Ժամանակի վկան

Վանա լճի շրջակայքի ուշմիջնադարյան շրջանում քրիստոնյաների և մուսուլմանների միջև սոցիալ-տնտեսական հարաբերությունների մասին վկայաբանությունները․ Անի Շահինյան․ «Ժամանակի վկան»

Այս հաղորդաժամին Օքսֆորդի համալսարանից Անի Շահինյանի հետ ներկայացնելու ենք Վանա լճի շրջակայքի ուշմիջնադարյան շրջանում քրիստոնյաների և մուսուլմանների միջև սոցիալ-տնտեսական հարաբերությունների մասին վկայաբանությունների ուսումնասիրության արդյունքները։

Հավելեմ, որ նույնաբովանդակ զեկուցումով սույն թվականի սեպտեմբերի 5-6-ին երիտասարդ հետազոտողը հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի կազմակերպած միջազգային գիտաժողովում, որի խորագիրն էր՝ «Կովկասը միջազգային առևտրի և մշակութային փոխառնչությունների խաչմերուկներում»։


Անի Շահինյանի մասնակցությամբ ևս մեկ հաղորդում կարող եք գտնել Հանրային ռադիոյի համացանցային պաշտոնական կայքէջի «Ժամանակի վկան» հաղորդաշարի հարթակում։

Քննարկվող ժամանակաշրջանն ուշմիջնադարյան Հայաստանի պատմությանն է վերաբերում՝ 14-15-րդ դարերի սահմանագծին, երբ Հայաստանը ենթարկվում էր տարբեր քոչվորների՝ Լենկթեմուրի բանակների,  կարա-կոյունլու և ակ-կոյունլու ցեղերի ասպատակություններին։

 Ի՞նչ սոցիալ-տնտեսական հարաբերություններ կային քրիստոնյա և մուսուլման բնակչության միջև, ինչպե՞ս էին կարգավորվում այդ հարաբերությունները, որո՞նք էին վերադաս և որո՞նք՝ ստորադաս, ի՞նչ դիրք ունեին կանայք ուշմիջնադարյան հասարակության մեջ, այս և այլ հարցերի պատասխանները կփորձենք տալ հաղորդման շրջանակում։

Միջինասիական հայտնի զորահրամանատար Լենկթեմուրը (Կաղ Թեմուր) 14-րդ դարում արշավեց նաև Հայաստան։ 14-րդ դարի վերջին նրան հաջողվեց միավորել Միջին Ասիայի քոչվորական ցեղերին՝ ստեղծելով Սամարղանդ մայրաքաղաքով գերտերություն։ Լենկթեմուրի բանակը հաղթելով պարսկական բանակին և գրավելով Իրանի մեծ մասը, 1386 թվականին անցավ Արաքս գետը և Սյունիքով մտավ Հայաստան։ Լենկթեմուրի զորքին ուժեղ դիմադրություն ցույց տվեցին հատկապես Սասունում և Վանում։ Լենկթեմուրը շատ դաժանություններ գործեց Հայաստանում։ Նրա  հրամանով գերեվարվեցին վանեցի կանայք և երեխաները, իսկ տղամարդկանց գլորեցին ձորերը։

1402 թ. Անգորայի ճակատամարտում Լենկթեմուրը խորտակիչ պարտության մատնեց թուրքերին, իսկ սուլթան Բայազիդ Ա-ը գերի ընկավ:

Այս ջախջախիչ պարտությունից հետո օսմանյան պետությունը կորցրեց Փոքր Ասիայի արևելյան մասը, թուրքերը ձևականորեն պահպանեցին իրենց վերահսկողությունը թերակղզու կենտրոնական մասերի վրա։ 1405 թ․ Լենկթեմուրի մահից հետո տարածաշրջանը մասնատվեց տարբեր քոչվորական իշխանությունների միջև, որոնցից առանձնապես ուժեղ էին կարա-կոյունլուները և ակ-կոյունլուները։

Այս քաղաքական իրավիճակում էր Հայաստանը քննարկվող ժամանակաշրջանում։

14-15-րդ դարերի մատենագիր, մանկավարժ, բանաստեղծ, երաժիշտ, րաբունապետ Գրիգոր Խլաթեցու Հայսմավուրքը, որի վրա նա աշխատել է գրեթե կես դար, ձեռք է բերել հայ ժողովրդի պատմության սկզբնաղբյուրի արժեք։ Գրիգոր Խլաթեցին նաև հմուտ մանրանկարիչ էր։

Ինչպե՞ս էր հասարակական կյանքն այս ժամանակահատվածում, ի՞նչ սոցիալ-տնտեսական հարաբերություններ կային քրիստոնյա և մուսուլման բնակչության միջև։ Այս հարցերի պատասխանները գտնելը Անի Շահինյանի գիտական հետաքրքրությունների ծիրում է և գլխավոր նպատակներից։

Անի Շահինյանը բազմաթիվ վկայաբանություններից առանձնացրել է երկուսը՝ Թամար Մոկացու և Հիմար վանեցու վկայաբանությունները, որոնց համակողմանի ուսումնասիրությունը ստեղծում է տվյալ ժամանակաշրջանի ընդհանրական պատկերը։

«Հիմար վանեցին» վկայաբանությունը վեր է հանում 15-րդ դարի սկզբի սոցիալ-տնտեսական հարաբերություններին բնորոշ պատկերը, որը դուրս է ժամանակի դատաիրավական կարգավորումների շրջանակից։ Այն հասարակական ներքին կարգավորման յուրահատուկ օրինակ է։

Ամփոփելով հաղորդումը, հյուրս շեշտադրեց այն կարևոր պատմագիտական, աստվածաբանական և փիլիսոփայական նշանակության եզրակացությունները, որոնց հանգել է հետազոտությունն իրականացնելիս։

Back to top button