Հաղորդման հյուրն այն բացառիկ անհատականություններից է, ով բացի դաշնակահար լինելուց, նաև զբաղվում է կազմակեպչական կարևոր գործով՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսերն է, ինչպես նաև «Արտ կոնցեպտ» միջազգային ասոցացիայի համահիմնադիրներից մեկը:
Շատ լավ պատկերացնում է Հայաստանում և՜ կատարողական արվեստի խնդիրները, և՜ արվեստի համերգային ընթացքները կազմակերպելու և համակարգելու մեխանիզմները, ինչպես նաև՝ դիտարկում է այդ ամենը միջազգային համագործակցության համատեքստում:
«Իհարկե, տուժում է կատարողական արվեստը, ես դաշնակահար եմ և իմ ժամանակի մեծ մասը ստիպված եմ տրամադրել կազմակերպչական խնդիրների լուծումներին, բայց միևնույն է, հասցնում եմ պարբերաբար հանդես գալ որպես դաշնակահար՝ թե՜ ելույթներով տարբեր համերգային ծրագրերում, թե՜ որպես մենակատար՝ ներկայացնելով ամբողջական ծրագրեր»,- ասում է Արմեն Մանասյանը:
Հայկական ֆիլհարմոնիան, ի դեմս նրա ղեկավար Արտյոմ Նաղդյանի, վերջին տարիներին ցուցաբերում է նոր աշխատանքային ոճ, ինչի արդյունքն են ամենօրյա համերգային ռեժիմը և լեփլեցուն դահլիճները:
Ինչպես նշում է հաղորդման հյուրը, Նաղդյանին հաջողվել է համախմբել երիտասարդ և շատ գործունյա թիմ, որը պատշաճ մակարդակով լուծում է բոլոր խնդիրները՝ կապված համերգային ընթացքը կազմակերպելու հետ՝ գրաֆիկական դիզայնից և գրագետ գովազդից՝ սկսած ընդհուպ մինչև բեմի տեխնիկական հագեցվածությունը՝ լույսը և հնչյունային համակարգերը: Բացի այդ, յուրաքանչյուր միջոցառում ձայնա և տեսագրվում է՝ արխիվացվելով, ինչը առավել կարևոր է, այդ բոլոր նպատակներին ծառայում որ ո՜չ միայն համերգային դահլիճը, այլ նաև երկու ճեմասրահները, որոնք հաճախ վերածվում են ցուցասրահների և նույնիսկ նկուղային հարկը, որտեղ կանոնավոր կերպով անցկացվում են բազմաբնույթ միջոցառումներ՝ համերգներ, քննարկումներ, շնորհանդեսներ, փառատոներ:
Այնպիսի տպավորություն է, որ Առնո Բաբաջանյան համերգասրահի յուրաքանչյուր քառակուսի մետրը ծառայեցված է արվեստին, ինչը հնարավորություն է տալիս ընդգրկել հսկայական կատարողական դիապազոն՝ ակադեմիական երաժշտությունից մինչև փորձարարական էլեկտրոնային երաժշտություն, ասմունք և գրական քննարկումներ:
«Նաև մեծ նշանակություն ենք տալիս աշխարհում անվանի երաժիշտների համերգների անցկացմանը մեր դահլիճում և, զուգահեռաբար, վարպետաց դասերի կազմակերպմանը Հայաստանի մարզերում: Մեր այդ մոտեցումը լավ արձագանք գտավ ԿԳՄՍ նախարարության կողմից և այսօր գործում է որպես ծրագրային գործառույթ»,- շարունակում է հյուրը:
Ասվածի ամենավառ ապացույցը աշխարհահռչակ վիրտուոզ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովի հյուրախաղերն էին Հայաստանում և վիրտուոզ ջազային կիթառահար Եվգենի Պոբոժիի քառյակի համերգները վերջին շաբաթների ընթացքում:
Սրանց հաջորդելու են Մարկո Շեվարլիչի, Մարկոս Շտոքհաուզենի և Վենսան Ռուայեյի հյուրախաղերը և վարպետաց դասերը Հայաստանում: Նաև շատ կարևոր է, որ հայկական ֆիլհարմոնիան մեծ նշանակություն և տեղ է տալիս անհատ կատարողների՝ ազատ դաշտի արվեստագետների և խմբերի ներկայությանը Առնո Բաբաջանյան դահլիճի բեմում («Կադանս» անսամբլ, Լյուսի Խանյան տրիո, Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» գրքի շնորհանդեսի գրական-երաժշտական երեկո և այլն):
Սա պրոդյուսերական գործունեության կարևորագույն ուղղություններից է, որը շահեկանորեն առանձնացնում է Ֆիլհարմոնիայի արտիստիկ մենեջմենթը մնացած բոլոր պետական հաստատություններից:
Երրորդ միջազգային գործառույթը, որի մասին խոսեցինք զրույցի ընթացքում, վերաբերվում է «Արտ կոնցեպտ» ասոցացիայի աշխատանքներին, ինչի լավագույն օրինակը վերջերս կայացած երգչախմբային մրցույթի կազմակերպումն էր, որին մասնակցեցին մի շարք ժամանակակից կոմպոզիտորներ և երգչախմբեր:
Հաղորդման ընթացքում հնչում են Հայֆիլհարմոնիայի բեմում տեղի ունեցած համերգների ձայնագրությունները: