Երաժշտական եռանկյունի

Դոդո՝ ստեղծագործողի առեղծվածը․ «Երաժշտական եռանկյունի»

Դավիթ Բաբայանը հայտնի է որպես դերասան, ռեժիսոր, գրող, բայց մեր զրույցին մասնակցում է որպես դաշնակահար և կոմպոզիտոր:

– Քո գրականությունը և ընդհանրապես մոտեցումները արվեստում ընդգծված էկլեկտիկ են, հաճախ անսպասելի և աբսուրդային լուծումներով: Արդյո՞ք դա բնորոշում է քո ստեղծագործության ոճը և որքանո՞վ է տարածվում երաժշտության վրա»:

– Միանշանակ այդպես է, խառնվածքի խնդիր է, որը որտեղ էլ արտահայտվի՝ երաժշտության, կինոյի, անիմացիայի, փոփ տեսահոլովակների կամ վավերագրական ֆիլմերի մեջ, նույնն է: Փոխվում է միայն ձևաչափը, կամ արվեստի ասպարեզը, առավել ազատ եմ ինձ զգում գրականության և երաժշտության մեջ: Վերջինը պայմանավորված է ավելի շատ այն ժամանակի չափով, որ կարող եմ հատկացնել ձայնագրություններին և իհարկե այն երաժիշտների թիմով, որոնք միանում են ինձ իմ նախագծերում: Պետք է ասեմ, որ առաջին ամենամեծ տպավորությունն ինձ վրա թողեց Քիթ Ջարեթը և գրավեց հատկապես կատարողական արվեստի իմպրովիզացիոն անսահման ազատությամբ: Նրա մոտեցումները շատ հոգեհարազատ են ինձ և բնորոշում են նաև իմ մեթոդը՝ լինի ակուստիկ կազմի համար գրված կոմպոզիցիաներով, թե էլեկտրոնային, համակարգչային:

Դավիթ Բաբայանը հազվադեպ է հանդես գալիս համերգներով, և նրա երաժշտությունը կարելի է լսել հիմնականում արտադրված ձայնասկավառակների և ֆիլմերի մեջ: Նրա գրականությանն ու կինոաշխատանքներին ծանոթ արվեստասերը միանգամից կճանաչի Դոդոյին նաև նրա հեղինակած երաժշտությամբ:

Կոմպոզիտորի և կատարողի համարձակությունը, փորձարարության գնալու մղումը և ինքնաարտահայտվելու ձևերի բազմազանությունը բնութագրում են Դավիթ Բաբայանին որպես ամենահետաքրքիր մտածողությամբ ժամանակակից ստեղծագործող:

Հաղորդման ընթացքում հնչում են Դավիթ Բաբայանի տարբեր ոճերի կոմպոզիցիաները:

Back to top button