու ինետգրող գործոն հանդիսանալ տարածաշրջանի երկրների համար»։

ՎԶԵԲ-ը նախորդ տարիների ընթացքում Հայաստանում ավելի քան երկու միլիարդ եվրոյի ներդրում է կատարել․ միայն վերջին հինգ տարիների ընթացքում ներդրվել է մոտ 640 մլն եվրո, որից 80%-ը՝ մասնավոր հատվածում՝ հայտարարեց  երակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասսոն։ Նրա խոսքով՝ ներդրումների մեծ ծավալ է նախատեսվում նաև 2024-ին։

«Միայն 2024 թվականի համար մենք կանխատեսում ենք ներդրումների աննախադեպ ծավալ՝ մինչև 500 միլիոն եվրո, և դա կլինի պատմական մակարդակ այս երկրում մեր ներդրումների համար։ Սա մեր ամուր համագործակցության արտացոլումն է, ինչպես երկրի պետական, այնպես էլ մասնավոր հատվածի հետ»,— ասաց նա:

ՎԶԵԲ-ը Հայաստանում մասնակցել է 200-ից ավելի ծրագրերի ֆինանսավորմանը, պորտֆելի 80 տոկոսից ավելին ուղղվել է  մասնավոր հատվածին։ Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջև կնքված  վարկային համաձայնագրով  236 մլն եվրոյի վարկ կտրամադրվի՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի Քաջարան-Սիսիան ճանապարհի կառուցման համար։ Նախագծի ընդհանուր արժեքը մոտ 373 մլն եվրո է։ Նոր ճանապարհը բաժանվելու է հյուսիսային, հարավային եւ կենտրոնական հատվածների։

Վարկային միջոցները ծախսվելու են հարավային հատվածի կառուցման վրա։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հստակեցնում է՝   ճանապարհը կկրճատի Քաջարանից Սիսիան տարածությունը՝ 118 կիլոմետրից հասցնելով 60-ի, իսկ միջին արագությունը կմեծանա՝ 50-ից հասնելով ժամում 100 կիլոմետրի։

«Մյուս կողմից ճանապարհը կկառուցվի բարձր ստանդարտներով, հարմարավետության ու անվտանգության տեսանկոյւնից այլ ստանդարտներ կունենա։ Նաև սա կբերի տնտեսական, տուրիստական, որպես տարանցիկ ուղի օգտագործելու բազմաթիվ առավելություններ ու հնարավորություններ։ Մենք գործընկերների հետ քննարկելով պայմանականորեն 60 կմ  երեք մասի ենք բաժանել՝ պայմանականորեն անվանելով հյուսիսային (27 կմ ), Բարգուշատի թունել (8․6 կմ, որը կառուցելով կլինի Հայաստանի ամենամեծ թունելը), հարավային»։

Հարավային մասի համար անհրաժեշտ է 370 մլն եվրո, 236 մլն եվրոն կտրամադրի ՎԶԵԲ-ը, մնացած գումարը կառավարությունը կհայթայթի՝ համագործակցելով այլ դոնոր կազմակերպությունների հետ։ Երեք հատվածների՝ հարավի, հյուսիսի ու Բարգուշատի թունելի համար անհրաժեշտ է ավելի քան 700 մլն եվրո։

«Կարող ենք ասել, որ բոլոր հատվածներում կա ակտիվ պրոցես։ Ավելի հարավում՝ Քաջարանից Ագարակ, շինարար ունենք, շինարարության նախապատրաստամն փուլում ենք։ Հայտարարել ենք Քաջարանի թունելի տեխնիկան   հսկողության մրցույթը, շինարարության մրցույթը առաջիկայում կհայտարարենք»։

ՎԶԵԲ-ի հետ առաջիկա օրերին ևս ութ վարկային համաձայնագիր կկնքվի՝ տարբեր ոլորտներին վերաբերող։ ՎԶԵԲ-ի նախագահի խոսքով՝ Հայաստանում Բանկի գործունեության հենասյուներն են տեղեկատվական տեխնոլոգիաները, ֆինանսական հատվածի ճկունությունը, բիզնես միջավայրը, կանաչ հավակնությունները և տարածաշրջանային հավաքականությունը:  

Back to top button