Երկրորդ շնչառություն

Թոշակի անցնելը հնարավորություն է գնալ երազանքների հետևից. 67-ամյա ուսանող Սուսաննա Ճուղուրյան․ «Երկրորդ շնչառություն»

67 տարեկանում շարունակել կրթությունը մագիստրատուրայում և գնալ երիտասարդ տարիներին չիրականացրած նպատակների հետևից: Սուսաննա Ճուղուրյանի ավյունն ու ջանասիրությունն օրինակ կարող են լինել բոլորի համար: Առաջ գնալու նրա խթանները կենսասիրությունը, ձգտումներն ու գույներն են:

«Ավարտելուց հետո ունեմ շատ գեղեցիկ նպատակ` որոշել եմ ուսումս շարունակել ասպիրանտուրայում, դրա բոլոր նախադրյալները կան: Շատ շնորհակալ եմ ինձ աջակցող մարդկանց, ես մոռանում եմ տարիքս, ոգեշնչվում եմ, երիտասարդանում եմ և չեմ զգում, թե թոշակի անցած մարդ եմ։ Իրականում չեմ էլ համարում, որ թոշակառու եմ, քանի որ դա խիստ հարաբերական է: Մարդիկ 20 տարեկանում կարող է չունենան այն ձգտումները, որ մեկ ուրիշն ունի 60- 70-ում: Կոչ եմ անում բոլորին հետևել իմ օրինակին, գնալ կյանքի բացթողումների և երազանքների հետևից, դառնալ ավելի երիտասարդ, չէ՞ որ ուսումը երիտասարդացնում է, ձգտումները երիտասարդացնում են»,- ասում է զրուցակիցս:

Ավարտել է Մանկավարժական համալսարանը, աշխատել է մանկապարտեզում, ղեկավարել է այն, դասախոսել է քոլեջում և այսօր ժամանակ է գտել խորացնել գիտելիքները Գիտությունների ազգային ակադեմիայում՝ Կլինիկական հոգեբանության և հոգեթերապիայի ֆակուլտետում, դառնալ կլինիկական հոգեբան և օգնել մարդկանց: Հիշելով, որ մանկուց երազել է բժիշկ դառնալ և օգնել մարդկանց, նա անցած տարիների ընթացքում չի դադարել ուսումնասիրություններ կատարել, պրպտել ու երբեք չի հեռացել մասնագիտությունից:

Սկզբնական շրջանում մտավախություն է ունեցել, որ չի ստացվի ինտեգրվել թոռնուհիների տարիքի կուրսընկերների հետ, բայց կարճ ժամանակ ընկերացել են, առաջին նստարանին նստող տիկին Սուսաննային բոլորը լավ են վերաբերում: Իր պոտենցիալը միայն ընդունվելուց հետո է բացահայտել, ասում է՝ երբ մի բան ի սրտե որոշում ես անել կարծես տիեզերքն ի օգուտ քեզ է աշխատում։ Ընտանիքի անդամները նրա ցանկության մասին լսելիս միայն մի պահ զարմացել են, հետո՝ խրախուսել: Սիրելի ամուսինը, որդին, դուստրերը, ինչպես նաև ուսանող թոռներն ամեն կերպ աջակցում են տատիկին, որ իրենց ընկերն ու խորհրդատուն է:

«Այն ժամանակ ես էի իրենց համար գրենական պիտույքներ առնում դպրոց գնալիս, իսկ այսօր ամեն մեկը մի բան բերում նվիրում է, թե տատի՛կ ջան քեզ գիրք, գրիչներ, թղթեր: Ոչ մի բանի կարիք չեմ ունենում, կարծես նոր ուսանող եմ՝ շրջապատված հոգատար ծնողներով»,- ասում է Սուսաննան:

Նա շատ է ոգևորվում, երբ ուսանող թոռնուհիներն իր ակնոցներն ու շարֆերն են օգտագործում կամ աղջիկների նախընտրած վառ գույներն իրեն էլ են հոգեհարազատ:

«Սա իմ երիտասարդության գաղտնիքն է, ինչպես նաև լավատեսությունն ու համբերատարությունը, որ ամեն ինչ լավ կլինի: Մի սկզբունք ունեմ՝ միշտ ձգտել լավագույնին, որ գոնե լավին հասնեմ»,-անկեղծանում է զրուցակիցս:

Թոշակի անցած տարեկիցներին տիկին Սուսաննան խորհուրդ է տալիս որևէ կերպ ստեղծագործել, կյանքն անիմաստ չհամարել, միշտ նպատակային լինել ու բարիք ստեղծող որևէ գործով զբաղվել: Նա հպարտանում է իր բիզնեսով, որ հնարավորություն է տալիս գույներ ու ճաշակ թելադրել մարդկանց:

«Թոշակի գնալը դեռ դատավճիռ չէ, մարդիկ պետք է հասկանան, որ դրանով չեն ծերանում: Ոչ թե տարիները, այլ մտածողությունն է ծերացնում մարդուն: Թոշակի անցնելով ոչինչ չի փոխվում, ընդհակառակը, դա մարդուն տալիս է հանգիստ, որ նա կարողանա վեր հանել իր մյուս պոտենցիալ հնարավորությունները: Մարդիկ թող չմտածեն, որ թոշակի գնալը սահմանափակում է իրենց կյանքը, հնարավորությունները, ստեղծագործությունները և ձգտումները։ Կուզեի, որ մարդիկ երբեք չդադարեին սիրել կյանքը, եթե սիրում ես կյանքը, այն իր հանդեպ ունեցած սիրո համար քեզ վարձատրում է, պարգևատրում է հաղթանակներով և հաջողություններով»,- եզրափակում է տիկին Սուսաննան՝ հավելելով, որ սիրելի ամուսնու հետ իրենց կյանքը բովանդակալից են դարձնում նաև ճամփորդելով աշխարհով մեկ:

Back to top button