Ժամանակի վկան

Միհրան Մինասյան հայագետն ու ցեղասպանագետը․ «Ժամանակի վկան»

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի խորհրդական և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արևելագիտության բաժնի խորհրդական, արաբագետ, թարգմանիչ, հայագետ, ցեղասպանագետ, ձեռագրագետ, արխիվագետ Միհրան Մինասյանն առանց համալսարանական կրթության, միմիայն ինքնակրթությամբ կարողացել է հասնել մեծ հաջողությունների։

Թե ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում է դա տեղի ունեցել, կիմանաք՝ լսելով անչափ հետաքրքրիր այս պատմությունը՝ բացահայտելով մեր օրերում, մեր կողքին ապրող մի նվիրյալ հայի, անխոնջ գիտնականի անսովոր կենսագրությունը, որն ուսանելի է, ինչպես նաև՝ նրա կյանքի տարբերվող փորձը, որն օրինակելի է։

Հայոց ցեղասպանությունից հետո Միհրան Մինասյանի դեռևս երիտասարդ տատիկներն ու պապիկները հայտնվեցին Սիրիայում, հանդիպեցին միմյանց, ընտանիք կազմեցին ու վերընձյուղվեցին։ Երևանի համալսարանում կրթությունը շարունակելու ջանքերն ապարդյուն էին։ Խորհրդային վարչամեքենան խիստ հսկողություն էր սահմանել հատկապես սփյուռքահայերի վրա, որոնք փորձում էին Հայաստանում որևէ գործունեություն ծավալել։

Հալեպի Հայ երիտասարդաց միության հարուստ գրադարանում աշխատանքի ընդունվելը ճակատագրական նշանակություն ունեցավ և ուղղորդեց պատանի Միհրանի կյանքի հետագա ընթացքը։

Արխիվագետի մասնագիտության մեջ խորանալուն նպաստեց մի քանի արխիվներում աշխատանքային գործունեությունը։ Միհրան Մինասյանը տիրապետում է մի քանի լեզվի։

Հայաստան տեղափոխվելուց հետո՝ ընդամենը մեկ շաբաթ անց, միաժամանակ սկսեց աշխատել հայաստանյան երկու կարևորագույն հայագիտական թանգարան-ինստիտուտներում։

Միհրան Մինասյանի հայագիտական գործունեության մեջ նշանակալից տեղ է զբաղեցնում թարգմանչական գործունեությունը։ Եզակի ստեղծագործությունների թարգմանությունները հրատարակվել են թե՛ առանձին գրքերով և թե՛ տարբեր թերթերում ու ամսագրերում։

Մատենադարանում Միհրան Մինասյանի գիտական հետազոտությունների շրջանակում են արաբական աշխարհին, հայ-արաբական առնչություններին վերաբերող նյութերը։ Անձնական հարուստ մատենագիտական հավաքածուն, որը հավաքել է տարիների ընթացքում, ցավոք, այժմ Հալեպում է, և հեռավորությունը խանգարում է մի շարք ուսումնասիրություններ ավարտին հասցնելուն։

Գիտական աշխատանքով մշտազբաղ Միհրան Մինասյանն ուսումնասիրում է ձեռքի տակ եղած նյութերը՝ այս անգամ արդեն լրացնելով մատենագիտական հրատարակված ժողովածուները՝ ցուցակներից դուրս մնացած գրքերով և մամուլով։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Միհրան Մինասյանն զբաղվում հիմնականում հուշագրություններով։

Այս ամբողջ հայագիտական և ցեղասպանագիտական աշխատանքներին զուգահեռ և, միգուցե, առավել բոլորից, Միհրան Մինասյանը խոստովանում է, որ իր կյանքում յուրահատուկ տեղ է զբաղեցնում դեռ պատանության տարիներից իր միտքն ու հոգին իմաստով լցնող գործը՝ Հայոց ցեղասպանության վերապրածների հուշերը ձայնագրելն ու գրառելը։

Back to top button