Մոռացված ֆիլմերի ստվերները

Ֆիլմ, որը արցունքներ կորզեց ռեժիսորից. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Տերյան 2 հասցեում գտնվող «Հայֆիլմ» կինոստուդիայի դահլիճում խորհրդահայ կինոգործիչները հավաքվել էին կինոդիտման: Ֆրունզե Դովլաթյանի «Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմի առաջին դիտումն էր: Դիտմանը հաջորդեց բուռն բանավեճը:

Հանձնաժողովի անդամները Դովլաթյանին մեղադրեցին սոցռեալիզմից շեղվելու մեջ:  Խորհրդային երկրի գովքն անելու փոխարեն Դովլաթյանը ֆիլմում հանդգնել էր ստեղծել ինչ- որ կասկածելի կերպարներ ու տնտղել նրանց ներաշխարհը: Այդ, այսպես ասած «անթույլատրելի» մտահղացման պատճառով ֆիլմը դատապարտվեց կրճատման:

Կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի մուտքը արվեստի աշխարհ սկսվեց իր հարազատ Գավառ քաղաքի թատրոնից, որտեղ նրա հայրն ու հորաքույրը սիրողական ներկայացումներ էին բեմադրում: Ավագների նախասիրությունները Ֆրունզեին մեկընդմիշտ տարան բեմարվեստ: Սկզբում նա դերասան էր: Ու չնայած նրա դերասանական կարիերան ընթանում էր շատ հաջող, երիտասարդը որոշում է ռեժիսուրայով զբաղվել:  

Համամիութենական կինոինստիտուտի՝ ՎԳԻԿԻ Սերգեյ Գերասիմովի արվեստանոցն ավարտելուց հետո Ֆրունզե Դովլաթյանը աշխատանքի է անցնում «Մոսֆիլմում», որտեղ նկարահանում է իր առաջին՝ «Դիմա Գորինի կարիերան» և «Առավոտյան գնացքներ» ֆիլմերը:

Էվերտ Պայազատյան

Կինոգետ, սցենարիստ Էվերտ Պայազատյանի և Ֆրունզե Դովլաթյանի պատահական հանդիպումը «Մոսֆիլմում» վերածվում է երկար տարիների ամուր ընկերության: Տարիներ անց «Մոռացված ֆիլմերի ստվերները» հաղորդմանը տված հարցազրույցում Պայազատյանը, վերհիշելով ավագ գործընկերոջը, նշում էր, որ Դովլաթյանը ոչ միայն աշխատասիրությամբ փայլել է «Մոսֆիլմում», այլև հետագայում հայկական կինոն ներկայացրել է համաշխարհային էկրանին։

Նրա՝ «Բարև, ես եմ» ֆիլմը 1966թ․-ին ընդգրկված էր Կաննի միջազգային կինոփառատոնի մրցութային ֆիլմերի ծրագրում և պայքարում էր գլխավոր մրցանակի՝ «Ոսկե արմավենու ճյուղի» համար:   

«Մեր առաջին հանդիպումը ինձ վրա շատ մեծ տպավորություն գործեց։ Պետք է խոստովոնեմ , որ նկարահանման հրապարակում նա  աշխատում էր շատ վստահ,կառավարում էր ամեն ինչ և ամենքին։ Հետագայում, երբ հետևում էի նրա գործունեությանը, համոզվում էի, որ Ֆրունզը այդ հատկությունը դրսևորում էր իր բոլոր ֆիլմերի նկարահանման ընթացքում»,-նշում էր Էվերտ Պայազատյանը։

«Բարև, ես եմ» ֆիլմի հաջողությունից մի քանի տարի անց Ֆրունզե Դովլաթյանն ու Պերճ Զեյթունցյանն աշխատում էին «Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմի սցենարի վրա:

Ֆիլմ, որը  ոչ միայն իր տեսակով նորույթ էր հայկական կինոյում, այլև կոտրեց բազմաթիվ  կարծրատիպեր, որոնցից մեկն էլ այն էր, որ կինոյում դեր ստանձնելու համար դերասանական կրթությունը պարտադիր չէ։

Բանն է այն է, , որ գլխավոր հերոսուհու դերակատարման համար հայտարարված  մրցույթին մասնակցած դերասանուհիներից և ոչ մեկը ռեժիսորի սրտով չէր։ Ֆրունզե Դովլաթյանի փնտրտուքները գուցեև երկար տևեին, եթե ֆիլմի երկրորդ ռեժիսոր Հակոբ Իսկուդարյանը երևանյան սրճարաններից մեկում պատահաբար չնկատեր կանացիությամբ, հմայքով առանձնացող մի երիտասարդ աղջկա։  

