ԿարևորՀասարակություն

Առգրավվում և ոչնչացվում է բացօթյա վաճառվող մսեղիքը. ՍԱՏՄ-ն ու ոստիկանությունը վերահսկում  են մսամթերքի շուկան

Ինչպե՞ս վերահսկել բակային մորթն ու արգելել մսամթերքի  բացօթյա վաճառքը: Թեև ոչ սպանդանոցային ծագման մսամթերքի իրացումն արգելված է օրենքով, բայց խնդիրը կարգավորված չէ հատկապես  մարզերում։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ոստիկանության հետ խստացված վերահսկողություն է իրականացնում Արմավիրի մարզում: Բացօթյա առևտրից առգրավված մսամթերքն առգրավվում է և ոչնչացվում:

Ամանորի նախաշեմին ավելանում է կենդանիների բակային մորթն ու մսեղիքի                   մեծաքանակ վաճառքը, որն իրականացվում է բացօթյա տարածքներում՝ ճամփեզրերին: Մինչդեռ բակային սպանդն արգելված է օրենքով: Սննդամթերքի անվտանգության երաշխիքը սպանդանոցային մորթը հավաստող վկայագիրն է՝ հաստատում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը։

«5-րդ ձևը տրամադրելու համար սպանդանոցը պետք է գյուղական անասնաբույժի 1-ին ուղեկցող ձևով ընդունի կենդանի անասունը, կատարի նախասպանդային զննում, իրականացնի սպանդ, որից հետո՝ հետսպանդային զննում։ Միայն մսի անվտանգության դեպքում է սպանդանոցը սպասարկող անասնաբույժը դուրս գրում 5-րդ ձևի վկայականը»:

Արմավիրի մարզում գործում է 8 ստացիոնար և 2 շարժական սպանդանոց, որի հզորությունը բավարարում է նաև մյուս մարզերի անասանգլխաքանակի սպանդի համար, բայց հաճախ անասնատերերը  նախընտրում են բակային մորթը։

«Սպանդանոցային մորթին հիմնականում դեմ են միջնորդ մսավաճառները, որոնք գյուղացուց առնում են կենդանուն, մորթում և միսը  հանձնում: Սպանդանոցների դեպքում իրենք՝ որպես օղակ, այլևս պետք չեն և դիմադրություն են ցույց տալիս: Երբ համակարգն ամբողջությամբ աշխատի, գյուղացին կամ ֆերմերն ավելի թանկ գնով կկարողանան  միսը հանձնել սպանդանոցին,  սպանդանոցն էլ՝ ավելի մեծ քանակությամբ մթերել»:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ոստիկանության հետ խստացված անասնահամաճարակային մշտադիտարկման գործընթաց է սկսել մարզերում և Երևան քաղաքում: Ստուգում են մատակարարվող և վաճառվող կենդանական ծագման մթերքի և հումքի սպանդանոցային ծագման փաստը, անասնաբույժական 5-րդ ձևի վկայականի առկայությունը:

Արգելվում է կենդանական ծագման մսամթերքի բացօթյա առևտուրը: Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն առաջարկել է համայնքների ղեկավարներին աջակցել տեսչական մարմնին և բնակչությանն իրազեկել այս մասին:

«Նախ՝ պետք է կապ լինի համայնքների և ՍԱՏՄ տարածքային ստորաբաժանման միջև: Համայնքների կողմից պետք է կամք և ցանկություն լինի բացօթյա առևտրի մասին տեղեկացնելու մարզային կենտրոնին, որից հետո այս երեք մարմինները պայմանավորվեն ու դուրս գան հսկողության: Կարծում եմ՝ պետք է կամք դրսևորել»:

Նախատոնական օրերին մսամթերքի մեծաքանակ վաճառք է իրականացվում հատկապես Էջմիածին-Երևան մայրուղու  Զվարթնոց-Պտղունք հատվածում, Էջմիածին –Աշտարակ ճանապարհի Շահումյան գյուղի տարածքում: Համայնքապետարանները կողմ են օրենքի կիրառմանը, բայց դժվարությունների առջև են կանգնում: Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյան.

«Եթե համայնքապետարանից ներկայացուցիչ լինի բացօթյա վաճառքի կետում և միայնակ կասեցնի  առևտուրը, ապա չի բացառվում ծեծկռտուքը: Ահազանգից հետո եթե աշխատանքային խումբը երեք օր հետո գա, այլևս չեն կարողանա կանխել մսամթերքի վաճառքը»:

Ոստիկանությունը նույնականացնում է առանց սպանդանոցային մորթի մսի վաճառք կատարողին,  ՍԱՏՄ տեսուչը կազմում արձանագրություն և ենթարկում վարչական պատասխանատվության: Ապօրինի վաճառվող մսեղիքն առգրավվում ու ոչնչացվում է։

«Մենք հանձնարարական ենք տալիս ոչնչացնելու: Դա  կախված  է մսեղիքի խմբաքանակի ծավալից, փորձաքննության արդյունքից, թե ինչ վտանգավոր մանրէներ են հայտնաբերվել: Եթե քանակը մեծ է, ստեղծվում է միջգերատեսչական հանձնաժողով, որը որոշում է ոչնչացման եղանակը: Կարող է թաղվել  ախտահանիչ նյութերով մշակվելուց հետո, կարող է վառվել: Իսկ եթե մանրէներ չեն հայտնաբերվում, կարող են ուղարկել օգտահանման՝ կենդանիների համար կեր պատրաստելու»:

Մսամթերքի վաճառքի կետերը պետք է ապահովեն  սանիտարահիգիենիկ անհրաժեշտ  պայմաններն ու ընդունեն բացառապես սպանդանոցային մորթի մսամթերք:  Հակասանիտարական պայմաններում ապօրինի անասնամորթ է իրականացվել նաև Արմավիրի անասնաշուկայում, որի վերաբերյալ, սակայն, ՍԱՏՄ մարզային կենտրոնն ահազանգ չի ստացել:

Back to top button