Ժամանակի վկան

Սփյուռքահայ վաստակաշատ հայագետ և մանկավարժ Հակոբ Չոլաքյանի կենսամատենագիտությունը․ «Ժամանակի վկան»

Շարունակում ենք սփյուռքահայ անվանի մտավորական, բազմավաստակ հայագետ և մանկավարժ Հակոբ Չոլաքյանի կենսամատենագիտության ներկայացումը։ Հաղորդումը նվիրված է Հակոբ Չոլաքյանի ծննդյան 75-ամյակին։

Հակոբ Չոլաքյանի գիտական, մանկավարժական, գրական հարուստ ժառանգության մասին առաջին հաղորդումը կարող եք լսել Հանրային ռադիոյի համացանցային պաշտոնական կայքէջի «Ժամանակի վկան» հաղորդաշարի հարթակում։

Որտեղ երկու հայ են հանդիպում եկեղեցի ու դպրոց են հիմնում։ Այդպես էլ սիրիահայ գաղութը ձևավորվեց ու կայացավ․ հիմնված եկեղեցիների և 240 դպրոցների շուրջը հավաքվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ հայրենազրկված հազարավոր հայերին, որոնք անապատներով մազապուրծ հասան հեռավոր Սիրիա, Լիբանան, Քուվեյթ, Իրաք և այլուր։

Հայագետ Հակոբ Չոլաքյանն իհարկե չէր կարող անտեսել և չանդրադառնալ սիրիահայ կրթական հաստատություններին, որոնք հային հայ են պահում մինչև օրս։ Նա ջանասիրությամբ մեկտեղեց և ի մի բերեց եղած փաստական նյութը՝ հրատարակելով հատորներ սիրահայ գաղութի պատմության, կրթական կյանքի և մշակույթի մասին։

Հակոբ Չոլաքյանի գիտական ժառանգության գրեթե կեսը, ավելի քան 30 գիրք, սիրիահայությանը վերաբերող պատմա-ազգագրական և բանասիրական հիմնարար ուսումնասիրություններ են։

Նշանավոր է քեսապցիների «Դիլանի» կոչվող յոթմասանի պարը, որի կատարման ձևն այժմ արդեն կրել է որոշ փոփոխություններ։ «Կորսվածներու տեղ պետք է նորածիններն իրար հաջորդեին»․ հետևելով այս իմաստասիրությանը՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ժառանգները շարունակեցին ապրել ու կյանքով հաղթեցին մահին։

Հակոբ Չոլաքյանի վաստակն անգնահատելի է նաև իր հավաքած ահռելի ազգագրական նյութը վերապրեցնելու, հանրահռչակելու, տարբեր լսարանների համար ճանաչելի դարձնելու գործում։
Հետաքրքրվեցի նաև, թե այսօր ի՞նչ գրքերի վրա է աշխատում տիար Չոլաքյանը։

2010 թ․՝ բարձր գնահատելով սփյուռքահայ բազմավաստակ մտավորականի գիտական և մանկավարժական գործունեությունը, Հակոբ Չոլաքյանը պարգևատրվեց ՀՀ վարչապետի Պատվո հուշամեդալով, իսկ 2011 թ․՝ ՀՀ նախագահի «Մովսես Խորենացի» մեդալով։

2022 թվականի գարնանը իր կյանքի ամենամեծ պարգևն ու պատիվը ուսուցիչ լինելը համարող վաստակաշատ հայագետը հայտարարություն արեց համալսարանական դասախոսական գործունեությունը դադարեցնելու մասին։ Սակայն այժմ էլ նա շարունակում է գիտական գործունեությունը և վերապատրաստման աշխատանքները սփյուռքահայ գաղթօջախների ուսուցչական խմբերի հետ։

Նոր շունչ և կյանք տալ մեր ազգային ավանդույթներին, մեր մշակույթին, քարոզել ժամանակակից ձևերով և եղանակներով, հանրահռչակել ամենուր և մանավանդ սնել այդ արժեքներով մեր մանուկներին․ միայն այդպես մենք որպես ազգ, որպես էթնիկ միավոր կպահպանենք մեր առանձնահատկությունները և ինքնությունը։

Back to top button