Երկրորդ շնչառություն

Այենգար` յոգա տարեցների համար. երբեք ուշ չէ սկսելը․ «Երկրորդ շնչառություն»

Յոգայով կանոնավոր և համակարգված զբաղվելու պարագայում դրական փոփոխությունները նկատելի են դառնում անմիջապես: «Յոգան կանոնակարգում է մարդու նյարդային համակարգը, նպաստում է նյութափոխանականության և արյան շրջանառության, մկանային շարժունակության բարելավմանը»,-ասում է յոգայի միջազգային որակավորում ունեցող մարզիչ Լենա Դավթյանը՝ բացատրելով, որ յոգայի մաս կազմող շնչառական վարժությունները բնական դեղահաբ են՝ միտված սթրեսի թեթևացմանը, օրվա լարվածության թուլացմանը:

Տիկին Լյուդայի տարիքի մասին հարցը երկու անգամ էլ մնաց անպատասխան: Նա թոշակի անցնելուց հետո սկսել է ինտենսիվ զբաղվել յոգայով արդեն 10 տարի:

«Ես 20 տարի աշխատել եմ ռուսական դպրոցում, 20 տարի՝ հայկական: Շատ էի սիրում իմ աշխատանքը, դեռ այդ տարիներից սկսեցի հաճախել մարզասրահ, իսկ երբ թոշակի անցա մոտս մի ահավոր վիճակ էր, թե ինչ եմ անելու, ինչով եմ զբաղվելու, մտածում էի, թե կմեռնեմ երևի: Բայց երկրորդ շնչառություն վերցրեցի, հասկացա, որ կյանքում նոր փուլ է սկսվում, և ես պետք է ապրեմ ուրիշ կյանքով՝ ամեն օրս դարձնելով ուրախ, հագեցած»,- պատմում է 76-ամյա Լյուդա Կարապետյանը:

Հիմա ամեն աշխատանքային օր տիկին Լյուդան սկսում է մարզասրահից, լողը, ակվաաէրոբիկան, սթրեչինգը, յոգան օգնում են նրան լինել լավատես, առողջ, այստեղ նա նաև նոր ընկերներ է ձեռք բերել և մարզասրահը համարում է իր երկրորդ ընտանիքը:

«Մտնելով մարզասրահ, տեսնելով ընկերներիս, մարզիչներիս ու հատկապես երիտասարդներին՝ հասկանում եմ, որ ես էլ եմ ջահել: Սա է իմ ապրելակերպը հիմա և իմ երիտասարդության ու գեղեցկության բանաձևը: Կյանքիս այս նոր փուլն ավելի լավն է, քան նախորդը»,- ասում է նա:

Լենան բացատրում է, որ յոգայի «հաթհա» ուղղությունը կիրառելի է բոլորի համար անկախ տարիքից ու սեռից, բայց կա նաև հատուկ տարեցների համար նախատեսված «Այենգար» տեսակը, որը մեծահասակների համար մշակված վարժանքների համադրություն է:

«Տարեցների համար վարժությունների թե՛ ռիթմը, թե՛ տեսակը, թե՛ վարժությունների և ճկումների բնույթը պետք է փոխվեն: Առանձնացնում ենք այն վարժությունները, որոնց դեպքում կան հակացուցումներ, որ հավանական է ճնշումը կբարձրացնեն: Բացի դրանից, դասի ժամանակ օգնության են հասնում հատուկ օժանդակ միջոցներ՝ բլոկներ, պարաններ, բարձեր»,-բացատրում է նա՝ ավելացնելով, որ ցանկալի է սկսել յոգայով զբաղվելը հնարավորինս վաղ, որ օրգանիզմի սովորությունները որոշակիորեն հղկվեն:

«Իսկ եթե մարդը 70-80-ում որոշում է զբաղվել յոգայով, ցանկալի է սկսել 15 րոպեից և անպայման մասնագետի հսկողությամբ»,-ասում է նա՝ տեղեկացնելով, որ այսօր իր սաների միջին տարիքը 55 է, իսկ ամենատարեց մասնակիցը 82 տարեկան է:

Լենա Դավթյանը, կիսելով Ինդոնեզիա կատարած իր այցի տպավորությունները, նշում է, որ մարդիկ այնտեղ վաղ էին արթնանում և շուտ քնում՝ դրանով ավելի ներդաշնակ լինելով բնության հետ, հետևելով բնության օրենքներին: Նա պատմում է, որ տարեցները, որպես կանոն, հեծանիվով ու մոտոյով են երթևեկում, իսկ հետևում նստողները կարողանում են առանց բռնվելու ընթացքի ժամանակ պահել մարմնի հավասարակշռությունը, ինչը տարեցների պարագայում իսկապես տպավորիչ է:

Ըստ նրա՝ արևելքում տարեցներն էներգիայով լեցուն են, ժպտերես, շփվելու պատրաստակամությամբ կատակում է զրուցակիցս: Մասնագետը խորհուրդ է տալիս բոլորին, անկախ տարիքից, որդեգրել առողջ ապրելակերպն ու հաճախել բնակության վայրին ամենամոտ գտնվող այգի կամ յոգայի խմբակը: Տիկին Լյուդայի ընտանիքը խրախուսում է նրա հոբբին:

«Թեև ամուսինս բողոքում է, որ ես ամեն օր առավոտյան գնում եմ տնից, բայց նա լավ գիտի, որ եթե չգնամ, ավելի վատ կլինի: Եթե իմ էներգիան չսպառեմ, ամենավատ վիճակում ինքն է հայտնվելու»,-կատակում է նա: Տարեկիցներին տիկին Լյուդան խորհուրդ է տալիս տանը չմնալ, դուրս գալ, շփվել, մարզվել թեկուզ բակի մարզասարքերով, ակտիվ կյանքով զբաղվել: Երիտասարդ մնալու գաղտնիքը, ըստ նրա, կյանքը սիրելն է և սեփական անձի համար ապրելու և վայելելու ցանկությունը:

Կարդացեք նաև

Back to top button