Երկրորդ շնչառություն

Հիշողության անվճար սրճարան՝ 65-ից բարձր անձանց և նրանց հարազատների համար․ «Երկրորդ շնչառություն»

65 և ավելի տարեկան անձինք, ովքեր ունեն ազատ ժամանակ, ուզում են մարզել հիշողությունը, խթանել ուղեղի աշխատանքը, սոցիալական նոր կապեր հաստատել ու շփվել տարեկիցների համար, հնարավորություն ունեն շաբաթական մեկ անգամ Երևանում այցելել Հիշողության սրճարան:

Այն անվճար է, գտնվում է կենտրոնում` Լոֆթ-Երևանում, այցելելու համար հարկավոր է նախապես կապվել «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության մասնագետների հետ և հերթագրվել: Հիշողության սրճարանի սոցիալական աշխատող Մարիամ Բադալյանը պատմում է, որ իրենց մոտ այցելող տարեց անձինք, նախ, անցնում են Հիշողության գնահատում, հետո նոր սկսում են պարապմունքները:

Սրճարանը նախատեսված է ոչ միայն հիշողության և ճանաչողական գործառույթների հետ կապված խնդիրներ ունեցող անձանց, այլ նաև այն տարեցների համար, ովքեր լիակատար առողջ են, առույգ և ցանկանում են որակյալ ու բովանդակալից կյանք ունենալ և կանխարգելել դեմենցիայի զարգացումը:

«Կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո շատ հաճախ մեր տարեցների մոտ ի հայտ է գալիս դեպրեսիա, նրանք կարծես թե իրենց օգտակար չեն համարում, սկսում են չկարևորել իրենց անձը: Բայց մեր կենտրոնում նրանց առօրյան անցնում է հագեցած ու բովանդակալից, նրանք այնքան են խանդավառվում, որ տուն են վերադառնում լավ տրամադրությամբ և երբեմն էլ մի քիչ հոգնած»,-ասում է նա՝ ավելացնելով, որ, օրինակ, նախորդ դասին ամեն մեկը տորթի իր կտորն իր ճաշակով է զարդարել:

Մ.Բադալյանի խոսքերով, ծրագիրը մեկնարկել է անցած տարի տարեցների միջազգային օրը՝ հոկտեմբերի 1-ին երևանյան սրճարաններից մեկում, հետո որոշում է կայացվել համագործակցել Լոֆթ կենտրոնների հետ: Մասնակցության համար հետևյալ հեռախոսահամարներով՝ 043 777 905 (Բիլայն),043 905 777 (Վիվասել), 096 777 908 (Յուքոմ) կարող են զանգահարել նաև ընտանիքի անդամները, ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն և տարեց հարազատին ուղեկցել Հիշողության սրճարան:

Լոֆթ կենտրոնների ստեղծագործական ղեկավար Ալեքս Միրզոյանի խոսքերով, սկսելով 10 տարի առաջ, իրենք որդեգրել են «Լոֆթը՝ բոլոր համար» կարգախոսը, և «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հետ հուշագրի ստորագրումից հետո վստահությամբ հայտարարարում են, որ Լոֆթը բոլոր տարիքի անձանց համար է՝ 0-ից մինչև վերջ:

«Սկզբում մեր աշխատակիցների համար շատ անսովոր էր, նրանք չգիտեի, թե ինչպես կկարողանան հյուրընկալել տարեց մարդկանց, բայց այսօր արդեն մեծ սիրով ընդունում են, երբեմն նույնիսկ մասնակցում պարապմունքներին»,- ասում է զրուցակիցս՝ ուրախալի համարելով այն, որ շատ հաճախ զավակները՝ մտահոգ ծնողների զբաղվածության հարցով, նրանց ուղեկցում են Հիշողության սրճարան՝ տեղում ծանոթանալու և միանալու ծրագրին:

Ա.Միրզոյանը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հետ համատեղ նախատեսում են համանման սրճարանի ծրագիր սկսել նաև Լոֆթի Գյումրու կենտրոնում:

Բոլոր տարեցներն ու ցանկացողները հրավիրված են ներկա գտնվելու բացմանը: Մինչև տարեվերջ Հիշողության սրճարան կգործի Վանաձորում, իսկ հետագայում, Լոֆթի ընդլայնմանը զուգահեռ, նաև հանրապետության մյուս բնակավայրերում:

Back to top button