Վերնատուն

Թատրոնն առանց թատերագիտությա՞ն․ «Վերնատուն»

Թատերագետի խոսքն այսօր քիչ է հանրահռչակված։ Եթերում թատերագիտության փորձագետի խոսք չի հնչում, և բավարարվում են միայն լրագրողական անդրադաձներով։ Թատերական գործիչների միության «Թատերակետեր» թատերագիտական կայքի հեղինակներ, թատերագետներ` Տիգրան Մարտիրոսյանը և Սուսաննա Բրիկյանը խոսում են թատերագիտության մերօրյա խնդիրներից ու զարգացումներից։

«Թատրոնը պատկերացնում են առանց թատերագիտության, բայց 21-րդ դարում փորձագիտական բովանդակության անտեսումը խոսում է նեղմտության և հեռուն չտեսնելու մասին։ Առանց թատերագիտության, թատերարվեստի նորմալ զարգացում չի կարող լինել»,– ասում է Տիգրան Մարտիրոսյանը։

«Թատերագետը այսօրվա նյութը պատմություն դարձնողն ու փաստը վավերագրողն է։ Եվ եթե դաշտը բաց մնա ու ոչինչ չգրվի ներկայացումների մասին և պրոֆեսիոնալ ոչ մի խոսք չասվի, քսան տարի հետո նայելով պատմությանը` կտեսնեն, որ այս շրջանում ոչինչ չի եղել», – նշում է Սուսաննա Բրիկյանը։

Երկար ժամանակ, հետանկախության շրջանում թատերագետները մասնագիտական հարթակ չունեին, նրանք հոդվածներ էին գրում տարբեր թերթերում կամ կայքերում։

2020 թվականին երկար խոսակցություններից հետո հիմնվեց Թատերական գործիչների միության կայքը, և մասնագիտական հանրահռչակման խնդիրը որոշ չափով լուծվեց։ Ինչ վերաբերվում է թատրոններին ու լավ ներկայացումներին, թատերագետները լավատես են։

Սուսաննա Բրիկյանը «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության փորձագիտական հանձնախմբի անդամ է և հնարավորություն է ունեցել դիտելու մայրաքաղաքային և մարզային շուրջ 46 ներկայացում։

Ասում է՝ պատկերը շատ հուսադրող է, դահլիճները լեփ լեցուն են, մեծ տպավորություն են թողել հատկապես մարզային ներկայացումները և լավ է, որ թատրոնները պատերազմի և համավարակի մարտահրավերներից կարողացան պատվով դուրս գալ։

Թատերագետների համար առաջնային խնդիր է իրենց մասնագիտության հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը, որ նրանք էլ աճելու և զարգանալու շարժառիթ ունենան։

«Մենք ոչ թե պատվեր ենք կատարում, այլ լավ ներկայացում ենք ուզում, որը կարող ես երեք անգամ դիտելու ցանկություն ունենալ։ Մեր գրածը դրան է ուղղված», – ասում է Տիգրան Մարտիրոսյանը։

Back to top button