Երաժշտական եռանկյունի

Պերճ Թյուրաբյանի երգի տարերգը․ «Երաժշտական եռանկյունի»

«Ես ֆրանկոֆիլ եմ», -ասում է երգահան, թարգմանիչ, երգիչ Պերճ Թյուրաբյանը: Այդ հանգամանքը՝ ֆրանսիական արվեստով, գրականությամբ և երգով տարվելը գուցե և ճակատագրական դեր խաղաց լեզվաբան, թարգմանիչ Պերճի կյանքում: Մի կողմից մասնագիտական գրական ոլորտ, լեզվաբանություն, մի կողմից էլ մանկուց ձևավորված երաժշտական հակումները և ստեղծագործելու ձիրքը: Դեռևս 60-ականներից Պերճը մասնակից էր հեղինակային երգի շարժման ձևավորմանը՝ Ռուբեն Հախվերդյանի, Արթուր Մեսչյանի, Վահրամ Թաթիկյանի և այլոց հետ:

Ժանրի տասնամյակների զարգացման ուղիներն իր աչքի առաջ են, բայց իր նվիրումը ֆրանսիական մշակույթին տարավ նրան ուրույն, անկրկնելի ճանապարհով՝ նա սկսեց թարգմանել իր սիրած Ազնավուրի, Տրենեյի, Բրելի, Բրասենսի, Ֆերեյի և Բարբարայի երգերը ֆրանսերենից հայերեն և կատարել այդ երգերն ամենատարբեր միջավայրերում: Հետագայում տեղափոխվելով արտերկիր իր այդ հոբին դարձավ մասնագիտություն: Այսօր Պերճ Թյուրաբյանը ունի ձայնագրված 9 ալբոմ և բացի թարգմանված երգացանկից նաև ունի շարքեր՝ գրված պոլսահայ բանաստեղծների և արևմտահայ բանաստեղծների պոեզիայի հիման վրա: Այդ երգերի երաժշտության հեղինակը ինքը Պերճ Թյուրաբյանն է:

Մեր զրույցի ընթացքում մենք փորձեցինք վերլուծել Հայաստանյան հեղինակային և բանաստեղծական երգի ընթացքները՝ ընդգծելով բանաստեղծական տեքստի կարևորությունն ու նշանակությունը երգի ժանրի մեջ՝ բաժանելով տիրույթը երկու հիմնական մասի՝ բովանդակային և ժամանցային երգ:

Մեկը հաղորդում է հստակ ուղերձ, էմոցիա, մյուսը ընդամենը ժամանցի համար ֆոն է հանդիսանում և զուրկ է որևէ իմաստային, գեղարվեստական և գեղագիտական բաղադրիչից:

Իմ հարցին՝ ինչով եք զբաղվում այս պահին, երգահանը պատասխանում է, որ վերջերս առավելապես հետաքրքրված է ամերիկյան պոեզիայով և շուտով կներկայացնի հայերեն թարգմանությամբ Բոբ Դիլանի երգերի ընտրանին: Հաղորդման ընթացքում հնչում են Պերճ Թյուրաբյանի տարբեր ալբոմների ձայննագրություններ։

Back to top button