Մտքի ուժը

Կենսաֆիլտրեր՝ անվնաս հանքարդյունաբերության համար. օգնության կգան մանրէները․ «Մտքի ուժը»

Դրանք շատ են, բայց ընտրվում են անհրաժեշտները։ Այս դեպքում ընտրողը երիտասարդ գիտնականներն են, «թիրախը»՝ մանրէները։

Հանդիպում են հանքարդյունաբերական ձեռնարկություններին կից տարածքներում։ Գիտնականն ու մանրէն դժվար են հանդիպում. խանգարողը տնտեսվարողներն են։ Նրանք հաճախ  թույլ չեն տալիս տեղում նմուշառում կատարել։ Ուստի գիտնականները ստիպված են նմուշառումն իրականացնել հանքավայրերին կից հատվածներում գտնվող պոչանքներից և լքված հանքավայրերից։

Մեկուսացնել, ստանալ մանրէների մաքուր կուլտուրա, ապա ուսումնասիրել։ Հետաքրքրության թիրախը պատահական չեն ընտրել․ Հայաստանը հարուստ է բազմամետաղ հանքերով,  իսկ այդ հանքերի շահագործման արդյունքում առաջանում են մի շարք խնդիրներ՝ էկոլոգիական և առողջական։

Հետաքրքիր են հատկապես Հայաստանի մետաղական հանքավայրերն ու պոչամբարները։ Ոչ միայն ստանալ մետաղակայուն մանրէ, այլ նաև հասկանալ՝ տվյալ մետաղի հանդեպ մանրէի վերաբերմունքը,՝ ասում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կ.գ.թ. Արմինե Մարգարյանն ու նշում, որ իրենց ավելի շատ կենսակուտակումն է հետաքրքրում։

Աշխատանքները միտված են ավելի անվտանգ հանքարդյունաբերություն զարգացնելուն՝ ասում է Արմինե Մարգարյանը։ Ու եթե ամեն ինչ բաերահաջող լինի, կկարողանան կենսաֆիլտրերը տնտեսություն հասցնել։

ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի մոլեկուլային մանրէաբանության լաբորատորիան լուսավոր է, մաքուր ու հագեցած ժամանակակից սարքավորումներով։ Այստեղ փորձեր անելու համար կարևոր նախապայմաններից է սպիտակ խալաթն ու աշխատանքի նկատմամբ նվիրվածությունը։

Հետազոտական արդյունքներին սպասում են երկար, բայց դրանց մեծ մասը ոչ միայն առևտրայնացման պատրաստ առաջարկներ են, այլև կարող են գիտության զարգացման համար առանցքային նշանակություն ունենալ։

Այստեղ ասում են, որ մանրէների հետ աշխատելը շատ հետաքրքիր է։  Լաբորատորիան վերազինվել է, բայց դեռ նոր գաղափարներ ունեն։

Նախատեսում են մոլեկուլային հետազոտությունների խցիկ ունենալ, գաղափարը դեռ ձգձգվում է, բայց կլինի՝, ասում է Արմինե Մարգարյանը ու նշում՝ սարքն արդեն ունեն մետաղակայնության մեխանզիմների ուսումնասիրման համար։ Դա հնարավորություն կտա հասկանալ՝ ինչպե՞ս է մանրէն կարողանում դիմակայել  թունավոր կոնցենտրացիաներում։

Այս գաղափարը հաղթել է ԿԳՄՍ հայտարարած «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթում։ Ներկայացված  54 հայտերից հաղթող են ճանաչվել 5-ը։ 

Back to top button