ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Մայիսի 15-ը՝ հայ-ադրբեջանական համատեղ առաջին արձանագրության ստորագրման վերջնաժամկետ

Տավուշի բնակիչները համոզված են, որ Ազատամուտ գյուղից դեպի ադրբեջանական Ղազախ տանող հատվածում այսօր տեղի է ունեցել երկու երկրների պաշտոնյաների հանդիպում։ Առավոտյան տեղացիները դեպի Ադրբեջանի սահման գնացող պետական մեքենաներ են տեսել։ Այդ մասին տեղեկություններ և նկարներ են տարածվել համացանցում։ Տավուշի բնակիչները ենթադրել են, որ հանդիպումը կապված է այն վերջնաժամկետի՝ մայիսի 15-ի հետ, որը դրվել էր սահմանազատված հատվածների վերաբերյալ  արձանագրություն ստորագրելու համար։  

Լուրը, սակայն, պաշտոնապես առայժմ չի հաստատվել, նման հանդիպման մասին նախապես չեն հայտարարել նաև Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի՝ Մհերի Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գրասենյակները։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման աշխատանքներով զբաղվող հանձնաժողովները չտեղավորվեցին իրենց իսկ սահմանած առաջին ժամկետում։ Փոխվարչապնետեր Գրիգորյանն ու Մուստաֆաևը ապրիլի 19-ի հանդիպման հայտարարության երկրորդ կետով հաստատել էին, որ մինչև մայիսի 15-ը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Տավուշի մարզում 4 ուղղությամբ սահմանազատման համապատասխան արձանագրություն-նկարագրությունը։ Այն պետք է կազմվեր՝ տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումները հաշվի առնելով։

Տավուշի հատվածում սահմանազատումը 90 տոկոսով ավարտելուց հետո աշխատանքներն ընդհատվեցին, երբ կողմերը հասան տեղանքի զգայուն կետերին՝  գյուղ տանող կամուրջ, դպրոց ու մասնավոր տներ։ Կիրանցի հատվածում նախատեսվում է սահմանային 12 կետ։ Այս պահի դրությամբ դրանցից 8-ը որոշված են, 3-ի հարցում  դեռ պետք է լուծումներ գտնվեն։ Տավուշից ընտրված ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը հստակեցնում է․

«Որոշակի ժամանակով սառեցվել էր, որ բնակիչների կողմից ներկայացված սեփականության վկայականները համեմատվեն դրվող սահմանակետերի հետ։ Գյուղապետը գոհունակություն չի հայտնել, հայտնել է, որ սահմանը ոնց որ եղել, ոնց որ գծվում է, այդպես էլ գնում է։ Երևան քաղաքում էլ երկու հարևանի կադաստրի վկայան եթե համեմատեն, շեղումներ կլինեն։ Եվ սահմանում էլ հնարավոր է այդպիսի փոքր շեղումներ լինեն։ Սահմանագիծը քարտեզի վրա երբ տեղադրում ենք տեղանքում, մինչև 100-120 մետր լայնության շերտ է կազմում»։

Այս պահի դրությամբ գործընթացին վերաբերող բազմաթիվ հարցականներ կան։ Մոտավորապես 40 սահմանային սյուն էր տեղադրվել մինչև աշխատանքների ժամանակավոր սառեցումը, բայց թե հայ-ադրբեջանական սահմանի քանի կիլոմետրն է սահմանազատված, չի հաղորդվում։ Չեն ներկայացվել նաև այն քարտեզները, որոնք աշխատանքի հիմքում են, չի մանրամասնվել, թե ովքեր են ստորագրելու սահմանազատված հատվածների արձանագրություն-նկարագրությունները։ Հայտնի չէ նաև, թե քանի մարդու սեփականություն է հայտնվում սահմանազատվող տարածքներում։ Այս հարցերը չպարզեց նաև «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը, որի երևանյան ակցիաների պահանջները դուրս եկան սահմանազատման շրջանակից՝ ստանալով ավելի լայն բնույթ։  

Տավուշում սահմանազատման արդյունքում առաջացող խնդիրների առնչությամբ իր վերջին ասուլիսում վարչապետ Փաշինյանը վստահեցնում էր․

«Սահմանազատման հանձնաժողովը վերցրել է բոլոր սեփականության վկայագրերը, որոնք կան։ Հանրվում են բոլոր հիմքերը և այդ հատվածում առավել մանրամասն է դիտարկվելու։ Այդտեղ արդեն սանտիմետրի ճշգրտությամբ աշխատանք պետք է արվի և պետք է քաղաքացիների շահերը հաշվի առնվեն»։

Մինչդեռ «Հայաքվե» նախաձեռնության անդամները վստահ չեն, որ սահմանազատման գործընթացում հաշվի են առնվելու քաղաքացիների շահերը։ Գլխավոր դատախազություն կոլեկտիվ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի դեմ, Քրեական օրենսգրքի 441 հոդվածով՝ «Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու» հատկանիշներով։  

