ՀարցուԳԻՏԱփորձ

Ինչո՞ւ է Արևը լոլիկին օգնում, մաշկիս՝ վնասում․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Ասում են՝ մեր երկրի պտուղները քաղցր են։ Եվրոպայինը համով չեն, Ռուսաստանինը համով չեն, որ ուտում ես՝ ոնց որ խոտ ուտես։ Դա բացառապես արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների շնորհիվ է»։

Արևը մեզ լավ աչքով է նայում. այս մասին առաջին ազդակը մենք համային զգայարաններով ենք ստանում։ Նա մեզ հետ խոսում է, ասենք, ծիրանի ու լոլիկի «բերանով»։

«Եթե ուշադրություն դարձնեք, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Սևանի երեխաների այտերը կարմիր են։ Դա արևի ճառագայթներից է։ Եվ նույնը անդրադառնում է խնձորի վրա»։

Բարև։ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր պարզելու է՝ ինչո՞ւ է Արևը մեր մաշկին վնասում, լոլիկին՝ օգնում։

4 միլիարդ 57 միլիոն տարեկան, Երկրից 330 000 անգամ ծանր, 109 անգամ մեծ Արևը մեզնից 8 լուսային րոպե հեռավորության վրա է։

1 լուսային րոպե = 17 987 550 կիլոմետր

Մարդն ինչ ասես փորձել է Արևի հետ․ այն եղել ու մնում է ֆիզիկոսների աչքի առաջ, եղել է կրոնադիցաբանական համակարգի՝ Արևապաշտության գլխավոր գործող անձ, երկրպագության առարկա, Աստված-պատվիրակներ է ունեցել ամենուր (Հայաստանում, օրինակ, դա Միհրն էր)։ Արևը դարձել է երգ, պոեմի գլխավոր հերոս։ Մեր կյանքը պայմանավորող աստղին մենք ճանաչում ենք կյանքի առաջին օրից, ու, հիմնականում, հարցեր տալու գործը գիտնականներին ենք թողնում։ Բայց Արևը նաև այստեղ է՝ մաշկում, որում ապրում ենք և սնունդում, որի շնորհիվ ապրում ենք։

Ինչպե՞ս վարվել նրա հետ, որ օգուտը վնասից շատ լինի, ինչո՞ւ է կյանքի երաշխավորը երբեմն մահվան հասցնում, նա՞ է քաղցրացնում միրգը․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

***

Հարություն Մնացականյանը մեր զրույցից չէր ուշանա, եթե Արևն իր տեղում լիներ։ Այդ օրը ձյուն եկավ։ Հարությունը զանգեց ու ասաց, որ այգու փրկության հարցերով է զբաղված։ 13 տարի ծառ ու բույսի հետ աշխատող ֆերմերն այս անգամ ամենաշատը ԱՄՆ-ից բերված հիմալայան թթի համար էր անհանգիստ. այս տարի պետք է բերք տա, եթե չցրտահարվի։ Ծառերը ծաղկել էին, գյուղացին արևի էր սպասում, բայց ձյուն եկավ․

«Անցած տարի այս օրերին էլ էր նույն եղանակը, ուղղակի անցած տարի ծառերը չէին հասցրել ծաղկել, վեգետացիա տեղի չէր ունեցել, ծառերը քնած վիճակում էին և ցրտահարություն չեղավ։ Բայց այս տարի այս անակնկալ ձյունն ու ցուրտ եղանակը ցրտահարության շատ մեծ ռիսկեր է պարունակում։ Գյուղացիներն ամեն կերպ պայքարում են, որ ցրտահարություն տեղի չունենա»։

Բայց գյուղացին հիմնականում Արևի՝ հայաստանյան չափաբաժնից գոհ է։ Պտուղների քաղցրության երաշխավորն ուլտրամանուշակագույն ճառագայթներն են։ Այս հարցում Արևը շռայլ է։ Արտահանելու համար հավաքված մրգերն, օրինակ, սա վայելելու երկար ժամանակ չունեն։

«Եթե ամբողջովին հասած լինի, շուտ կփչանա, դրա համար մի քիչ կիսախակ են քաղում, որ երկար ճանապարհ անցնելուց կարողանան դիմանալ։ Իսկ հասած մրգի ապրելու ժամկետը կարճ է։ Դրա համար մեր բախտը բերել է, որ մենք Հայաստանում ենք ապրում ու ուտում հասած ու ավելի համեղ միրգ, քան արտահանվում է մեր երկրից»։

