Վերջերս Լեհասատանի «Հայնովկա» ուղղափառ եկեղեցական երաժշտության փառատոնին մասնակցած Երևանի պետական կամերային երգչախումբը հաղթանակով վերադարձավ Հայաստան՝ իր հետ բերելով առաջին մրցանակ:
«Հայնովկա-2022» միջազգային ուղղափառ օրթոդոքս եկեղեցական երաժշտության փառատոնը համարվում է Եվրոպական հնագույն փառատոներից մեկը, -ասում է երգչախմբի տնօրեն Եվա Խաչատրյանը:
«Մեր մասնակցությունն այդ միջոցառմանը շատ պատվաբեր էր և պատասխանատու: Փառատոնին սովորաբար մասնակցում են ուղղափառ եկեղեցիների երգչախմբերն ամբողջ աշխարհից՝ Աֆրիկայից Եվրոպա, Միջին արևելքից հյուսիսային երկրներ»:
Երևանի պետական կամերային երգչախումբը հայտնի է նրանով, որ դեռևս Հարություն Թոփիկյանի ղեկավարած շրջանում այն ընդգրկել էր երգացանկում կոմիտասյան հոգևոր երգչախմբային երաժշտության ամբողջ ժառանգությունը, և Լեհաստանում փառատոնը լավ հնարավորություն էր հնչեցնելու այն եվրոպական բեմերից:
Ինչպես վկայում են երգչախմբի ղեկավար Քրիստինա Ոսկանյանը և երգչախմբի արտիստ, երգչուհի Ժաննա Դավթյանը, փառատոնը հնարավորություն տվեց ոչ միայն ներկայացնելու երգչախմբի արվեստը, այլ նաև ծանոթանալու երգչախմբերի և իրենց ղեկավարների հետ Պաղեստինից, Եգիպտոսից և բազմաթիվ եվրոպական երկրներից:
Սովորաբար այդ միջոցառումը անցկացվում է որպես փառատոն, բայց այս տարի նաև կազմակերպվել էր մրցույթ, ինչին մեր արվեստագետները պատրաստ չէին և հասնելով Լեհաստան՝ անակնկալի էին եկել: Մրցույթն անցկացվում էր Վարշավայի Սուրբ երրորդության եկեղեցում՝ խստապահանջ հանդիսատեսի ներկայությամբ, և Երևանի Պետական Կամերային երգչախումբը պարզապես գերել է ժյուրիին և ներկաներին ոչ միայն հոգևոր երգացանկով, այլ նաև բարձր կատարողական արվեստով:
Նման միջոցառումներին մասնակցությունը շատ կարևոր է հատկապես մեր հետպատերազմյան շրջանում, քանի որ առիթ է տալիս եվրոպացիներին ծանոթանալու ոչ միայն մեր հոգևոր արժեքներին, երաժշտությանը, այլ նաև վերհաստատում է հոգևոր, համամարդկային արժեքների վեհությունն ու նշանակությունը, ստեղծում է մշակութային կամուրջներ՝ օտարերկրյա մշակութային գործիչների հետ:
Նման շփումների կարևորությունն ընդգծում է կոլեկտիվի գեղարվեստական ղեկավարը՝ նշելով, որ մի շարք երգչախմբերի դիրիժորներ շնորհավորելով հաղթանակը՝ նաև խնդրեցին նոտաներ: Սա ստեղծում է ապագայում համագործակցության լայն հնարավորություններ և համատեղ հեռանկարային մշակութային նախագծեր:
Հաղորդման ընթացքում հնչում են Երևանի պետական կամերային երգչախմբի փառատոնային կատարումները, ինչպես նաև Կահիրեի ղպտիական երգչախմբի, Պաղեստինի «Սիրաջ» երգչախմբի, ռումինական «Սաղմոսսների» երգչախմբի, Մոլդովայի «Գլորիա» երգչախմբի և ուկրանինական «Զնամենիա» երգչախմբի կատարումները: