Երաժշտական եռանկյունի

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն և ոչ միայն․ «Երաժշտական եռանկյունի»

Հայաստանը հարուստ է երաժշտական փառատոներով՝ մարզայիններից մինչև միջազգային, բայց «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը առաջիններից է՝ գործունեության 23 տարվա պատմություն ունի, և իմ զրույցն այդ փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանի հետ ծավալվեց փառատոնի մեկնարկի, գաղափարախոսության և չափանիշների շուրջ:

«Ի սկզբանե կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի հետ մենք դրել էինք շատ բարձր կատարողական նշաձող: Չնայած փառատոնը նոր էր մեկնարկում, անհայտ էր միջազգային ասպարեզում, բայց մենք հավատում էինք, որ կկարողանանք կայացնել ամենախիստ գեղարվեստական չափանիշներին համապատասխանող և մշակութային դաշտում երկրի պատիվը բարձր պահող մի փառատոն: Հիմա երբ հայացքս հետ եմ հառում և վերհիշում իմ՝ 24-ամյա աղջնակի համառությունն ու նվիրվածությունը, ինքս եմ ապշում»,- ասում է Սոնա Հովհաննիսյանը:

Հենց փառատոնի առաջին տարիների ընթացքում ի շնորհիվ միջազգային լայն ճանաչում ունեցող միջազգային արտիստների և կոլեկտիվների, փառատոնը ճանաչվեց նաև եվրոպական փառատոնային կազմակերպությունների կողմից, անդամակցեց այդ կազմակերպություններին, և դարձավ միջազգային 10 խոշոր փառատոներից մեկը:

Ցանկացած փառատոնի կազմակերպչական գործունեություն շարունակական է և պահանջում է մշտական աշխատանք՝ կապեր հաստատելու, մշակութային կամուրջներ ստեղծելու և գործնական աջակցություն ստանալու հետևողականություն:

Փառատոնի առաջին տարիներին այդ գործառույթների ամբողջ ծավալն իր վրա էր վերցրել Սոնա Հովհաննիսյանը, մինչև որ կայացավ և հղկվեց թիմակիցների այն կորիզը, որի շնորհիվ փառատոնը ձեռք բերեց բարձր համբավ Հայաստանում և աշխարհում: Համերգները կազմակերպվել էին ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս՝ աշխարհի լավագույն դահլիճներում, լավագույն կատարողների մասնակցությամբ, ինչով բևեռել էին երաժշտական միջազգային հանրույթի ուշադրությունն իրենց վրա և ընդունվել մասնագիտական շրջանակներում:

Լավագույնը ներկայացնելու գաղափարախոսությունը հայաստանյան հանդիսատեսին, դասական արվեստին հաղորդակցվելու հնարավորությունը և միջազգային ասպարեզներում ներկայանալի լինելը այսօր իր պտուղներն է տալիս՝ «Երևանյան հեռանկարների» շնորհիվ Հայաստանն ընկալվում է բարձր երաժշտական մշակույթ ունեցող երկիր:

Ժամանակի ընթացքում փառատոնն ընդլայնեց նաև ժանրային սահմանները՝ ներկայացնելով ոչ միայն դասական կատարողական արվեստի լավագույններին, այլ նաև այլ ժանրերի երաժիշտներին: Աշխարհի լավագույն սիմֆոնիկ, կամերային նվագախմբերի, լարային քառյակների և մենակատարների կողքին Հայաստանը հյուրընկալում էր նաև համաշխարհային համբավ ունեցող ժազային և ռոք երաժիշտներին:

Ինչպես նշում է Սոնա Հովհաննիսյանը, հատկապես հետքովիդյան շրջանում նա զգաց անհրաժեշտություն ստեղծելու և անցկացնելու Հայաստանում լայնածավալ, բացօթյա միջոցառումներ, ինչը շատ ընդունված ձևաչափ է աշխարհում, ունի ոչ միայն երաժշտական, այլ նաև ճանաչողական և բիզնես բաղադրիչ, քանի որ նման միջոցառումները նաև խթանում են տուրիստական հոսքերի գոյացումը դեպի Հայաստան:

Այդպես ծնվեց «Հայա ֆեստ» միջազգային փառատոնի գաղափարը, որի նախագահը Սոնա Հովհաննիսյանն է, և որի մի քանի համերգներն անցան Հրազդան ստադիոնում, ինչն իր հերթին բացեց մեծ հեռանկարներ փառատոնի համար: Հետագայում այն անցկացվելու է Հայաստանի մարզային տեսարժան վայրերում, կամ բնության գրկում և նախատեսելու է հարյուրհազարավոր հանդիսատեսի ներկայություն:

Հաղորդման ընթացքում հնչում են «Երևանյան հեռանկարներ» և «Հայա ֆեստ» փառատոների մասնակիցների կատարումները:

Back to top button