Գերդաստաններ

Սայադյաններ․ տեղամասային փորձառու բժշկից մինչև բժիշկ-գիտնական․ «Գերդաստաններ»

Քսան տարուց ավելի է, ինչ Նորք-Մարաշ համայնքում գտնվող 5-րդ պոլիկլինիկան  կրում է Հայկազ Սայադյանի անունը՝  ի պատիվ այստեղ մեծ նվիրումով ու սիրով  ծառայած բժշկի, որին այս թաղամասում բոլորը սիրում էին ու գնահատում, քանի որ Սայադյանը բանիմաց էր, պարտաճանաչ, հասնում էր ժամանակին, շատ անգամ  կարիք չէր լինում հիվանդանոց կամ այլ բժշկի դիմելու։ Երբ բժիշկը քայլում էր համայնքով և հանդիպում էր իր բուժառուներին՝ ժպտուն ու առողջ դեմքերով հոգին լցվում էր հպարտությամբ և մեկ անգամ ևս համոզվում, որ ինքը ծառայում է  երդմանը հավատարիմ։

Հետագայում նվիրումի այս ճանապարհը շարունակեցին նրա որդին՝ Գագիկ Սայադյանը, դուստրը՝ Շահիկ Սայադյանը և թոռնուհին՝ բժշկական գիտությունների թեկնածու Արմինե Սայադյանը։ 

Գագիկ Սայադյանը դստեր՝ Արմինե Սայադյանի հետ

Սայադյանների նախնիներն ապրում էին Եղեգնաձորում։ Հայկազ Սայադյանը դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց բժշկական ուսումնարան, քանի որ մարդկանց առողջական խնդիրներն ու նրանց օգնելը երիտասարդին հետաքրքրում էին դեռ մանկուց։ Երբ գյուղի բնակիչները հաճախ էին դիմում մարդկանց, որոնք բույսերից դեղեր էին պատրաստում և ինչ-որ ձևով օգտակար լինում հիվանդներին, Հայկազը հետաքրքրվում էր նրանց կատարած աշխատանքով, ու կարծես, ինքն իրեն պատկերացնում էր այս գործում։

Գագիկ Սայադյան

1942 թվականն էր, երբ Հայկազը մեկնեց ռազմաճակատ։ Այստեղ, տեսնելով  վիրավոր զինվորներին և բժիշկներին, որոնք բուժում էին նրանց, ավելի հետաքրքրվեց այս մասնագիտությամբ և սիրեց այն։ Պատերազմից վերադառնալուց անմիջապես հետո ուսումը շարունակեց Երևանի բժշկական ինստիտուտում և ավարտելուց հետո աշխատանքի անցավ Նորքի 5-րդ պոլիկլինիկայում։

Որդին՝ բժիշկ-թերապևտ, նաև առողջապահության կազմակերպման մասնագետ Գագիկ Սայադյանը և  թոռնուհին՝ բժշկական գիտությունների թեկնածու, մանկաբարձ — գինեկոլոգ Արմինե Սայադյանը, հորն ու պապիկին հիշում են որպես տեղամասային թերապևտ, որը օգնության էր հասնում առանց ժամանակ կորցնելու։

Արմինե Սայադյան

Սայադյանների տանը երեխաները հաճախ էին «բժիշկ-բժիշկ» խաղում՝ հրավիրում, դիմավորում, խորհրդակցում, դեղորայք նշանակում, ճանապարհում․ գրեթե միշտ մտնում էին իրենց պապի՝ Հայկազ Սայադյանի կերպարի մեջ։   

Նորքի բնակիչները հարգում, սիրում էին Սայադյանին, վստահում էին նրան ոչ միայն որպես մասնագետի, այլև՝ որպես հաշտարարի։ Տարեց Սայադյանի ներկայությունը միշտ զգոն էր պահում գործընկերներին։ Նա ուներ նաև ներգործելու «դեղատոմս»՝ բացատրելու, հասկացնելու մեծ կարողություն։ Գիշերվա որ ժամն էլ լիներ, օգնության կհասներ՝ ասում է Նորքի հին բնակիչներից մեկը՝ Մարիետա Բարսեղյանը։

Հայկազ Սայադյանի որդուն՝ Գագիկ Սայադյանին միշտ թվում էր, որ ինքը շարունակելու է հոր գործը, դառնալու է տեղամասային բժիշկ։ Բայց Եղեգնաձորում տեղամասային բժիշկ աշխատելուց հետո նրան սկսեցին հետաքրքրել առողջապահության ոլորտի կազմակերպական աշխատանքներն, ու նա սկսեց Եղեգնաձորի կենտրոնական շրջանային հիվանդանոցում աշխատել որպես գլխավոր բժշկի տեղակալ։ Գագիկ Սայադյանը Երևան տեղափոխվելուց հետո աշխատանքը շարունակում է առողջապահության կազմակերպման ոլորտում։

Արմինեն պատմում է, որ շատ բան է սովորել հայրիկից՝ այդ թվում առողջապահական ոլորտի կազմակերպման հմտությունները։ Բժշկի մասնագիտությունն ընտրելիս Արմինեին ո՛չ պապը, ո՛չ էլ հայրը չեն ուղղորդել։ Պարզապես տեսել է նրանց աշխատանքը, հետո՝ սիրել։

Նրա կարծիքով՝ սա դժվար և պատասխանատու աշխատանք է։ Պետք է սիրես, որ կարողանաս հաղթահարել դժվարությունները՝ ասում է Արմինեն։ Արմինե Սայադյանը բժշկական գիտությունների թեկնածու է, մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, աշխատում է նաև «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ում։ Այստեղ նա իրեն երջանիկ է զգում, երբ տեսնում է իր աշխատանքի արդյունքը՝ երկար սպասված փոքրիկին։

Back to top button