Եթե Արևը չի հասցրել «աշխատել» մրգի հետ, ուրեմն արտասահմանում ապրողները նախատրամադրվածությունից ելնելով են համարում, թե մեր միրգը քաղցր է։ Պարզվում է՝ այն ներգրավված է աշխատանքի առաջին փուլից և կիսատ թողնելու դեպքում անգամ իր գործն արդեն արած է լինում։ Բայց մարդը կարող է Արևին սխալ օգտագործել, եթե գյուղատնտեսությանը որպես գիտություն չվերաբերվի։

«Մենք ընդհանարապես չենք հաշվում։ Որ վատ հաշվեին, գուցե մի քիչ ավելի լավ ստացվեր։ Չգիտեմ՝ ինչու հանրության մեջ կա կարծրատիպ, որ գյուղատնտեսությունը էն ամենավերջին գործն է ու պետք չի գիտություն։ Ծառը պետք է տնկես, ինքն իրեն աճի։ Իրականում դա սուտ է, ցանկացած տեղանքում այգի հիմնելուց մի քանի կոմպոնենտներ պարտադիր պիտի հաշվի առնվի»։

Հարությունը թվարկում է՝ հողը պետք է փորձաքննության տալ, հասկանալ՝ ինչ տարրեր, կառուցվածք ունի, օրինակ՝ հումուսի քանակը որքա՞ն է։ Պետք է ստուգել՝ քամո՞տ տարածք է, թե՞ ոչ։ Կարևոր չափումների այլ բաղադրիչներ էլ ծովի մակարդակից բարձրությունը և այդ տարածքում արևոտ օրերի քանակն են։

«Մի օրինակ բերեմ։ Չեմ ասի՝ որ տարածաշրջանում ծովի մակարդակից 1800մ բարձրության վրա մի գործարար հիմնել էր կանաչ խնձորի այգի։ Այդպես չի կարելի անել, որովհետև կանաչ խնձորը պիտի լինի բացառապես կանաչ գույնի, վրան այլ գույն, այլ երանգներ չպիտի լինեն։ Իսկ այդ գոտում… եթե դուք ուշադրություն դարձնեք՝ Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Սևանի երեխաների այտերը կարմիր են, կարմրաթուշ երեխաներ են, դա արևի ճառագայթներրից է։ Եվ նույնը անդրադառնում է խնձորի վրա։ Կանաչ խնձորը, երբ դառնում է կարմրաթուշ, արտասահմանում համարվում է խոտան, որովհետև կարմիր խնձորը պիտի լինի կարմիր, կանաչը՝ կանաչ։ Ու էդ արևային օրերը, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների քանակը հաշվի չառնելով հիմնել են կանաչ և իրենց աճեցրած խնձորը արտասահմանյան շուկաներում համարվելու է ցածրակարգ։ Չեմ ասի՝ ինքը վնասներ է կրելու, բայց իր օգուտը էականորեն պակասելու է չիմնացության պատճառով»։

Արևի «բնավորությունը» չիմանալը կարող է այլ խնդիրներ ևս առաջացնել։ Դրանք լուրջ են՝ մահվան չափ։ Մաշկաբան Ռուզաննա Մխոյանը 2009-ից դասավանդում, 2019-ից աշխատում է իր մասնագիտությամբ։ Տարբեր մաշկերի վրա տարբեր խնդիրներ է «կարդացել»։ Այժմ ռադիոյում է՝ պատմելու, թե ինչպես Արևից ստանալ վիտամին D, ոչ թե քաղցկեղ։

«Երբ մենք Արևն օգտագործում ենք չափավոր և ճիշտ, ապա դրանից ստանում ենք դրական ազդեցություն, ոչ թե բացասական։ Արևի բացասական կողմը հիմնականում ֆոտոծերացումն է․ մաշկին առաջանում են կնճիռներ և մի շարք այլ մաշկային խնդիրներ, հիվանդություններ։ Դրանցից ամենատարածվածն ու ամենաբարդը մաշկի քաղցկեղն է՝ մելանոման»։

Նախ, պարզ բարդության՝ կնճիռների մասին։ Արևը սխալ սպառելը վնասում է մաշկի այն բջիջները, որոնք սինթեզում են էլաստին և կոլագեն։ Վերջիններս ապահովում են մաշկի էլաստիկությունը։ Եթե մեր մաշկը դադարում է արտադրել այս նյութերը, ապա առաջանում են կնճիռներ՝ ֆոտոծերացում։ Հատկապես սպիտակամորթները պետք է զգույշ լինեն՝ ավելի լուրջ խնդրից խուսափելու համար․

