Վերնատուն

Վարքուբարք և արդիականացման քաղաքականություն․ երկու բևեռների միջև․ «Վերնատուն»

Հայկական արդիությունների բազմակողմ հետազոտությունը Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի առաջնահերթություններից է։ Ինստիտուտի Հայկական արդիությունների ուսումնասիրման նախագծի շրջանակներում «Բարք և քաղաքականություն» երկամյա հետազոտական ծրագիրը փորձել է շոշափելի դարձնել վարքուբարքի ու արդիական քաղաքականությունների փոխազդեցություններն ու լարումները։

Ինստիտուտի հետազոտողներ՝ արվեստաբան Իրինա Շահնազարյանն ու գրականագետ Սիրանուշ Դվոյանը խոսում են ինստիտուտի առաջնահերթ նպատակներից՝ ամփոփելով «Հայկական արդիություններ. բարք և քաղաքականություն» միջազգային գիտաժողովը։ Հայերի արդիացման պրոցեսները և այդտեղ ի հայտ եկած խնդիրների ուսումնասիրությունն ու հետազոտությունը Հովհաննիսյան ինստիտուտի օրակարգում է հիմնադրման օրից։

«Դա գալիս է այն կյանքի պայմաններից ու խնդիրներից, որոնց ինքներս ենք բախվում մեր առօրյա կյանքում և՛ որպես Հայաստանի քաղաքացի, և՛ որպես հետազոտող։ Մեր բոլոր աշխատանքները նախապատրաստել են այս նախագիծը, բոլոր հրատարակությունները հետազոտական են և դրանց հիմքում հայերի արդիացման խնդիրներն են», – ասում է Սիրանուշ Դվոյանը։

Եվ պատմականորեն, և հիմա շատ սուր խնդիր են մնում քաղաքական արդիացման նախագծերը ու մեր առօրյա կյանքը՝ ասում է Սիրանուշ Դվոյանը՝ հավելելով, որ մեր արդիացումը տեղի է ունեցել հենց այս երկու բևեռների միջև՝ սուր բախումներով ու լարումներով։ Հետազոտողներն ասում են, որ իրենց խնդիրը չէ այդ բևեռներից մեկի կողմից խոսել։ Խնդիրը այդ հակասություններով հանդերձ ինքներս մեզ հասկանալն ու ճանաչելն է՝ նշում են։

«Արդիացման նախագծերը սովորաբար քաղաքական նախագծեր են, իսկ մեր վարքուբարքը փոխելու նպատակադրումը գալիս է քաղաքական նպատակադրումներից», – ասում է Իրինա Շահնազարյանը։

Հետազոտողների խնդիրը ոչ թե ինքնությանը որոշակի ձևակերպումներ տալն ու դեղատոմսեր առաջարկելն է, այլ ինչպես իրենք են ասում, «բացել և ճանաչելը»։

«Մենք պատասխաններ չէ, որ փնտրել ենք, այլ փորձել ենք ճանաչել ինչ հակասություններ են պայմանավորում մեզ, մեր արդիականացման պատմությունը և այդ բացված հեռանկարն է, որ թույլ է տալիս վերամտածել մեր ներկան՝ վերամտածելով անցյալը», – ասում է Իրինա Շահնազարյանը։

Back to top button