Երաժշտական եռանկյունի

Մյուզիքլի ժանրը հայկական բեմում․ «Երաժշտական եռանկյունի»

Մյուզիքլը համարվում է երաժշտական բեմարվեստի ամենատարածված ժանրերից մեկն աշխարհում։ Իր ակունքներով սկիզբ է առնում Բրոդվեյան շոուներից և տասնամյակների ընթացքում հաստատվել է որպես ուրույն ժանր օպերայի և օպերետի հետ։ Այն ենթադրում է ոչ միայն գունեղ երաժշտական լուծումներ, վառ և էմոցիոնալ դրամատուրգիա, բեմական ձևավորման և լուսային էֆեկտների լայն օգտագործում, այլ նաև՝ հատուկ վոկալ պատրաստվածություն և մարմնի պլաստիկա երգիչ դերասաններից։ Ոչ պակաս նշանակություն է տրվում նաև նվագախմբին, երգչախմբին և կորդեբալետին։

Հայաստանում այդ ժանրը սկիզբ է առել տարիներ առաջ և հաստատուն քայլերով շարժվում էր դեպի երևույթի կայացում, հատկապես Կամերային երաժշտական թատրոնի բեմում, որտեղ բեմադրվում էին համաշխարհային մեծ համբավ ունեցող և հայկական նոր ներկայացումներ։

«Կամերային երաժշտական թատրոնի փակումը, անշուշտ, երևույթի ողնաշարը կոտրեց, իհարկե դերասաններն ընդունվեցին աշխատանքի տարբեր թատրոններում, բայց հիմնական թիմը ցրվեց»,- ասում է հաղորդման մասնակից, ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը։

Ստեղծագործողը հայտնի է որպես բազմաթիվ երաժշտական ներկայացումների երաժշտության հեղինակ, դրամատիկական ներկայացումների երաժշտական ձևավորման հեղինակ, ունի տարբեր թատրոնների հետ համագործակցության հսկայական փորձառություն՝ հատկապես իր գրած մյուզիքլներով։

Այս ոլորտում հատկապես կարևորվում են մանկական երաժշտական ներկայացումները, որոնք և հիմնականում կազմում էին կամերային երաժշտական թատրոնի խաղացանկը։

«Իհարկե ժանրը չմեռավ, ունի մեծ պահանջարկ, ինչի ամենավառ ապացույցը Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի առաջարկն էր՝ բեմադրել իմ «Կոշկավոր կատուն» մյուզիքլը»։

Ներկայացումն աննկատ չանցավ հանդիսատեսի և մշակութային մամուլի համար, այն աչքի ըննկավ փայլուն մեներգիչների կատարումներով, սցենոգրաֆիայով, ռեժիսորական բեմական լուծումներով և սիրվեց ոչ միայն երեխաների, այլև մեծահասակ հանդիսատեսի կողմից։

Կոմպոզիտորի հետ զրույցի ընթացքում մենք նաև անդրադարձանք նրա աշխատանքին որպես Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկական անսամբլի ղեկավարի, ընթացիկ աշխատանքներին և հեռանկարներին։

Հաղորդման ընթացքում հնչում են Վահե Հայրապետյանի «Կոշկավոր կատուն» մյուզիքլից հատվածներ։

Back to top button