ԿարևորՏնտեսական

Երկնիշ տնտեսական աճ ու նվազող գնողունակություն․ Հայաստանի տնտեսության պարադոքսները

Վիճակագրական կոմիտեում տնտեսական ակտիվության ցուցանիշերի հերթական երկնիշ աճն են արձանագրել՝ 14․1 տոկոս՝ հունվար սեպտեմբերին։  Տպավորիչ ցուցանիշեր արձանագրվել են մատուցված ծառայությունների, արտաքին առևտրաշրջանառության, առևտրի ոլորտներում։ Չնայած իրականացվող տարբեր ծրագրերին՝ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը նվազել է 0․7 տոկոսով։ Փորձագետներից ոմանք տնտեսական տպավորիչ աճը հիմնականում պայմանավորում են ռուս-ուկրաինական պատերազմով ու հայաստան եկած օտարերկրացիներով։

Ռուս-ուկրաինական պատերազմ ու  այս երկներից Հայաստան եկածների մեծ ներհոսք․ փորձագիտական դաշտում հիմնականում դրանով են պայմանավորում Հայաստանի տնտեսական ցուցանիշերի տպավորիչ աճը։ Ըստ վիճակագրության՝ հիմնական աճն արձանագրվել է այն ոլորտներում, որոնք ուղղակիորեն  կապված են սպասրարկման հետ։ Առևտրի շրջանառությունում 2022-ի 9 ամսում 2021-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացումը կազմել է 14.5 տոկոս: Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 27.1 տոկոսով: Երկնիշ ցուցանիշներին զուգահեռ նաև գնաճն է հատում 10 տոկոսի շեմը։  Տարեսկզբից  մինչ այժմ  ազգային արժույթն արժևորվել է  ավելի քան 20 տոկոսով։

Տնտեսագետներն ասում են, որ մի երկրում, որտեղ ներմուծումը 3 անգամ գերակշռում է արտահանմանը, տրամաբանորեն պետք է ապրանքների գները նվազեին։ Բայց Հայաստանում հակակառակն է տեղի ունենում։

Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյան. «Ունենք ազգային արժույթի՝ հայկական դրամի արժևորում, միաժամանակ գնաճ, որը մոտենում է երկնիշ գնի։Իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների 10 խմբերում ունենք 20-40 տոկոս գների թռիչք։ Սա շարունակական է»։

Դասական տնտեսագաիտական կանոններով ազգային արժույթի արժևորման ֆոնին մարդկանց գնողունակությունը պետք է ավելանա, մինչդեռ Հայաստանում եկամուտների անկումն ակնհայտ է։ Հատկապես, որ տնտեսական ակտիվությունը երկնիշ է արդեն մի քանի ամիս շարունակ։  Մինչդեռ Հայաստանում սպասվող աղքատության մակարդակի ավելացում անգամ միջազգային կազմակերպություններն են արձանագրում։ ՀԲ փորձագետներն, օրինակ՝ կանխատեսում են, որ  Հայաստանում աղքատությունը կարող է հասնել  39,6%-ի։

«Ինչը նշանակում է, որ Հայաստանի ազգաբնակչության գրեթե ամեն երկրորդ քաղաքացին աղքատ է լինելու։ Եթե սրան հավելենք այն մարդկանց թիվը, որոնք աշխատում են, բայց չեն վաստակում բավարար գումար պարենային նվազագույն զամբյուղը ձեռք բերելու համար,  ապա պարզ կդառնա, որ ունենք աշխատող աղքատներ։ Նրանց պետք է հավելել աղքատության պաշտոնական շեմին, քանի որ հիմնականում գործազուրկներն են աղքատները։ Բայց այս դեպքում նաև նրանք են, որոնք ապրում են դրսից փոխանցվող գումարների  հաշվին»։

ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Սոս Խաչիկյանն ասում է՝ այն, որ Հայաստանում աշխատավարձի ինդեքսավորում չի կատարվում, իսկ դրա փոխարեն ավելի քան 10 տոկոսով նվազել է մարդկանց գնողունակությունը, խնդիր է առաջացնելու։ Նա կարծում է, որ տնտեսական աճի միտումները կշարունակվեն և hիշեցնում է այս տարվա ինն ամիսներին դրսից Հայաստան ներհոսած գումարների ու քաղաքացիների մասին․

«Հիմնականում գալիս են բարձր եկամուտներ ունեցող, կրթական բարձր ցենզ ունեցող մարդիկ։ Նրանք ՏՏ ո;որտի ներկայացուցիչներն են հիմնականում։ Այդ հատվածն ինչ որ մի քաղաքականության հաշվին պետք է մնա Հայաստանում, որպեսզի չգնա»։

Տնտեսագետը արձանագրում է՝  եթե  դրսից եկած այցելուներն ու փոխանցած գումարները չլինեին, տնետսական ու հարկային եկամուտների աճը տպավորիչ չէր լինի։ Իսկ հարկային մուտքները նախորդ տարիների համեմատ բարձր հավելաճ են արձանագրել

«Եթե դիտարկենք հունվար-սեպտեմբեր ամիսները, նախորդ տարիների համեմատ Հայաստանում ավելացել է մոտավորապես 1 մլրդ 300 մլն դոլարի չափով ավել գումար։ Դա ամսական կտրվածքով 300 մլն դոլարից  ավել գումար է, որը մուտք է լինում տնտեսություն։ Իհարկե,  այդ ամբողջ  արտարժույթը գնաճի վրա չի ազդում, որովետև , եթե մուտք լինեն իրական հատված, տնտեսությունը կաշխուժացնեն, բայց հիմնականում  մուտք են լինում որպես սպառողական եկամուտներ, ապա  սպառողական եկամուտները նաև գնաճն են ավելացնում»։

Փորձագիտական դաշտում վստահ են, որ տնտեսական աճն այս պահին տեղի ունեցող զարգացումներով է պայմաանվորված։ Եթե ռազմավարական քայլեր չձեռնարկվեն, պատկերն ավելի վատ է լինելու։ Հատկապես կարևորում են գյուղատնտեսության ոլորտը, որտեղ, չնայած գործադրվող ջանքերին, աճ չի գրանցվում։

Back to top button