«Մաշկը տարբերակում ենք ըստ ֆոտոտիպերի, այսինքն՝ յուրաքանչյուր մաշկի արևից պաշտպանվելու առանձնահատուկ մոտեցում է պետք։ Ֆոտոտիպերը վեցն են։ Որքան բաց է մաշկը, այնքան մելանինը ավելի քիչ է և հակառակը՝ որքան մուգ է մաշկը, այնքան մելանինն ավելի շատ է այնտեղ։ Մելանինը մաշկի պիգմենտն է, որը սինթեզվում է մելանոցիդների կողմից»։

Եղել են ժամանակներ, երբ մարդը մերկ է քայլել։ Սա ոչ թե անպարկեշտություն էր, այլ հագուստի բացակայություն։ Նախնադարում մարդու շորը տերևն էր, որն Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու լավագույն տարբերակը չէր։ Հագուստի գյուտը երկարաձգեց մարդու կյանքը։ Հետո մարդն Արևի հետ հարաբերվելու կանոնակարգ սահմանեց․

«Անհրաժեշտ է ճիշտ գտնվել Արևի ճառագայթների տակ։ Հիմնականում դա պայմանավորված է օրվա ժամով․ ճառագայթների վնասակար ազդեցությունը հիմնականում լինում է ժամը 12-ից 5-ն ընկած ժամանակահատվածում։ Արևից պետք է պաշտպանվել նաև հագուստի միջոցով․ որքան բաց գույնի լինի հագուստը, այնքան արևից պաշտպանված կլինենք»։

Կարևոր հայտնագործություն էին նաև արևապաշտպան քսուքները, որոնք արդյունավետ են հետևողական օգտագործելու դեպքում։ Մաշկաբանն ասում է՝ սահմանվել է դրանք օգտագործվելու օպտիմալ ժամանակահատված։ Քսուքը մաշկին պետք է քսել տնից դուրս գալուց 15-20 րոպե առաջ, որպեսզի այն սկսի աշխատել։ Թարմացնելու կարիք կզգացվի 2-3 ժամը մեկ։

Այս ամենն արվում է, քանի որ առաջին հերթին Արևն անխուսափելի է, եթե նույնիսկ մեր մաշկի ու առողջության հետ անմիջական կապ չունենար, և երկրորդ՝ մեզ վիտամին D է պետք․

«Արևի դրական ազդեցությունը հիմնականում պայմանավորված է վիտամին D-ի սինթեզով։ Վիտամին D-ն, սինթեզվելով մեր օրգանիզմում, ոսկորների, իմուն համակարգի, մարսողության, նյարդային համակարգի, ամբողջ օրգանիզմի վրա շատ դրական է անդրադառնում։ Վիտամին D-ն, իր դրական ազդեցությունից ելնելով, համարվում է հորմոն, ոչ թե վիտամին»։

Մասնագետը նշում է՝ օրական 15 րոպե ուլտրամանուշակագույն ճառագայթներ ընդունելը բավարար է վիտամինի անհրաժեշտ ողջ պաշարը հավաքելու համար։ Հորդորում է ոսկեգույն մաշկ ունենալու ցանկությունը չփաթեթավորել վիտամին ստանալու արդարացմամբ ու չընդունել այնպիսի արևայրուք, որը, բառի ուղիղ իմաստով, Արևի այրվածք կառաջացնի։ Առողջության հարցում անձնական գիտափորձեր անելու կարիք չկա։

«Աշխարհում ամեն ինչ սկսեց Արևից։ Արևի լույսին հաջորդում է բնությունը, բնությունն էլ կյանք է տալիս ամբողջ կենդանական աշխարհին։ Եթե Արևը չլիներ, չէին լինի բույսերը, իսկ բույսերը Արևի շնորհիվ կատարում են ֆոտոսինթեզ՝ ածխաթթու գազը վերածում են թթվածնի, և թթվածնի շնորհիվ գոյություն ունի երկրագնդի վրա ամբողջ շնչող կենդանական օրգանական աշխարհը»։

Բնության համագործակցային բնույթի շնորհիվ է, որ կանք։ Արևը մեծ է՝ բառի բոլոր իմաստներով։ Մենք բոլորս՝ մարդիկ, մոլորակները, աստղերը, զբաղեցնում ենք Արեգակնային համակարգի միայն 0.14 տոկոսը։ Մնացած 99.86 տոկոս տարածքը նրանն է։ Եվ չնայած նա բնությանը կյանք է տալիս՝ այն մեզ փոխանցելու պայմանով, իր անձնական պայմանները ևս ունի։ Գիտնականները դրանք բացահայտել ու շարունակում են ուսումնասիրել։

Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ՝ հերթական պարզ հարցի շուրջ մասնագետների որոնումների արդյունքները քննարկելու։

Back to top button