Հատվող եթեր

Այս պատերի ներքո կերտվում է մշակութային տարեգրություն․ «Հատվող եթեր»

Երևանի սրտում՝ Օղակաձև զբոսայգում է գտնվում մեր մայրաքաղաքի յուրօրինակ կառույցներից մեկը, որի պատերի ներքո ամեն օր կերտվում է մշակութային տարեգրություն:

Երևանում Կամերային երաժշտության տուն ունենալու գաղափարը պատկանել է քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանին:

Նորարար գեղարվեստական լուծումներով այդ առանձնահատուկ շինության հեղինակն է վաստակավոր ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանը: 1977 թվականին Կոմիտասի անվան պետական լարային քառյակի ելույթով տեղի է ունենում Կամերային երաժշտության տան հանդիսավոր բացումը՝ սպասված իրադարձություն ոչ միայն երաժիշտների, այլև արվեստասերների համար:

2011 թվականից վերակազմակերպված Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կամ, ինչպես անվանում է ժողովուրդը, Կամերային երաժշտության տունը մի յուրահատուկ մթնոլորտով լի, անչափ ինքնատիպ ու կենսունակ կառույց է, որն իր ստեղծման օրվանից ի վեր ունեցել է առանցքային դերակատարություն՝ հանրությանը հաղորդակից դարձնելու դասական և ժամանակակից հեղինակներին:

Բազմաթիվ համերգներ, փառատոներ, հոբելյաններ, հանդիպումներ, երեկոներ, շնորհանդեսներ, ինչպես նաև այստեղ համերգային գործունեությունն են ծավալում կամերային ժանրի հայաստանյան լավագույն երաժշտախմբերը՝ Կոմիտասի անվան պետական լարային քառյակը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, Երևանի պետական կամերային երգչախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը:

Կենտրոնը նաև համագործակցում է այլ ճանաչված խմբերի և կատարողների հետ՝ իրականացնելով բազմաթիվ համատեղ ծրագրեր:

Զրույց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանի և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանի հետ։

Back to top button