Վերնատուն

Հայկական նորաձևությունը միայնա՞կ, թե՞ աշխարհին համընթաց․ «Վերնատուն»

Հայկական ազգային տարազը ժամանակի ընթացքում չնչին փոփոխությունների է ենթարկվել՝ ի տարբերություն Եվրոպայի, որտեղ փոփոխություններն ակնհայտ էին դառնում և նորովի զարգանում յուրաքանչյուր նոր արքայի հետ միասին՝ ասում է հագուստի պատմաբան Օֆելյա Ազիզյանը։ Հայկական տարազի առանձնահատկություններն ու փոփոխությունները կախված են նրանից, թե ովքեր են եղել մեր հարևան պետությունները։

«Մուսուլմանական երկրների հարևանությամբ ապրելով՝ կանայք ստիպված ծածկել են գլուխը։ Մայրաքաղաքում և կենտրոնական նահանգներում, օրինակ՝ Այրարատի գավառում, կանաց գլուխը բաց է եղել, վարսերը երևացել են, հագուստն ավելի բաց դեկոլտե է ունեցել», – նշում է Օֆելյա Ազիզյանը։

19-20-րդ դարերում տարազի փոփոխության վրա մեծ ազդեցություն են ունեցել դրսում կրթություն ստացող երիտասարդները, որոնք գավառ են վերադարձել նոր հագուստներով ու նոր բարքերով և նորաձևության առաջին տարածողները հենց տղամարդիկ են եղել․ նրանց հագուստն ավելի արագ է փոփոխության ենթարկվել, քանի որ ի տարբերություն կանանց, նրանք ավելի շատ են եղել հասարակության մեջ, գործարար կապեր են ունեցել և ավելի շատ են ճամփորդել։

Արևմտահայ տարազի ուսումնասիրության համար նշանակալի դեր ունեն Վարդգես Սուրենյանցի ճեպանկարները։ «Սուրենյանցը, իր հոդվածներից մեկում գրում է, որ ապշած է հայ կանանց ճաշակի վրա, տարազում այնպիսի համադրություններ էին անում, որ ոչ մի նկարիչ չէր կարող, նույնիսկ հագուստի մաշվածությունը փակելու համար այնպիսի կտորներ էին ընտրում, որոնք հետաքրքիր կերպով զուգակցումներ էին և նկարիչը դա բացատրում էր հայ կանանց՝ բնության հետ ունեցած կապով», – ասում է Օֆելյա Ազիզյանը։

Օֆելյա Ազիզյանը խոսում է Պոլսում, Թիֆլիսում, Շուշիում հայ նորաձևության ամսագրերի գոյության մասին և թե ինչպես են ժամանակին մեկնաբանվել նորաձևությունն ու ճաշակը, ասում է՝ հայկական նորաձևությունը զարգացնելու համար կարևոր են միասնականությունն ու կոնցեպտուալ առաջարկները՝ նշելով Բելգիայի ու Ճապոնիայի օրինակները։

«Մենք հիմա քիչ- քիչ սկսում ենք ճիշտ մեկնաբանել մեր տարազն ու նորաձևությունը։ Ազգայինը կարող է լինել ժամանակակից, եթե այն կոնցեպտ ունենա։ Ժամանակակից նորաձևությունը կոնցեպտի վրա է հիմնված, այստեղից է, որ նորաձևությունը պոկվում է արհեստից և դառնում է արվեստ», – ասում է Օֆելյա Ազիզյանը։

Հագուստի պատմաբանի հետազոտության նյութը հիմա հայկական տարազն է 20-րդ դարի սկզբի հայ արվեստում, իսկ հետագայում կցանկանար հետազոտել, թե ինչպես են ժամանակակից տեխնոլոգիաներն ազդում նորաձևության վրա և ինչպես է արհեստական բանականությունն աշխատում նորաձևության համար։

Back to top button