Վերնատուն

Կանայք՝ հաղթահարած դժվարությունների ու վերագտած երջանկության մասին․ «Վերնատուն»

«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում կբացվի «Կանանց պայքարը․ հետահայաց նամակներ» խորագրով լուսանկարների ու նամակ-հոդվածների ցուցադրությունը։ Ցուցահանդեսի համադրող, լուսանկարիչ, լրագրող Անի Գևորգյանը խոսում է ցուցադրության կարևոր շեշտադրումների և ուղերձի մասին։

Նախագծում ներկայացված լուսանկարների ու նամակ-հոդվածների հերոսները կյանքի դժվարություններ, կորուստներ ու փորձություններ հաղթահարած կանայք են, որոնք ոչ միայն կիսվում են իրենց փորձառությամբ, այլ, ինչպես Անի Գևորգյանն է ասում, «խորհուրդներ են տալիս՝ պոզիտիվ ուղերձ հղելով դեպի ապագա»։

«Այս նախագիծը ոչ թե զուտ դոկումենտալ փաստերի արձանագրում է, այլ իրական պատմություններին հետաքրքիր և գեղարվեստական նրբերանգներ հաղորդելու փորձ»,–ասում է Անին։

Ներգրավված կանանց «մեծ և բազմամազան աստղաբույլը» խոսում է վերագտած երջանկության ու հաղթահարած դժվարությունների մասին՝ օգնելով և ձեռք մեկնելով իրենց պես այլ կանանց։

«Այս պատմությունները ցույց են տալիս, որ անհնարին ոչինչ չկա, որ մարդկային ուժերը հզոր են ու ստեղծագործ, որ նույնիսկ ամենածանր իրավիճակում միշտ կարելի է ելք գտնել», – ասում է Անի Գևորգյանը։

Back to top button