Երաժշտական եռանկյունի

Արմինե Հայրապետյան՝ երգահան-կատարող, և ոչ միայն․ «Երաժշտական եռանկյունի»

Հեղինակային երգի ժանրը տասնամյակների պատմություն ունեցող երևույթ է հայկական երաժշտական իրականության մեջ։

Այն հարուստ է ամենատարբեր երաժշտական լուծումներով, բանաստեղծական դրսևորումներով և իհարկե՝ անուններով, որոնց մեջ գերակշռողը տղամարդիկ են։

Զարմանալի է, բայց կանանց ներկայությունը այստեղ առատ չէ, և հենց այդ պատճառով էլ այդքան կարևորում ենք յուրաքանչյուր կին ստեղծագործողի արվեստը։

Արմինե Հայրապետյանը այդ երգահանների շարքում է, վաղուց հաստատել է իր ուրույն տեղը և տասնամյակների ընթացքում վաստակել է իր հանդիսատեսի սերն ու համակրանքը։

«Ինձ համար երգը իմ էության, ներաշխարհի, հույզերի, հուզումների և համոզումների դրսևորման միջոց է և վերջ ի վերջո ստեղծագործական ինքնադրսևորման տիրույթ, ուր ես լիովին ազատ եմ և կարող եմ ինձ թույլ տալ անկեղծության այնպիսի չափ, որ հաճախ առօրյա կյանքում չեմ թույլ տա երբեք»,-ասում է Արմինեն։

Նրա երգին հատուկ է լիրիզմը, հուզականությունն ու կուռ բանաստեղծական կառուցվածքը։ Նրան հետաքրքիր են կին-տղամարդ հարաբերությունների երանգները, մարդ էակը տիեզերքի մեջ, իր մենությունն ու ներդաշնակումը բնության հետ, հայ լինելու առեղծվածը։

Զարմանալի է, որ Արմինեն հասել է մեծ ճանաչման նաև գիտության ոլորտում, նա հնագետ-եգիպտաբան է, Եգիպտոսում բազմաթիվ պեղումների մասնակից, ունի նաև գտածոներ և հայտնագործություններ։

Իբրև իրական հայրենասեր և հայրենիքի զինվոր նույնպես իր դրսևորումն ունի՝ ՀՀ փրկարարական ծառայության փոխգնդապետ է, ինչպես նաև մանկավարժական մեծ փորձ ունեցող համալսարանի դասախոս։

Ի դեպ, վերջերս Արմինե Հայրապետյանը ստանձնել է Ճգնաժամային կառավարման Պետ.ակադեմիայի պրոռեկտորի ժամանակավոր պաշտոնը։

Այսօր երգահան-կատարողը հայաստանյան հեղինակային երգի շարժման ամենաակտիվ մասնակիցներից և հանրահռչակողներից է, հանդես է գալիս մենահամերգներով, ձայնագրում է ալբոմներ և մասնակցում բազմաթիվ բարեգործական համերգների՝ օրինակ ծառայելով և օգնելով երիտասարդ երգահաններին հաստատվել բեմում։ Հաղորդման ընթացքում հնչում են Արմինե Հայրապետյանի երգերը նրա նոր ալբոմից։

Back to top button