Ամերիկյան հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրենը մի առիթով ասել է՝ եթե 1700-ականներին լիներ Ֆեյսբուք սոցիալական ցանցը, գուցե բժիշկները չկարողանային արմատախիլ անել «Բնական ծաղիկ» սուր վարակիչ հիվանդությունը՝ մեջբերում է «Հերացի» վերլուծական կենտրոնի տնօրեն Մերի Տեր-Ստեփանյանը։
Առաջին անգամ պատվաստանյութ կիրառվել է 1796-ին «Բնական ծաղիկ» հիվանդության դեմ։ Վերջին երեք պատվաստանյութերը աշխարհում ստղեծվել ու կիրառվել են վերջերս, ինչի առիթով էլ «Հերացի» վերլուծական կենտրոնը Բժշկական համալսարանում համաժողով էր կազմակերպել։
«3 նոր պատվաստանյութ կա աշխարհում, որոնք ներդրվել են 3 վարակիչ հիվանդությունների դեմ՝ մալարիա, դենգե և ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուս, երեքն էլ սպասված պատվաստանյութեր էին, և արդեն մոտ 2-3 տարվա փորձ կա, ռեսպիրատոր-սինցիտիալ անցյալ տարի է ներդրվել, մալարիայի երկրորդ պատվաստանյութը անցյալ տարի է ներդրվել։ Սա նորագույն պատվաստանյութերի վերաբերյալ բուժաշխատողների իրազեկվածության ու արդյունավետության բարձրացման մասին է, որը որոշ դեպքերում արդեն իսկ ապացուցվել է, նաև քննարկելու ենք մեր հիվանդանոցներում առկա խնդիրները»,- ասում է Կենտրոնի տնօրեն, համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր Ստեփանյանը։
Հայաստանում այս պահին նշված պատվաստանյութերը չկան, որովհետև չկա պահանջարկ, սակայն հայ մասնագետները եվրոպայում ծանոթացել են նոր պատվաստանյութերին, զրուցել դրանք ստեղծողների ու կիրառողների հետ։ Համաժողովին մասնակցում են նաև առողջապական այլ ոլորտների ներկայացուցիչներ։ Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ Վրեժ Շահրամանյանը ասում է՝ այս միջոցառմամբ նաև ցանկանում են կոտրել պատվաստումների մասին միֆերն ու առասպելները։ Փաստերով է հիմնավորում՝ ժամանակին պատվաստվելու դեպքում կարելի է խուսափել սեռական առողջության բազմաթիվ խնդիրներից, այդ թվում ՝ անպտղությունից․
«Հաշվի առնելով, որ խնդիր ունենք անպտղության հետ, պատվաստանյութերը, հատկապես, օրինակ, այն դեպքերում, երբ գործ ունենք կանանց անպտղության հետ, ապացուցված է, որ ժամանակին պատվաստվելու պարագայում և նաև գրագետ պաշտպանված սեռական կյանք վարելու պարագայում, մենք միայն կնվազեցնենք անպտղության ցուցանիշը»։
Հաշվի առնելով հանգամանքը, որ երիտասարդների շրջանում ավելի շատ են տարածվում սեռավարակները, Շահրամանյանը համաժողովին ներակայացնում է դրանց հայտնաբերման ու կանխարգելման մեթոդները։ Նաև ընդգծում է՝ ժամանակակից թվային աշխարհում պետք է մշակել բժշկական ու հատկապես սեռական կյանքին վերաբերվող թեմաների մասին հասարակության հետ ճիշտ հաղորդակցվելու ռազմավարություն, գտնել պարզ, մատչելի ձևով խնդիրն ու լուծումը բացատրելու տարբերակը։ Նա նկատում է՝ սոցիալական ցանցերում շատացել են այն օգտատերերը, որոնք չունեն բժշկական կրթություն, բայց խոսում են առողջապահության մասին․
«Չունենալով բժշկական կրթություն, չունենալով անհրաժեշտ գիտելիքներ, պատրաստվածություն, իրավունք են վերապահում կարծիքներ արտահայտել, որոնք կարող են վտանգավոր լինել»։
«Հերացի» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայի ղեկավար Սոնա Տերմենջյանն էլ ներկայացնում է պատվաստանյութերի հակացուցումները։ Հատկապես հիմա, երբ շատացել են կարմրուկով հիվանդացության դեպքերը, պետք է հստակ իմանանք, թե որոնք են պատվաստումների հակացուցումները՝ ասում է Տերմենջյանը․
«Իհարկե, հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր կարող են լինել, և սովորաբար դրանք բարդ դեպքեր չեն, դրանք սպասելի դեպքեր են և հետագայում հակացուցում չեն հանդիսնում հետագա դեղաչափեր ստանալու համար, բավականին հազվադեպ լինում են լուրջ անբարեհաջող դեպքեր, որոնց դեպքում մոտեցումը այլ է, ուսումնասիրում ենք խնդիրը, հասկանում ենք, փորձում ենք գտնել պատճառահետևանքային կապը պատվաստման, և տվյալ իրավիճակի հետ, որովհետև շատ հաճախ դա թերի տեղեկացվածության արդյունքում է լինում, երբ պատվաստում կատարելուց հետո, որոշ ժամանակի ընթացքում, ի հայտ է գալիս ինչ-որ իրավիճակ, առողջական մի խնդիր, և միանգամից մարդիկ փորձում են անդրադառնալ պատվաստմանը և կապել պատվաստմա հետ»։
Անդրադառնալով պատվաստանյութերի նկատմաբ հասարակության որոշ շերտերի անվստահությանը, Տերմենջյանն ասում է՝ հաճախ դրա առաջին օղակն ու մեղավորները բժիշկներն են․
«Ցավոք ունենք բուժաշխատողներ, ովքեր դեռևս դեմ են խոսում պատվաստումներին այն դեպքում, երբ այդ խոսակցությունների հիմքում գիտական որևէ հիմնավորում չկա, մենք խնդիրը լուծել պետք է սկսենք մեզնից»։
Մասնագետները նկատում են՝ 2021-ից, երբ Հայաստանում մեծացավ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի կիրառումը, հանրության մի մասը հրաժարվեց պատվաստվելուց մինչ օրս, ոմանք էլ ավելի զգոնացան և ցանկացած վարակիչ հիվանդության դեպքում դիմում են մասնագետներին։