Երկրորդ շնչառություն

Տարեցների զբաղվածությունը` կյանքի որակի վրա ազդող կարևոր գործոն․ «Երկրորդ շնչառություն»

Տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտում պետությունը խրախուսում է 65 և ավելի տարեկան անձանց զբաղվածության ապահովումը։ «Տարեցների աշխատանքային կյանքը հնարավորինս երկարեցնելը, աշխատաշուկայում նրանց մրցունակ դարձնելը նրանց կյանքի որակի վրա ազդող կարևոր գործոններ են»,- ասում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների վարչության՝ Տարեցների հիմնահարցերի բաժնի փորձագետ Անահիտ Գևորգյանը։

Նրա խոսքերով, այս հարցում մեր երկիրն առաջնորդվում է ծերացման խնդիրների վերաբերյալ Մադրիդի միջազգային գործողությունների պլանի ռեգիոնալ ռազմավարությամբ, որի առանցքային տասը կետերից մեկը վերաբերում է տարիքային խտրականության բացառմանը։ «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության շահերի պաշտպան Գոհար Խաչատրյանը նշել է, որ սոցիալական ձեռներեցության ծրագրի շրջանակում իրականացվում են նախաձեռնություններ, որոնցում ընդգրկվում են նաև տարեցները։

«Եվրամիություն ՔՈՎԻԴ-19 համերաշխության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հետ համատեղ պատրաստված ֆիլմում տարեցները ներկայացնում են իրենց աշխատանքային փորձառությունը, թե ինչ են զգում աշխատելիս, ինչ փոփոխություններ է բերում նրանց կյանքում աշխատանքային հնարավորությունների իրացումը։ Բացի դրանից, ծրագրի շրջանակում նախատեսում են շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել այն խնդիրները, որոնց բախվում են տարեցներն աշխատաշուկայում։ Փորձ է արվելու գտնել օրենսդրական այն բացերը, որոնց պատճառով տարեցները դուրս են մնում աշխատաշուկայից։

«Տարեցների աշխատանքային իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին խոսելիս մենք չենք հակադրում դրան երիտասարդների զբաղվածությունը»,- ընդգծում է Գոհար Խաչատրյանը։ Անահիտ Գևորգյանն արձանագրել է, որ տարեցների զբաղվածության գործակիցը մեր երկրում այսօր գոհացուցիչ չէ․ 372 000 կենսաթոշակառուներից գրանցված աշխատող է միայն 12%-ը։ Համեմատության համար նշենք, որ զարգացած երկրներում այդ ցուցանիշը 40-50% է։ Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Արմեն Ավետիսյանը, ներկայացնելով պատկերը բուհական ոլորտում, նշել է, որ, բացի սոցիալական խնդիր լուծելուց, դասախոսների մեծ մասն իրենց կյանքն առանց այդ աշխատանքի ուղղակի չի պատկերացնում։

«Սխալ է առաջնորդվել տարիքային սկզբունքով և ասել, որ մարդու 65-ը լրացել է, նա թող չաշխատի։ Պետք է առաջնորդվել այն սկզբունքով, թե մարդն ի վիճակի է արդյոք լսարան մտնել և իր իմացածը փոխանցել մատաղ սերնդին։ Եթե այդ հնարավորությունը նա ունի, ապա միայն տարիքի հիմքով նրան գործից ազատելն անշնորքություն է, խտրականությունը մեղմ է ասված»,- համոզված է Ա․Ավետիսյանը։ Այն դեպքերում, երբ դասախոսը տարիքի բերումով չի կարող լսարան մտնել, նա դեռևս կարող է շարունակել իր գործունեությունն ամբիոնում որպես գիտնական՝ ղեկավարելով մեկ կամ մի քանի ուսանողների գիտական աշխատանքները։

«Բացի դրանից, մենք ունենք երիտասարդ դասախոսներ՝ 40-45 տարեկան, որ 90-ից էլ 90 են, որովհետև գալիս են բուհ, ամբիոնի մոտ կանգնում ու թղթից դասախոսություն են կարդում, իսկ առաջացած տարիքի որոշ դասախոսներ կարողանում են ինտերակտիվ դաս անցկացնել»,-պատկերավոր զուգահեռներ է անցկացնում Ա․Ավետիսյանը։ Ի պատասխան այն հարցին, թե ի՞նչ որակներ են դրսևորում այն տարեցները, ում կոլեգաներն ու ղեկավարությունը խնդրում են շարունակել գործունեությունն անգամ թոշակի անցնելուց հետո, տիկին Անահիտն իր օրինակով պարզաբանում է, որ տարեց աշխատակիցները նաև ինստիտուցիոնալ հիշողության կրողներ են։

«Օրինակ, ես հիշում եմ 1992 թվականից ի վեր մեր նախարարությունում այս ոլորտում մշակված ու քննարկված բոլոր իրավական ակտերը, և սա այն հիմքն է, որի վրա պետք է շարունակել կառուցել»,-եզրափակում է տիկին Գևորգյանը՝ մեջբերելով հայտնի ծերաբույժի խոսքերը՝ ծերությունը շատ խնդրահարույց է, սակայն, իմաստությունն ու փորձը ժամանակի գործոն են, և դա հենց ծերերի առավելությունն է։

Back to top button