«Հայաքվե»-ից Ավետիք Չալաբյանը հիմնավորում է իրենց քայլը․ «Մինչև չկա ընդհանուր միջպետական պայմանագիր, որով հաստատվում է որոշակի խաղաղություն և համակեցության կանոններ երկու երկրների միջև, սկզբունքներ սահմանագծման, որոնք ընդհանուր են երկու կողմի համար էլ, հնարավոր չէ իրկանացնել սահմանազատում սահմանի մի առանձին վերցված հատվածում։ Դա ուղղակի ապօրինի է։ Ի դեպ, որևէ վերջնաժամկետ սահմանելու իրավասություն այդ հանձնաժողովը ևս չունի։ Այդ վերջնաժամկետները և այլն կարող են լինել միայն միջազգային պայմանագրի մեջ։ Իրականում, տուժողները մենք բոլորս ենք, որովհետև, օրինակ, միջպետական ճանապարհ ենք կորցնում, բայց այն մարդիկ, որոնք նաև կադաստրի թղթով հաստատված սեփականություն ունեն այդ տարածքներում նրանք, բնականաբար, համար մեկ տուժողներն են»։  

Սահմանների փոփոխության հարցում ընդդիմադիրներն այլ ընթացակարգի կողմնակից են՝ նախ փաստաթղթերի մշակում, որոնք պետք է հաստատվեն ՍԴ-ում և վավերացվեն ԱԺ-ում, ապա ընդունվեն հանրաքվեի միջոցով։

Մինչև ապրիլի 19-ը՝ իր պաշտոնակցի հետ հանդիպումը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նույնպես  այլ ընթացակարգերի մասին էր խոսում ԱԺ-ում։

«Առաջին փուլում քննարկեցինք և հաստատեցինք աշխատանկարգը, որով նկարագրեցինք մեր շփումների արդյունքների ամփոփման և կազմակերպման ձևը։ Հաստատեցինք երկու կառավարություններով։ Այս փուլում մենք քննարկում ենք համատեղ գործունեության կանոնակարգը, որը շատ ավելի շատ մեթոդական նկարագրություն է պարունակելու և երբ մենք այդ աշխատանքները ավարտին հասցնենք, երկու երկիրն էլ տվյալ փաստաթղթի նախագիծը կդնի ներպետական շրջանառության մեջ՝ կախված նկարագրությունից, թե ինչ կնկարագրվի, ինչ կոնսենսուսի կգանք։ Ըստ այդմ այդ փաստաթղթուղթը կշջանառվի, ամենայն հավանականությամբ, որպես օրենքի նախագիծ»։  

Հայաստանի փոխվարչապետի այս ընթացակարգը նույնպես ներառված է ապրիլի 19-ի հայտարարությունում, բայց արդեն երկրորդ ժամկետով՝ Տավուշում սահմանազատման տարածքների արձանագրություն-նկարագրության ստորագրումից հետո։ Համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները նախատեսված է ավելտել մինչև հուլիսի 1-ը և սկսել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը։

Ի դեպ, ԵԱՀԿ-ն ունի մշակած մի ձեռնարկ, որն առնչվում է պետական սահմանների սահմանազատմանն ու սահմանագծման խնդիրներին։ 152 էջանոց ձեռնարկի 3.6 կետում, մասնավորապես, նշվում է․

«Նախապատրաստական ​​ընթացակարգերն ավարտելուց հետո սկսվում են բանակցությունները: Երբեմն, աշխատանքն արագ ավարտին հասցնելու նպատակով, համատեղ հանձնաժողովները որդեգրում են, այսպես ասենք,  «հեծելազորային հարձակման» քաղաքականությունը՝ սկսելով իրավիճակը համեմատել քարտեզների հետ։ Սկզբում աշխատանքը հաջողությամբ առաջ է շարժվում՝ մինչև առաջին խնդրահարույց տարածքին հասնելը: Եվ պարզվում է, որ այդ տարածքները այնքան շատ են, որ առանց մտածված, համակարգված մոտեցման հնարավոր չէ լուծել ոչ մի կոնկրետ իրավիճակ։ Ուստի առաջին հերթին պատվիրակությունները պետք է համաձայնեցնեն ընդհանուր սկզբունքներն ու կանոնները»։

Ձեռնարկում որպես օրինակ ներկայացված է Լատվիայի և Լիտվայի միջև սահմանազատման և սահմանագծման փորձը։ Այդ օրինակով ներկայացվում է անհաղթահարելի խնդիրների լուծման դեպքում Արբիտրաժային կոմիտե դիմելու հնարավորությունը։ Արբիտրաժով կայացված որոշումը այլևս վիճարկման ենթակա չէ։

Ձեռնարկում նշվում է, որ քաղաքական կամքի առկայության պայմաններում երկրների միջև սահմանազատումն ու սահմանագծումը կարող է տևել 10-12 տարի՝ ներառելով «գետնի վրա» աշխատանքն ու օրենսդրական վավերացումները։

Կարդացեք նաև

Back to top button