Երաժշտական եռանկյունի

Հովհաննես Մանուկյան․ երգեհոնահար, կոմպոզիտոր, երաժշտագետ․ «Երաժշտական եռանկյունի»

Քիչ առիթներ են լինում խոսելու արվեստագետի հետ, որն իր գործունեությունը ծավալի այդչափ բազմազան բնագավառներում:

Դեռևս պատանեկան տարիքից Հովհաննես Մանուկյանը դրսևորել է վառ հակումներ դեպի երաժշտությունը, դրան բնականաբար նպաստել են նրա ծնողների երաժիշտ լինելը, արվեստային մթնոլորտն ընտանիքում և բնականաբար՝ բազմաթիվ շփումները երաժիշտների հետ:

Հովհաննեսի քույրը ևս հայտնի երաժիշտ է ակադեմիական և ջազային ոլորտներում, դաշնակահար և ֆլեյտահար Նելլի Մանուկյանն է:

Ընդունվելով Չայկովսկու անվան երաժշտական դպրոց՝ Հովհաննեսն ավարտել է այն երեք մասնագիտական ուղղություններով՝ որպես ջութակահար, դաշնակահար և կոմպոզիտոր:

«Իմ ուսման տրամաբանական ընթացքը կանգնեցրեց ինձ լուրջ ընտրության առջև և ես, ի զարմանս բոլորի, նախընտրեցի երգեհոնը և միաժամանակ կոմպոզիցիայի բաժինը։ Երգեհոնի իմ պրոֆեսորը հայտնի երգեհոնահար Արթուր Ադամյանն էր, իսկ կոմպոզիցիան ինձ դասավանդում էր հայ անվանի երաժիշտ, կոմպոզիտոր, պրոֆեսոր Էդվարդ Միրզոյանը»,- ասում է Հովհաննես Մանուկյանը:

Կոնսերվատորիայի ուսման տարիները երաժիշտը վերհիշում է որպես մեծ պարգև և երանություն: Իր երկու պրոֆեսորները հմուտ կերպով ուղղորդում էին երաժշտին, հաղորդում գիտելիքներ, հետևում նրա զարգացմանն ու առաջընթացին:

Հովհաննես Մանուկյանը դեռևս դպրոցական հասակում մասնակցելով Արամ Խաչատրյանի անվան մրցույթին, որը կազմակերպել էր «Ամադեուս» կազմակերպությունը Բելգիայում, արժանանում է գլխավոր մրցանակին՝ ոսկե մեդալի՝ որպես երիտասարդ կոմպոզիտոր, իսկ Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին՝ 2004թ. ստանում է Ղազարոս Սարյանի և Գեորգի Սարաջևի անվան մրցանակաբաշխության առաջին աստիճանի դիպլոմ:

2005 թ. մասնակցելով նախագահական մրցույթին՝ արժանանում է նախագահի հատուկ կրթաթոշակի՝ իր եռամաս «Փառք որդուն Աստծո» կոմպոզիցիայի համար: 2006թ.ին ավարտելով Կոնսերվատորիան՝ նա շարունակում է իր ուսումը ասպիրանտուրայում՝ կոմպոզիցիայի բաժնում՝ Էդվարդ Միրոզյանի դասարանում և երգեհոն՝ երգեհոնային դպրոցի հիմնադիր, պրոֆեսոր Վահագն Ստամբոլցյանի դասարանում:

2008թ.-ին Արամ Խաչատրյանի հոբելյանին նվիրված մրցանակաբաշխությանը նա արժանանում է ՀՀ Կոմպոզիտորների միության ոսկե մեդալի: Միևնույն՝ 2008 թ. նա ստանում է Վատիկանի լավագույն երգեհոնահար Ջիանլուկա Լիբերտուչիի հատուկ մրցանակը՝ իր սոնատի համար:

Զուգահեռ կոմպոզիտորական և կատարողական գործունեությանը՝ Հովհաննես Մանուկյանը 2009 թ. պաշտպանել է ատենախոսություն ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում և 2013 թ. աշխատանքի անցնում Արվեստի ինստիտուտի երաժշտագիտության բաժնում: 2007 թվականից նա անդամակցում է ՀՀ կոմպոզիտորների միությանը, իսկ 2009-2013 թթ. աշխատում է Կոնսերվատորիայում՝ որպես երգեհոնի դասախոս: Այսօր երաժիշտը պարբերաբար հանդես է գալիս երգեհոնային համերգներում, մասնակցում է փառատոներին, գրում նոր ստեղծագործություններ և երաժշտագիտական հոդվածներ:

2023 թ. նա հրատարակել է երկսկավառակ ալբոմ: Մանուկյանն ունի ստեղծագործություններ՝ գրված նվագախմբի, խառը երգչախմբի, երգեհոնի և դաշնամուրի համար: Հաղորդման ընթացքում հնչում են Հովհաննես Մանուկյանի տարբեր տարիների և տարբեր ժանրերի ստեղծագործությունների, ինչպես նաև՝ նրա կատարումները:

Back to top button