Երկու տարի առաջ Հայաստանում կայացավ առաջին էլեկտրոկիթառահարների մրցույթը, որի բացարձակ հաղթողը ճանաչվեց Էմին Սանեյանը:
Մրցանակաբաշխությունն ինքնին վաղուց սպասված իրադարձություն էր, որովհետև տասնամյակների ընթացքում ձևավորված ռոք մշակույթը Հայաստանում հարուստ է բազմաթիվ շնորհալի երաժիշտներով, որոնք գործելով ամենատարբեր բնագավառներում՝ տարբեր խմբերի և նախագծերի մաս են կազմում:
Որևէ միջոց կամ համակարգ, որը թույլ կտար սոլիստ կիթառահարներին ի հայտ բերել սեփական տեխնիկական և ստեղծագործական հնարավորությունները ազատ մրցակցության մեջ, գոյություն չուներ:
Եվ ահա «Սիներջի կիթառ» մրցանակաբաշխությունը, որն արդեն երկու անգամ է անցկացվում Երևանում և Թբիլիսիում, իրական հարթակ է, որի վրա կարող է ցանկացած երաժիշտ ինքնադրսևորվել նախ որպես մենակատար, երկրորդը՝ որպես ստեղծագործող:
Էմին Սանեյանը ապրում է Սևանում, կիթառով զբաղվել սկսել է շատ վաղ հասակից, քանի որ ընտանիքում մթնոլորտը նպաստում և խրախուսում էր երիտասարդի հակումը առ երաժշտություն:
«Առաջին կիթառն ինձ նվիրեց հայրս, և այդ ժամանակից ինքնակրթությամբ ես սկսեցի նվագել գործիքի վրա՝ օգտվելով համացանցում եղած դասընթացներից, նոտաներից և վիդեոդասերից»,-ասում է երաժիշտը:
Այդպես տարիների ընթացքում Էմինը ոչ միայն կատարելագործում է իր տեխնիկան՝ հասնելով վիրտուոզության մակարդակի, այլ նաև տիրապետում է ձայնագրման և ձայնամշակման ծրագրերին, ինչը թույլ է տալիս գտնվելով Սևանում ո՛չ միայն ձայնագրել հայտնի քավրներ, այլ նաև ստեղծագործել:
Այսօր կիթառային տեխնիկան աշխարհում հասել է անհավանական բարձր մակարդակի շնորհիվ այն բանի, որ մի շարք վիրտուոզ երաժիշտներ հղկել են որոշակի չափանիշներ, որոնց համապատասխանելը բավականին բարդ է՝ հատկապես հաշվի առնելով Հայաստանի հեռավորությունը արևմտյան մշակութային դաշտերից:
Ինչպես նշում է երաժիշտը, համացանցը լայն հնարավորություններ է բացում նախ ճանաչվելու, կապեր հաստատելու և ինչը առավել կարևոր է՝ մշտապես զարգացնելու և կատարելագործելու նվագի տեխնիկան: Այն բոլոր հմտությունները, որոնք երաժիշտը ձեռք է բերել աշխատելով սեփական ստուդիայում՝ տան պայմաններում, ինքնաբերաբար ստեղծեցին հիմքեր անհատական ստեղծագործության համար:
Եվ այսօր Էմին Սանեյանը հայտ է ներկայացնում նաև որպես տաղանդավոր ստեղծագործող: Ոճային առումով երաժիշտը ձգտում է պրոգրեսիվ երաժշտությանը՝ հետևելով այդ ոճային ուղղվածության մեջ աշխատող բոլոր խմբերին, որոնցից առանձնացնում է «Դրիմթիեթր» խմբի և Գաթրի Գովանի ստեղծագործությունը՝ փորձելով գտնել ուրույն հնչողություն և սեփական կոմպոզիցիոն ոճ:
Հաղորդման ընթացքում հնչում են Էմին Սանեյանի հանրահայտ քավրների կատարումները, ինչպես նաև սեփական ստեղծագործությունները: