Մոռացված ֆիլմերի ստվերները

Աղասի Այվազյնաի «թուլությունն» ու հասուն տարիքում իրականացված երազանքը. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Արձակագիր, դրամատուրգ Աղասի Այվազյանի սցենարներով «Հայֆիլմում» նկարահանվել են արժեքավոր կինոնկարներ, սակայն ընդգծված հեղինակային վառ անհատականությունը վաղ թե ուշ պիտի ստիպեր, որ Այվազյանն ինքը ֆիլմեր նկարահաներ։

Արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ, ռեժիսոր և գեղանկարիչ Աղասի Այվազյանը օժտված էր տաղանդներով։ Բազմաշերտ, հետաքրքիր շրջադարձերով, ասելիքի խորությամբ աչքի ընկնող նրա գրական ստեղծագործություններն ապրել սովորեցնող մի մեծ ճանապարհ են։ Աղասի Այվազյանն իր սկզբունքային, պայքարող, ազնիվ տեսակով յուրօրինակ կենսագրություն է թողել նաև հայկական կինոյի տարեգրության մեջ։

1981 թվականին կատարվեց նրա վաղեմի երազանքը, նկարահանեց իր ֆիլմը՝ «Լիրիկական երթը»։ Գրականագետ Անի Փաշայանը երկար տարիներ զբաղվում է Աղասի Այվազյանի ստեղծագործությունների ուսումնասիրությամբ և իրավացիորեն նշում է, որ հասուն տարիքում նկարելով իր անդրանիկ ֆիլմը, Աղասի Այվազյանը միանգամից նոր հայտ ներկայացրեց՝ բարձրացնելով մեր կինոարվեստը նոր մակարդակի:

Անի Փաշայան

«Աղասի Այվազյանը ստեղծեց բազմաձայն ֆիլմ, որտեղ տեղավորեց իր բոլոր մտայնություններն ու կարևոր եզրահանգումները: Կինոնկարում կարողացավ ճշգրտորեն պատկերել տվյալ ժամանակըաշրջանը, մարդկանց հոգեբանությունը, քաղաքական անցուդարձը և այլն»,-ասում է Անի Փաշայանը։

«Լիրիկական երթ» ֆիլմի էկրան բարձրանալուց երկու տարի անց Աղասի Այվազյանը   նկարահանեց գծանկարիչ Վանո Խոջաբեկյանի անսովոր ճակատագրի մասին պատմող «Վառած լապտեր» կինոնկարը։ Կինոգետ Սիրանույշ Գալստյանի բնորոշմամբ՝ «Վառած լապտեր» ֆիլմը ճաշակով, յուրօրինակ կինոմտածողությամբ ստեղծված կտավ է։ Այն Բեռլինի կինոփառատոնում արժանացավ Ֆիպրեսի՝ կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակին։ 

Սիրանույշ Գալստյան

«1983 թվականին ֆիլմը հայտնվում է Բեռլինի միջազգային կինոփառատոնում և անմիջապես գնահատվում մասնագիտական ժյուրիի կողմից` արժանանալով Ֆիպրեսի՝ կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակին: Սա զարմանալի փաստ է, որի մասին շատ չի բարձրաձայնվել»,- նշում է Սիրանույշ Գալստյանը

«Վառած լապտեր»

Բեռլինի կինոփառատոնում Ֆիպրեսի՝ կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակին արժանացած «Վառած լապտեր» կինոնկարը էկրան բարձրանալուց հետո ցուցադրվեց հեռուստատեսությամբ, կինոթատրոններում, եվրոպական մի շարք երկրներում` ամենուրեք արժանանալով բարձր գնահատականի։

Բայց արի ու տես, որ Վանո Խոջաբեկյանի մասին պատմող «Վառած լապտեր» ֆիլմի, ու ընդհանրապես` տաղանդավոր գծանկարչի մասին քչերը գիտեն։ Ֆիլմը կարծես կրկնեց Վանո Խոջաբեկյանի ճակատագիրը։ Հիացրեց օտարներին` անտարբեր թողնելով յուրայիններին, իսկ որոշ ժամանակ անց` նաև մոռացվեց։

«Մեզանից երեքը» ֆիլմ-ժողովածուն նկարահանվեց անցյալ դարի 80-ականների երկրորդ կեսին՝ ավելի ստույգ 1986 թավակնին՝ «Հայֆիլմում»։ Այն բաղկացած է երեք առանձին նովելներից՝«Խաբկանք», «Խոսք», «Գործողություն»։

Ֆիլմը նկարահանվում էր արձակագիր, դրամատուրգ Աղասի Այվազյանի պատմվածքների հիման վրա, որոնք գրողը ժամանակի ընթացքում վերածեց կինոսցենարի և կինոռեժիսորներ Դմիտրի Կեսայանցին ու Գենադի Մելքոնյանին առաջարկեց մասնակցել այս ֆիլմ- ժողովածուի ստեղծմանը։

Ռեժիսորական հետաքրքիր ձեռագրով նկարահանված շարքի երրորդ՝ 38 րոպե տևողությամբ «Գործողություն» ֆիլմի նկարահանումը ստանձնում է ինքը՝ նովելների հեղինակ Աղասի Այվազյանը։

«Մեզանից երեքը»

Գլխավոր հերոսի դերում հանդես է գալիս երիտասարդ դերասան Գրիգոր Կարագյոզյանը։ Նա նշում է, որ այս կարճամետրաժ ֆիլմը մտավորականի յուրօրինակ ճիչն էր խորհուրդների երկրում տիրող տոտալ վերահսկողության դեմ։

Գրիգոր Կարագյոզյան

«Ֆիլմի հերոսի նախատիպը Աղասի Այվազյանն է։ Մարդ, որը հայտնվել է խորհրդային իրականության մեջ, որտեղից ելք չկա. խոսքի ազատություն չկա, քաղաքական ազատություն չկա, բռնապետական տոտալիտար երկիր, որտեղից հերոսը չի կարողանում դուրս գալ»,- ասում է Գրիգոր Կարագյոզյանը։

«Մեզանից երեքը» ֆիլմ-ժողովածուն անտեսվեց խորհրդային ժամանակներում։ Խորհրդային երկրի փլուզումից հետո էլ նրա կարգավիճակը չփոխվեց։ Խորհրդային գաղափարախոսությանը հակասող ֆիլմի ցուցադրությունը նորանկախ Հայաստանում այլևս համարվում էր ոչ կոմերցիոն։

Ակնհայտ է, որ դեռ անդրոպովյան ժամանակաշրջանում գրված այս ֆիլմ-ժողովածուի սցենարներն ու հատկապես վերջին՝ «Գործողություն» կարճամետրաժն ասելիքով հակասում էր խորհրդային գաղափարախոսությանը, ասում է Գրիգոր Կարագյոզյանը՝ դրանով բացատրելով, որ պրեմիերայից հետո ժապավենը հայտնվեց «Հայֆիլմ»-ի դարակներում։

Աղասի Այվազյան գրողի ձեռքը մշտապես ժամանակի զարկերակին էր, որպես կինոռեժիսոր էլ նա նույն համարձակությամբ և համառությամբ փորձում էր ժամանակի պատկերը խարազանող ֆիլմեր նկարահանել։ Թեև խանգարող հանգամանքները շատ-շատ էին, այնուամենայնիվ, նրան հաջողվեց ստեղծել իր կինոն, իր զգացողությունների պատումները։

Back to top button