«Նա է, որ կա»,- մտածեց Հակոբ Իսկուդարյանն ու մի քանի վայրկյան անց անմիջական զրույցի  բռնվեց Կոմիտասի անվան կոնսերվատորիայի նորավարտ դաշնակահարուհի Ջուլյա Ավագյանի հետ։

Ջուլյա Ավագյան

«Ֆրունզե Վաղինակիչի հետ ծանոթության ժամանակ նա հանձնարարեց ինձ կարդալ արձակ և չափածո։ Խոստովանում եմ, որ շատ ձանձրալի կարդացի, և նա բնականաբար չհավանեց։ Հակոբը պնդեց, որ մի որոշ ժամանակ կաշխատի ինձ հետ, որովհետև նա ցանկանում էր Դովլաթյանին ապացուցել, որ իմ ընտրությունը ճիշտ է։ Մեր պարապունքներից որոշ ժամանակ անց եղան նոր լսումներ, որից հեոտ ինձ հաստատեցին»,-պատմում է Ջուլյա Ավագյանը։

«Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմի գլխավոր հերոսը, լինելով արխիվի աշխատակից, ի պաշտոնե ամեն օր հարաբերվում էր անցյալի հետ և շարունակ ընդվզում անցյալի անարդարությունների դեմ: Կինոռեժիսորի կինը՝  Իռեն Օրդուխանյանը, վերհիշելով այդ տարիների Խորհրդային միության բարքերը, վստահ պնդում է, որ նման զգայուն թեմայի հանրայնացումը, այն էլ  կինոնկարի միջոցով, չէր կարող վրիպել պետկինոյի պաշտոնյաների ուշադրությունից :

Ֆրունզե Դովլաթյան, Իռեն Օրդուխանյան

«Ծիծաղելի էր նույնիսկ կարծել , որ ֆիլմը հանդարտ կընդունվի, որովհետև այն իր ասելիքով դեմ էր խորհրդային գաղափարախոսությանը»,-նշում էր Իռեն Օրդուխանյանը։

Մոնտաժային աշխատանքների  ընթացքում սկսվում են կինոռեժիսորի դժոխային օրերը: Ֆրունզե Դովլաթյանը մի քանի ամիս շարունակ, ֆիլմի ստեղծմանը զուգահեռ կռիվ էր տալիս կենտկոմի այն ժամանակվա ինչպես ասում են՝ «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» չինովնիկների հետ: 

Բանավեճեր, քննարկումներ, անվերջ մեղադրանքներ, ժամանակի սղություն, այս ամենը  հուսահատեցնում ու թևաթափ էին անում իր ֆիլմերին սեփական զավակի պես վերաբերվող կինոռեժիսորին:

Ֆրունզե Դովլաթյան- կենտկոմ- պետկինո մի քանի ամիս տևած վեճն ավարտվում է վերջիններիս  հաղթանակով: «Երևանյան օրերի խրոնիկան» ի վերջո էկրան է բարձրանում մկրատված ու աղճատված, իսկ Ֆրունզե Դովլաթյանն այս ամենի արդյունքում վաստակում է սրտի առաջին կաթվածը:

«Դովլաթյանը շատ էր ընկճված և միշտ մտածում էր այդ ֆիլմի անարդար ճակատագրի մասին։ Նա մանրակրկիտ աշխատող ռեժիսորներից էր, իսկ նրան մեղադրում էին դանդաղկոտության մեջ, ժապավենի վատնման մեջ և այլն։ Այդ ամենն էլ նպաստեց նրա առողջության վատթարացմանը»,-այսպես էր վերհիշում ֆիլմի մոնտաժման պատմությունը Էվերտ Պայազատյանը։

1972 թվականին Ֆրունզե Դովլաթյանի «Երևանյան օրերի խրոնիկան» ցուցադրվում է էկրանին՝ ներքին կառույցն ու միտքը խաթարված, գրեթե անհասկանալի, երկսերիանոց ֆիլմից մեկ լիամետրաժի վերածված տարբերակով:

Մոսկովյան պետկինոն ֆիլմը դասում է երրորդ կարգի կինոնկարների շարքին, ինչը նշանակում էր, որ այն չէր կարող ցուցադրվել մեծ էկրաններին, միայն փոքր ակումբներում՝ այն էլ  սահմանափակ դահլիճով: 15 տարի անց միայն, հնարավոր է լինում ֆիլմը ցուցադրել հեռուստատեսությամբ, սակայն կրճատումների, աղճատումների պատճառով հանդիսատեսը այդպես էլ չի ընկալում ֆիլմի իրական ուղերձն ու ասելիքը:

Back to top button