Սփյուռքի ձայնը

Գերտերությունները, հայի դերը և պատմական արդարությունը` Ստեփան Ալաջաջյանի մտորումներում. «Սփյուռքի ձայնը»

Ստեփան Ալաջաջյանը «Չսպիացած վերք» իր եռահատորը գրեց Արցախյան շարժման բախտորոշ շրջանում՝ առաջին պատերազմի ժամանակ, այն վերահրատարակվեց ու հանրությանը ներկայացվեց կրկին մեր ժողովրդի համար բախտորոշ շրջանում։ «Քաշաթաղ» հիմնադրամի վերահրատարակած գրքի շնորհանդեսը նախատեսված էր դեռ մեկ տարի առաջ, սակայն սկզբում համավարակը, հետո պատերազմը խանգարեց դրան։ «Հայրս այս գիրքը սկսեց գրել արցախյան առաջին պատերազմի օրերին: Ավարտեց, երբ պատերազմում մենք հաղթանակ էինք ունեցել: Այս անգամ, վերահրատարակեցինք և ներկայացրինք վերջին պատերազմի օրերին, սակայն, ցավոք, պարտություն ունեցանք», ասում է գրողի դուստրը՝ Թերեզա Ալաջաջյանը։

«Համաշխարհային առաջին պատերազմում Մերձավոր Արևելքի իրադարձությունների պատմությանը նայել եմ փաստերի աչքերով և պատմության աչքերով՝ իմ ժողովրդի ճակատագրին: Չեմ մեղանչել: Գիտակցել եմ, որ իմ ժողովրդի հանդեպ կատարվել է մի մեծ անարդարություն, և այդ անարդարությունն էլ պարտավորեցրել է ինձ գրել այս վեպը: Ամեն մի կերպար, իրավ, մի անձնավորություն է, ամեն դրվագ ու դեպք՝ ճշմարիտ մի պատահար, ուրեմն, ճշմարիտ մի պատմություն է այս վեպը: Անիրավված ժողովրդի զավակն եմ ես, և այդ զավակի պարտքի հատուցումն է այս վեպը: Արտասուքից բխող փոքրիկ սփոփանք է այս վեպը…»։ «Ճշմարիտ մի պատմություն…», «պարտքի հատուցում…», «արտասուքից բխող փոքրիկ սփոփանք», գրում է Ալաջաջյանը:

Ստեփան Ալաջաջյանը ծնվել է Սիրիայում։ 1946 թվականին տեղափոխվել է Հայաստան։ Նրա գրական առաջին գործը՝ «Ծովուն երգը», լույս է տեսել 1939 թվականին, Բեյրութի «Պատանեկան արձագանք» պարբերականում։ Պարսկերեն թարգմանվել և 1973 թվականին Թեհրանում լույս է տեսել նրա «Եղեգները չխոնարհվեցին» վեպը։ Գրական մամուլում ռուսերեն տպագրվել են նաև նրա «Մադլենն ապրում է Փարիզում» և «Անառագաստ նավակներ» վիպակները։

Բացի այդ, Ալաջաջյանի շատ ստեղծագործություններ թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, չեխերեն, բուլղարերեն, էստոներեն, ուզբեկերեն և այլ լեզուներով։ Անգլերենից և ֆրանսերենից թարգմանել է Շեքսպիրի, Վիլյամ Սարոյանի, Հերբերտ Ուելսի, Ժան Պոլ Սարտրի և այլոց գործերը։ Նրա սցենարով է նկարահանվել «Կտոր մը երկինք», «Ճերմակ անուրջներ» գեղարվեստական կինոնկարները։

Բոստոնի «Նոր օր» թերթում 1995 թ. ապրիլի 22-ին տպագրած իր խոսքում Ստեփան Ալաջաջյանը վկայում է, որ «Չսպիացած վերք» վեպը գրելու միտքը միանգամից չի առաջացել։ Նախ, երբ Հալեպի Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցու արխիվում գտել է իր մեծ հոր ու նրա եղբայրների՝ սպանդից փրկվելու օգնության խնդրանքով Հալեպի հոգևոր առաջնորդին ուղղված գիրը։

Հետո իր հայ գրչակիցների և այլ մտավորականների հետ Ստամբուլ այցելության ժամանակ ծանոթացել է Բալկանյան ու Համաշխարհային առաջին պատերազմների տարիների մի քանի թուրքական արաբատառ թերթերի նյութերին։ «Իմ նոր վեպի` «Չսպիացած վէրք»-ի մտահղացումն այդ օրն էր, առիթն՝ այդ փոքրիկ, մատիտով գրված նամակն ու Բոսֆորի ափի այս տեսարանը»,- ավելի ուշ գրել է Ալաջաջյանը:

Տարբեր, բոլորովին տարբեր բաղձանք ու երազանք ունի հայ պատասխանատու այրը, որը վեպում արտահայտվում է Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի մտորումներով. «Մի պատառ հող ունենաս, որ քոնը լինի, մեջքին լեռ ու բլուր ունենա: Ներքևում ձոր լինի, միջով գետակ անցնի: Իջնես ձորը, ջուր բերես դույլով, կժով, ջրես հողը` ակոս առ ակոս, միայն թե մի պատառ սեփական հող ունենաս: Ստեփան Ալաջաջյանի մասին հետաքրքիր այլ մանրամասներ լսեք հաղորդման ընթացքում:

Back to top button