Վերնատուն

Կամուրջ՝ արվեստի ու բիզնեսի միջև․ ի՞նչ է փոխում «Կատապուլտը»․ «Վերնատուն»

Մեկ ամիս շարունակ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում տեղի է ուենալու «Կատապուլտ» ստեղծարար արդյունաբերության էքսպոն, որը կազմակերպել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։

«Մշակութային և ստեղծարար արդյունաբերությունը նոր հասկացություն է, իր մեջ ներառում է ստեղծագործական տարբեր ոլորտներ՝ կերպարվեստ, երաժշտություն, կինո, ստեղծարար տեխնոլոգիաներ, ճարտարապետություն։

«Կատապուլտ» ծրագիրը նպատակ ունի զարգացնել ոլորտները՝ նպաստելով ստեղծարար տնտեսության զարգացմանը», – ասում է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը։

«Կատապուլտը» միջոցառումներից ու տոնավաճառից կազմված ծրագիր է, որտեղ ցուցադրվելու են ապրանքներ և նախագծեր՝ ընդգրկելով կերպարվեստի, ստեղծագործական տեխնոլոգիաների, դիզայնի, ճարտարապետության, նորաձևության և տպագրության ոլորտները:

«Ստեղծագործողի մեջ միշտ վախ կա, երբ հանդիպում է շուկային կամ շուկայական կանոններին, քանի որ երբ այդ հանդիպումը տեղի է ունեցել, բիզնես ոլորտը եղել է դոմինանտ և իր կանոններն է թելադրել։

Ի՞նչ ենք մենք ուզում փոխել․ նախ՝ որ արվեստագետը պատրաստ լինի այդ հանդիպմանը, իմանա իր իրավունքներն ու գործառույթները, երկրորդ՝ ոլորտը ավելի արվեստանպաստ լինի, բիզնեսը գնահատի արվեստագետի գործունեությունը։

Առանց բիզնեսի և արվեստի հանդիպման արվեստը միշտ կախված է լինելու ամեն ինչից։ Մեր նպատակներից մեկն էլ այն է, որ արվեստագետը լինի անկախ» , – ասում է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի միջոցառումների և հաղորդակցման ղեկավար Շողակաթ Մլքե-Գալստյանը։

Նպատակ կա նաև հայաստանյան ներուժը ներկայացնել արտերկրում՝ ոչ միայն կապեր ստեղծելով, այլ նաև այդ կապերը համագործակցային մի շարք ծրագրերով ուժեղացնելով, նաև դրսի հարթակներում պարբերաբար ներկայանալով։

Կազմակերպիչները նշում են, որ Հայաստանը քիչ է ներկայացվված դրսի հարթակներում ու հիմնականում ճանաչված է միջնադարյան արվեստով ու ավելի քիչ է ճանաչված ժամանակակից արվեստը։

Հայաստանը պետք է տեսանելի լինի դրսի կարևոր մշակութային էքսպոներում, փառատոններում և միջոցառումներում։ Միջազգային հարթակներում ճիշտ ներկայացվելուց հետո արվեստագետն իրեն ավելի գնահատված կզգա։

«Մենք շատ մեծ պոտենցիալ ունենք․ եթե սկսենք կամուրջներ ստեղծել, մեր էքսպոն մեջտեղ կբերի տարբեր տաղանդներ ու արտադրանքներ։ Մենք ստեղծարար ենք նաև լուծումներ գտնելով, մենք կրեատիվ ենք ամեն ինչում ու գիտենք, որ մշակույթը մեր լույսն է, որը մեզ միշտ առաջ է տանելու», – ասում է Աննա Գարգարյանը։

«Կատապուլտ» ստեղծարար արդյունաբերության էքսպոն Մարտի 31-ից ապրիլի 30-ը տեղի կունենա «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում:

Back to top button