Գերդաստաններ

«Գարուն». նկարիչ Հովհաննես Զարդարյանի այցեքարտը․ «Գերդաստաններ»

Նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ Հովհաննես Զարդարյանի աշխատանքներն աչքի են ընկնում յուրահատուկ գեղանկարչական ոճով, զարմանալի լայնածավալությամբ, աշխարհը՝ բազմահնչուն գույներով։ Բրյուսելյան համաշխարհային ցուցահանդեսում արծաթե մեդալի արժանացած նրա «Գարուն» աշխատանքը ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում։

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու դիմացի տներից մեկում բնակվում էր Մկրտիչը, որը զբաղվում էր մրգի մեծածախ առևտրով, և քաղաքում նրան շատերն էին ճանաչում: 1915 թվականի ցեղասպանության ժամանակ նրան և ընտանիքին մտերիմ թուրք ընկերները չեն մատնում։ Արդեն ծնվել էր Մկրտիչի որդիներից կրտսերը՝ Հովհաննեսը, երբ ընտանիքը գաղթում է Թիֆլիս։ 14-ամյա պատանի էր Հովհաննեսը, երբ որոշեց Թիֆլիսից մեկնել Երևան և բնակվել մորաքրոջ տանը։

Հովհաննես Զարդարյանի նախնիներից ոչ ոք չի նկարել, և ընդհանրապես արվեստագետներ չեն եղել նրանք։ Նկարիչների գերդաստանի պատմությունը սկսվել է հենց նրանից։

1933 թվականին Հովհաննեսը ընդունվում է Երևանի գեղարվեստի ուսումնարան և իր ուսումնառությունը սկսում Սեդրակ Առաքելյանի արվեստանոցում։ Անսահման սերը նկարչության նկատմամբ շատ ազատամիտ և անկաշկանդ երիտասարդին միանգամից տանում է մեծ արվեստի ճանապարհով։ 1937-41 թվականներին նա սովորում է Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայում, իսկ հետոէ Սանկտ Պետերբուրգի Ռեպինի անվան քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ Այստեղ է, որ նա ծանոթանում է Մարիամ Չուբարյանի հետ, որը հանրահայտ քանդակագործ Ղուկաս Չուբարյանի դուստրն է։

Ուսումն ավարտելուց հետո նկարիչը վերադառնում է ու աշխատանքի անցնում Երևանի գեղարվեստի ակադեմիայում, սկսում կրթել գեղանկարիչների մի հիանալի սերունդ։ Այդ տարիներին՝ 1946-50-ական թվականներին, ծնվում է նրա շատ հետաքրքիր աշխատանքը՝ «Գարունը», որը Բրյուսելի էքսպոյում արժանանում է մրցանակի և այնուհետև նամականիշի տեսքով միլիոնավոր տպաքանակով տարածվում աշխարհով մեկ՝ որպես Զարդարյանի այցեքարտ։

Անահիտ Զարդարյան

Խոսելով նրա «Գարուն»-ի մասին՝ նկարիչ հոր նկարիչ դուստրը՝ Անահիտ Զարդարյանը պատմում է, որ այս աշխատանքի բնորդուհին եղել է հենց այն մորաքրոջ աղջիկը, որի տանն ապրել է երիտասարդ Հովհաննեսը։

Շուտով ծնվեցին մեր մեծերին ներկայացնող դիմանկարները, Գառնիի, Տաթևի, Արագածի բնապատկերները, որոնք գրավիչ էին հենց առաջին հայացքից։ Այս մեծ մտահորիզոնով և փիլիսոփայական խորը ըմբռնումով օժտված նկարիչը միշտ ձգտում էր մենակ լինել, ստեղծագործելիս որոնել գեղատեսիլ մի անկյուն։

Հենց այդ որոնումների ժամանակ հանրահայտ աստղագետ, ակադեմիկոս Գրիգոր Գյուրզադյանը նրան խորհուրդ է տալիս ընտրել Բյուրականը և աշխատել ոչ միայն բնության, այլև աստղերի ընկերակցությամբ։

Բյուրականում «ծնվում է» Զարդարյանի «Ձգտում» կտավը, որն ունի գեղեցիկ  նախապատմություն՝ կապված հռչակավոր աստղագետ Վիկտոր Համբարձումյանին նվիրած ազատություն տենչող եղնիկի հետ՝ հիշում է Անահիտը։

Անահիտը պատմում է, որ հայրը չէր սիրում ուղղորդել, ցուցումներ ու խորհուրդներ տալ, քանի որ նրա կարծիքով՝ արվեստագետին պետք է ազատ թողնել իր աշխարհի, իր գույների, իր մտորումների հետ։ Միակ աշխատանքը, որ հայր ու դուստր կատարել են միասին, Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումներն են։

Մարթա Այվազյան

Նկարչի թոռնուհին՝ նկարչուհի Մարթա Այվազյանը, բազմաթիվ ցուցահանդեսների  մասնակից է։ Նա հիշում է՝ ինչպես առաջին անգամ պապիկի սեղանից վերցրեց ներկերը և սկսեց դրանցով նախշեր անել նկարչի կտավների հետևի պատին։

Մարթայի եղբայրը՝ Արեգ Այվազյանը, նույնպես տաղանդավոր նկարիչ-դիզայներ է, եղբոր ինքնատիպ աշխատանքներով հետաքրքրված են շատերը՝ պատմում է Մարթան։

Հանրահայտ նկարիչ Գրիգոր Խանջյանը Հովհաննես Զարդարյանի մասին ասում էր. «Ես նրան չեմ աշակերտել, բայց համարում եմ ինձ նրա աշակերտը, որովհետև միայն Հովհաննես Զարդարյանի ստեղծած կոմպոզիցիաներն են, որ մեզ մղում էին այդ ուղղությամբ աշխատելու։ Հովհաննես  Զարդարյանը կա և կմնա մեր կերպարվեստի մեծ վարպետը»։ 

Back to top button