Երաժշտական եռանկյունի

Երևան քոլինգ․ նոր ջազային նախագիծ․ «Երաժշտական եռանկյունի»

Երևանյան երաժշտական գունապնակին ավելացավ ևս մեկ երանգ՝ ջազային քառյակ, որի հիմնադիրներից են թավջութակահար և բասկիթառահար Արտյոմ Մանուկյանը և թմբկահար Արման Մնացականյանը:

«Մենք որոշել ենք ստեղծել մի խումբ, որը կունենա ստույգ հայեցակարգ: Առաջինը՝ բոլոր ստեղծագործությունները օրիգինալ են, այսինքն՝ ստեղծված խմբի մասնակիցների կողմից, երկրորդը՝ սա մեր հնարավորությունն է երաժշտության միջոցով արձագանքել այն բոլոր խնդիրներին, որոնք առնչվում են Երևան քաղաքի հետ՝ մշակութայինից մինչև բնապահպանություն, սոցիալական խնդիրներ և այլն»,-ասում է Արտյոմ Մանուկյանը:

Երաժիշտների համար կարևոր է կոտրել այն կարծրատիպը, որը կիսում են շատ և շատ երաժիշտներ, այն է՝ երաժշտությամբ զբաղմունքը ինքնաբավ է, և արվեստի մարդը կարող է թույլ տալ իրեն անհաղորդ մնալ սոցիալական, բնապահպանական և մի շարք հասարակական խնդիրներից:

Երաժիշտները պատրաստվում են համերգներով հանդես գալ այն վայրերում, որոնք թեև նախատեսված չեն երաժշտական միջոցառումների համար, բայց խնդրահարույց են, և երաժիշտները հույս ունեն, որ իրենց ակտիվությունը կխթանի այդ խնդիրների հանրահռչակումն ու լուծումը՝ ի շահ Երևանի:

Կոլեկտիվի չորս երաժիշտներ Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Արման Փեշտմալջյանը, Արման Մնացականյանը իրենց վերաբերմունքն ունեն այն մշակութային տարածքին, ուր ստեղծագործում են և Երևանը դիտարկում են առաջին հերթին որպես ազատ մշակույթի և անսահմանափակ ստեղծարարության տարածք:

Հենց դա է պայմանավորում իրենց սրտացավ լինելը երևանյան՝ հաճախ անճաշակ հանրային դրսևորումներին, և խմբի գործունեությունը նրանք տեսնում են այդ բացասական երևույթները շտկելու և երաժշտական նոր գեղագիտություն հաստատելու մեջ:

Չնայած քառյակը նորաստեղծ է, բայց ելույթներով բազմիցս հանդես է եկել երևանյան ամենատարբեր հարթակներում և արդեն հասցրել է մասնակցել Բոստոնի հայկական թանգարանի հատուկ երաժշտական ծրագրում՝ հանդես գալով համացանցային համերգով, որը լայն տարածում է ստացել Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում՝ ճանաչում բերելով նորաստեղծ կոլեկտիվին:

«Մեզ հետաքրքիր է նաև անմիջական շփումը հանդիսատեսի հետ՝ լինի դա ակումբում, թե համերգային սրահում, ինչպես նաև՝ համացանցային ներկայությունը, որը լայն հնարավորություն է ստեղծում՝ առնչվելու Հայաստանից դուրս ապրող երաժշտասերի հետ»,-շարունակում է Արման Մնացականյանը:

Հետաքրքիր է, որ «Երևան քոլինգի» մոտեցումները թույլ են տալիս տեղավորվել և՛ «ավանգարդի» ձևաչափի մեջ և՛ համացանցային բաց տարածքներում: Սրա փայլուն օրինակն է նաև «Գառաժ» վինիլային խանութում տեղի ունեցած երկրորդ համացանցային համերգը, որի շնորհիվ խումբն արդեն հրավիրվել է Ռուսաստան և շուտով մեկնելու է Ռուսաստանի հինգ քաղաքներում հյուրախաղերի:

Հաղորդման ընթացքում առաջին անգամ Հանրաին ռադիոյի եթերում հնչում են «Երևան քոլինգ» նախագծի համացանցային համերգների կատարումները:

Back to top button