Ընդամենը 10 տարեկան էր, երբ հայտնվեց հիվանդանոցում և ուժի, հավատի ու բժիշկների ջանքերի շնորհիվ հաղթահարեց անհաղթահարելին: Փորձությունները նրան կոփեցին, դարձրին ավելի ուժեղ և փոխեցին արժեհամակարգը:
Երկարատև շփումը բժիշկների հետ բերեց նրան, որ նա ընտրի բժշկի մասնագիտությունը: Նեոնատոլոգ-մանկաբույժ Արթուր Ջանազյանը հպարտություն է զգում, երբ գնահատում են իր աշխատանքը փոքրիկ բուժառուների ծնողները:
Ասում է՝ բժիշկն իրավունք չունի աշխատանքը վատ կատարել: Նրա համար առաջնային են նորածնի առողջական վիճակն ու ծնողի երջանիկ աչքերը:
«Քանի դեռ նորածինն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է, նա բժշկի երեխան է, երբ դուրս է գրվում հիվանդանոցից, դառնում է ծնողինը», – ասում է բժիշկը։ Այդ սկզբունքով առաջնորդվելով՝ Արթուր Ջանազյանն առանձնահատուկ խնամքով է մոտենում յուրաքնաչյուր նորածնի, որն ունի իր աջակցության կարիքը: