Վերնատուն

Խորհրդային արխիվները բավարար չափով ուսումնասիրված չեն․ «Վերնատուն»

Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի հայագիտական հետազոտությունների կենտրոնի վարիչ, դոկտոր Արա Սանջյանը օրերս Երևանում տեղի ունեցած «Խորհրդային փորձառությունն ու ժառանգությունը Հայաստանում» միջազգային գիտաժողովի նախաձեռնողներից է։ Ի՞նչ նպատակ ունի գիտաժողովը և, առհասարակ, ինչո՞ւ են կարևոր խորհրդայինը վերանայելու փորձերը։

Արա Սանջյանն ասում է, որ գիտաժողովը սկզբում այլ նպատակ է ունեցել, այնուհետև փոխվել է։ Խորհրդայինը Հայաստանի սահմաններից դուրս քիչ է ուսումնասիրված, և սկզբում նպատակը սփյուռքի վրա շեշտը դնելն էր։ Խորհրդային Հայաստանի պատմության հետ կապված շատ նյութ կա, որը քիչ է օգտագրծված։ Խորհրդային արխիվները աշխարհում լավագույնը չեն, բայց շատ հարուստ են, և դրանց շատ փոքր մասն է հետազոտված և շրջանառության մեջ դրված։

Խոսելով հայագիտության մասին՝ Արա Սանջյանը նշում է, որ կարևոր է, որ հայագիտությունն իր խոսքն ունենա իրենից դուրս ավելի լայն հարցերում։ Ասում է՝ միայն երկու կողմով է, որ հայագիտության ներդրումը լուրջ արժեք ունի՝ ցեղասպանգիտությունը և սփյուռքագիտությունը։

Ինչ վերաբերում է հայագիտության նկատմամբ հետաքրքրության մեծացմանը, Արա Սանջյանը նկատում է, որ հայագիտության նկատմամբ հետաքրքրություն կա, բայց համալսարանական ցանցը չի մեծանում, և մեկենասների կարիք կա։

Ասում է՝ սփյուռքում հիմա հայերեն իմացողների թիվը պակասել է և առանց Հայաստանում ուժեղ հայագիտության, արտասահմանը քիչ գործ կարող է անել։ Ապագայի համար և՛ Հայսատանը, և՛ սփյուռքը պիտի իմանան, որ տարբեր պայմաններում ստեղծված առանձնահատկությունների մասին պիտի կարողանանք խոսել, քննարկել առանց մրցակցության։

Back to top button